Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում մրցաշարի առաջատարներ Վարուժան Հակոբյանի եւ Յուրի Շուլմանի մրցավեճն էր: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակներով: Հանդիպման ելքը չափազանց մեծ նշանակություն ուներ մրցակիցների համար: Հաղթանակի դեպքում նրանցից յուրաքանչյուրը չեմպիոնի տիտղոսին արժանանալու լուրջ հայտ կներկայացներ: Ինչպես երեւում է, կողմերը որոշել էին ռիսկի չդիմել եւ 33-րդ քայլում հաշտություն կնքեցին: Այսպիսով, մրցաշարի ավարտից 3 տուր առաջ Վարուժան Հակոբյանն ու Յուրի Շուլմանը 4,5-ական միավորով շարունակում են գլխավորել աղյուսակը: 7-րդ տուրում Հակոբյանը սեւերով խաղալու է Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Շուլմանը սպիտակներով մրցելու է Ալեքսանդր Օնիշչուկի հետ:
Չեմպիոնի կոչման համար պայքարը գնալով ավելի է թեժանում: Առաջատարները զգում են իրենց հետապնդողների շնչառությունը: Միանգամից 6 շախմատիստներ` Ալեքսանդր Օնիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ժոել Բենջամինը, Գատա Կամսկին, Ռոբերտ Հեսը եւ Յոշուա Ֆրիդելը 4-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Կամսկի-Հես, Օնիշչուկ-Նակամուրա, Սեւիլիանո-Էլվեստ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Ֆրիդելը սեւերով պարտության մատնեց Միխայիլ Բրոկին, Բենջամինն էլ առավելության հասավ Մելիքսեթ Խաչիյանի նկատմամբ: Վերջինս հաջող մեկնարկից հետո զգալիորեն վատթարացրել է մրցաշարային վիճակը: Նրա հաշվին առայժմ 2,5 միավոր է գրանցված: 7-րդ տուրում Խաչիյանը սեւերով կխաղա ադրբեջանցի Իլդար Իբրահիմովի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ