Երեկ Երեւանում սկսվեց «Անվտանգությունը եւ համագործակցությունը կովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջը» միջազգային համաժողովը: Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ սկսված համաժողովին մասնակցում էին 25 երկրներից եւ միջազգային մի շարք կազմակերպություններից ժամանած մոտ 45 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: Համաժողովը նախագահում էր Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Համաժողովը բացվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի ընթերցմամբ:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նկատեց, որ սա Կովկասի անվտանգության եւ համագործակցության խնդիրներին նվիրված նման մեծածավալ համաժողով կազմակերպելու անդրանիկ փորձն է, եւ համոզմունք հայտնեց, որ երկօրյա քննարկումների ընթացքում հնարավոր կլինի ունենալ տարածաշրջանի ներկային, ապագային վերաբերող ընդհանուր եզրահանգումներ: Ա. Բաղդասարյանը մեկ անգամ եւս վերահաստատեց, որ Հայաստանը կողմնակից է առանց նախապայմանների, բնականոն հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ եւ վերջինս, որ այսօր ձգտում է դառնալ ԵՄ անդամ, պետք է նաեւ քաղաքական արիություն ցուցաբերի` բացելու սահմանները, բնականոն հարաբերություններ հաստատելու հարեւանների հետ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր խոսքում նշեց, որ տասնամյակներ շարունակ Կովկասը եղել Է հակասությունների, հակամարտությունների գոտի, պահպանվում են ազգամիջյան հակամարտությունները, կան բազմապիսի այլ հարցեր, որոնք դժվարացնում են տարածաշրջանի ժողովուրդների եւ ազգերի կայուն զարգացումը: Դրան ավելանում է նաեւ գլոբալ, խոշոր քաղաքական խաղացողների առավելագույն ակտիվությունը Կովկասում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության նախագահ Ռաուլ դը Լյուցենբերգերն իր հերթին նկատեց, որ ԵՄ «Արեւելյան գործընկերությունը» նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանային երկխոսության, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների եւ ԵՄ միջեւ համագործակցության համար: Իր ելույթում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովըՙ անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, իր մտահոգությունը հայտնեց Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման կապակցությամբ, նշելով, որ այդ քայլով լուրջ լարվածություն է ստեղծվում Հարավային Կովկասում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նկատեց, որ Հարավային Կովկասը յուրահատուկ տարածաշրջան է, որը կրում է անվտանգության արտաքին եւ ներքին գործոնների հակասական ազդեցությունը: Ըստ նրա` տարածաշրջանում անվտանգության միջավայրն ապակայունացնող արտաքին ազդակներ են բաժանարար գծերի ձեւավորման միտումները, էներգետիկ ռեսուրսների, տնտեսական, հաղորդակցության եւ այլ ուղիների աններդաշնակ եւ շրջանցիկ շահագործման հեռանկարները: Համաժողովի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը նկատեց, որ անհրաժեշտություն չկա փոխելու Ղարաբաղի բանակցային գործընթացի ձեւաչափը, իսկ պատասխանելով այն հարցին, թե նախապայմանների լեզվով Թուրքիայի խոսելը չի՞ խոչընդոտում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, Գ. Լենմարկերը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի կարգավորման երկու գործընթացները միմյանց աջակցող են: Համաժողովն այսօր կշարունակի աշխատանքները:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ