«Թուրքիայի վարչապետ Էրդողանի Բաքվում ունեցած ելույթին, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հարցը, հայաստանյան իշխանությունները պատասխանեցին, սակայն անդրադարձ չեղավ բուն խնդրին», երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Ոչ նախագահը, ոչ արտգործնախարարը չհայտարարեցին` Հայաստանը կշարունակի՞ բանակցությունները Թուրքիայի հետ, թե՞ ոչ: Ասել, որ Թուրքիայի միջամտությունն արցախյան խնդրին կարող է տապալել բանակցությունները, հաճելի կլինի, թերեւս, Ադրբեջանի համար», նկատում է Կիրո Մանոյանը:
«Այս պարագայում Հայաստանը Թուրքիային մեկընդմիշտ պետք է ասի, որ նման խաղեր այլեւս հանդուրժելի չեն, եւ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները: Հասկանում եմ, թե ինչու Հայաստանը չի ուզենա դադարեցնել բանակցությունները, որովհետեւ, ինչպես նախագահն ասում էր իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, եթե նույնիսկ չհաջողվեն բանակցությունները Թուրքիայի հետ, առնվազն աշխարհը կիմանա, որ մենք լավ տրամադրված էինք` Թուրքիան էր պատճառը: Իսկ եթե մենք ասենք, որ չենք բանակցում, փաստորեն կստացվի, որ մենք ենք բանակցությունները տապալողը: Բայց սա սկզբից պետք է իմանայինք, որ մենք գործ ունենք Թուրքիայի նման երկրի հետ եւ թուրքական դիվանագիտությունը կարող է նաեւ այդպիսի իրավիճակներ ստեղծել, դրա համար էլ ընդունելի եւ հասկանալի չէ Թուրքիայի դիվանագիտության հետ ինչ-որ խաղ անելը: Օր օրի մենք տեսնում ենք, որ այդ բանակցությունները ոչ մի առաջխաղացում չեն ունենում: Ունենք ժամանակի եւ քաղաքական այլ դիվիդենտների կորուստ», ընդգծեց դաշնակցականը:
Կիրո Մանոյանի խոսքերով` անհավանական չէ, որ ընթացիկ տարում ստորագրվի Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնագիրը: Սակայն դա, ըստ Կիրո Մանոյանի, չի բխում Ղարաբաղի եւ Հայաստանի շահից:
«Հասկանալի է, որ նման համաձայնագիրը ստորագրվելուց հետո անմիջապես չի կիրառվելու, ընդամենը սկզբունքների համաձայնություն է, հետո պետք է վերածվի իրավական փաստաթղթի, դա կարող է մի քանի տարի տեւել: Բայց էլի, եթե նույնիսկ անմիջապես չի կիրառվելու, չի նշանակում, թե անվնաս չէ: Կարող է մեծ վնաս պատճառել, մանավանդ եթե այդտեղ խոսվի ընդհանուր բաների մասին, տարածքների մասին սկսի խոսվել, խորհրդային շրջանի վարչական տարածքների, ոչ թե այսօր իրական գոյություն ունեցող սահմանագծի մասին: Դա ինչ-որ տեղ մեր կողմից, թեկուզ գործնականորեն ոչինչ չենք տվել, բայց փաստորեն քաղաքականորեն ինչ-որ բան հանձնել ենք», ասում է Կիրո Մանոյանը:
Նա նկատում է, որ թեեւ հայտարարության մակարդակով, բայց Հայաստանն արդեն խոսել է զիջումների, տարածք տալու պատրաստակամության մասին, սակայն դրա դիմաց նույնիսկ հայտարարության մակարդակով Ադրբեջանից չի ստացել ոչինչ:
Կիրո Մանոյանն ասում է, որ այդ վտանգավոր զարգացման դեմն առնելուց զատ կա երկրի կայունությունը պահպանելու խնդիր:
Դրա հետ մեկտեղ, ըստ Մանոյանի, Արցախի հարցում իշխանության այդ կեցվածքը պայմանավորված է ներքին կյանքում ունեցած խնդիրները փոխհատուցելու մտահոգությամբ եւ կապ չունի Արցախի հետ: Ըստ բանախոսի` իրենք միշտ են ասել, որ արտաքին հարցերում ամուր լինելու համար պետք է կարգավորել ներքին խնդիրները:
Լրագրողների հարցին, թե օրինակ, ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը մտահոգվի` իր քաղաքականությունը թե՛ հայ-թուրքական, թե՛ Ղարաբաղի հարցերում շարունակելու կապակցությամբ, եթե չկա որեւէ լուրջ դժգոհություն, օրենք խախտելու որեւէ մեղադրանք, հասարակական որեւէ բողոք, Մանոյանը նշեց. «Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ Թուրքիայի հետ բանակցություններ վարել նախապայմաններ բավարարելով` սա արդեն պետության ազգային անվտանգության ռազմավարության խախտում է, ուրեմն օրենքի հարց չէ սա, ազգային շահերի պաշտպանության խնդիր է»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի խոստովանում, որ կան նախապայմաններ: Արդյոք չի՞ հասկանում, որ կան նախապայմաններ, թե՞ վախենում է խոստովանել:
«Ես չէի ուզենա իրենց արածը կամ չարածը մեկնաբանել, բայց մի բան հայտնի է, որ Թուրքիայի երեք նախապայմաններն էլ այս բանակցություններում այսպես կամ այնպես բավարարված են: Այսինքն, Ղարաբաղի հարցը, Թուրքիայից պահանջներ ունենալ-չունենալու հարցը, ցեղասպանության ճանաչման հարցը, տեսանք, թե ապրիլի 22-23-ին մենք ինչպես մասնակցեցինք այդ խաղին: Եվ եթե ոչ ուղղակիորեն, բայց առնվազն անուղղակիորեն Թուրքիայի նախապայմանները ինչ-որ չափով բավարարվել են», ասում է Կիրո Մանոյանը:
Կիրո Մանոյանը նաեւ համաձայնեց, որ ռուս-թուրքական մերձեցումը վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար, ինչը պատմական նախադեպ ունի: ՀՅԴ ներկայացուցչի խոսքով, պետք է դրանից զգուշանալ եւ ռուսներին զգուշացնել, որ իրենք էլ ունեն դաշնակցային պարտավորություն Հայաստանի հանդեպ:
Պետք չէ խնդիրը հասցնել այնտեղ, որ ազդի Հայաստան-սփյուռք հարաբերության վրա: Ըստ Կիրո Մանոյանի, պետք է նկատի ունենալ, որ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում բոլորը չէ, որ միակարծիք են հայ-թուրքական հարաբերության առումով վարվող պետական քաղաքականության հանդեպ:
Ն. Մ.