Իսկ ֆիլիպինցին հնարավոր է, որ այս տարի հրաժեշտ տա ռինգին
Թեթեւագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը սկսում է նախապատրաստությունը Ժոզեֆ Ագբեկոյի հետ հուլիսի 11-ին կայանալիք մենամարտին: Այդ մրցավեճում կվիճարկվի IBF-ի վարկածով թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եթե 33-ամյա Վախթանգին հաջողվի հաղթել գանացի բռնցքամարտիկին, ապա Ջեֆ Ֆենեկից հետո կդառնա Ավստրալիան ներկայացնող 2-րդ մարզիկը, որը քաշային երեք կարգերում կնվաճի ուժեղագույնի տիտղոսը: Դարչինյանը մտադիր է հունիսին մեկնել Ֆլորիդա եւ տեղում նախապատրաստվել այդ հանդիպմանը:
Իր մրցակցի մասին Դարչինյանը հետեւյալ կարծիքն է արտահայտել. «Ագբեկոն վատ բռնցքամարտիկ չէ, բոլորն էլ ասում են, որ նա տիրապետում է լավ հարվածների: Բոլորը կտեսնեն, որ ես ավելի ուժեղ ու արագաշարժ եմ: Կապացուցեմ բոլորին, որ իմ համար քաշային նոր կարգում հարվածներս ավելի ուժգին կլինեն»:
Թեեւ ներկայում Դարչինյանն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Ագբեկոյի հետ մենամարտի նախապատրաստությանը, սակայն ավստրալական Brisbane Times թերթին տված հարցազրույցում նշել է, որ երազում է մենամարտել ֆիլիպինցի հանրահայտ բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի հետ: Ճիշտ է, երկու բռնցքամարտիկները հանդես են գալիս քաշային տարբեր կարգերում: Սակայն Դարչինյանի կարծիքով Մենի Պակյաոն ցանկության դեպքում կարող է 2-3 քաշային կարգ իջնել եւ հանդիպել իր հետ:
«Երազում եմ Մենի Պակյաոյի հետ մենամարտել: Չէի ասի, թե նրան նոկաուտի կենթարկեմ: Ցանկանում եմ մենամարտել նրա հետ եւ ապացուցել, որ Պակյաոյի համար բավական ուժեղ մրցակից եմ: Մինչեւ նրա հետ մենամարտելը, ինձ անհրաժեշտ կլինի հաղթել մի քանի բռնցքամարտիկների, որպեսզի ապացուցեմ, որ պատրաստ եմ Պակյաոյի հետ մրցավեճին: Չեմ կարծում, թե կարող եմ առաջին կիսամիջին քաշայինին համապատասխան քաշ ունենալ, սակայն հնարավոր է հասնել առաջին թեթեւ քաշին եւ նրան մարտահրավեր նետել: Նրա մարտաոճը ինձ հոգեհարազատ է», հայտարարել է Դարչինյանը:
Ֆիլիպինցի Մենի Պակյաոն 30 տարեկան է: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 54 մենամարտերից 49-ում նա հաղթել է (37-ը` տեխնիկական նոկաուտով), 2-ն ավարտել է ոչ-ոքի, 3-ում պարտվել է: Ի դեպ, օրերս «Ռինգ» ամսագիրը Մենի Պակյաոյին ճանաչել է ընթացիկ տասնամյակի (2000-2010) աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկ: Երկրորդն այդ ցանկում Ֆլոյդ Մեյվեզերն է: Այսպիսով, Մենի Պակյաոն ընդգրկվեց տարբեր տասնամյակների ուժեղագույն բռնցքամարտիկների ցանկում, որում նշված են Սեմ Լենգֆորդը (1910-ականներ), Բենի Լեոնարդը (1920-ականներ), Հենրի Արմսթրոնգը (1930-ականներ), Ռեյ Ռոբինսոնը (1940-1950-ականներ), Մուհամմեդ Ալին (1960-ականներ), Ռոբերտո Դյուրանը (1970-ականներ), Ռեյ Լեոնարդը (1980-ականներ) եւ Ռոյ Ջոնսը (1990-ականներ):
Վերջերս Մենի Պակյաոն հայտարարել է, որ մտադիր է այս տարի ավարտել ելույթները ու զբաղվել քաղաքականությամբ: Այնպես որ հոկտեմբերին նշանակված մենամարտը հնարավոր է վերջինը լինի ֆիլիպինցու մարզական կարիերայում: Պակյաոն նշել է, որ իր մայրը ցանկանում էր, որպեսզի Ռիկի Հատոնին հաղթելուց հետո թողներ ռինգը, սակայն իրեն հաջողվել է համոզել մորը, որ եւս մեկ մենամարտ պետք է անցկացնի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ