Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 7-րդ տուրն անհաջող էր մրցաշարի առաջատարներ Վարուժան Հակոբյանի եւ Յուրի Շուլմանի համար, որոնք պարտություններ կրեցին: Հակոբյանը սեւերով զիջեց ճապոնացի Հիկարու Նակամուրային, իսկ Շուլմանը սպիտակներով պարտվեց Ալեքսանդր Օնիշչուկին: Այդ անհաջողությունը նրանց զրկեց առաջատարի դիրքից: Աղյուսակը 5-ական միավորով գլխավորեցին Գատա Կամսկին, Ալեքսանդր Օնիշչուկը, Հիկարու Նակամուրան եւ Ռոբերտ Հեսը: Հակոբյանն ու Շուլմանը նրանց զիջում են կես միավորով:
Տուրն անհաջող էր նաեւ Մելիքսեթ Խաչիյանի համար, որը սեւերով պարտվեց ադրբեջանցի Իլդար Իբրահիմովին: Խաչիյանն ունի 2,5 միավոր:
7-րդ տուրում հաղթանակ տոնեց մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցող Գատա Կամսկին, որը պարտության մատնեց Ժոել Բենջամինին: Ռոբերտ Հեսն էլ սեւերով առավելության հասավ Յոշուա Ֆրիդելի նկատմամբ: Վերջինս Յան Էլվեստի, Ժոել Բենջամինի, Միխայել Բրոկսի եւ Էնրիկո Սեւիլիանոյի հետ վաստակել է 4 միավոր:
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր, որոնց արդյունքներով էլ կորոշվի ԱՄՆ-ի չեմպիոնը: 8-րդ տուրում Վարուժան Հակոբյանը սպիտակներով կմրցի Ժոել Բենջամինի հետ: Մեծ հետաքրքրությամբ է սպասվում Գատա Կամսկու եւ Ալեքսանդր Օնիշչուկի մրցավեճը: Յուրի Շուլմանը կխաղա Ռոբերտ Հեսի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ