«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2009-05-14 | #88, 2009-05-15 | #89, 2009-05-16


ՇՈՒՇԻՈՒՄ ԵԶՐԱՓԱԿՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Շուշիում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնած շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 18 թիմեր Հայաստանի բոլոր մարզերից, Ղարաբաղից եւ Ջավախքից:

Եզրափակչի բոլոր մասնակիցներին շնորհավորեց եւ իր ողջույնի խոսքն ուղղեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի փոխտնօրեն Վրեժ Օրդյանը, ԼՂՀ սպորտկոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը եւ ԼՂՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Արպատ Ավանեսյանը:

Առաջին երեք տեղերը զբաղեցրին երեւանյան երեք թիմեր. թիվ 147 դպրոցի թիմ (3-րդ մրցանակ), թիվ 55 դպրոցի թիմ (2-րդ մրցանակ), եւ թիվ 171 դպրոցի թիմ (1-րդ մրցանակ): Հաղթող թիմում ընդգրկված էին Տիգրան Իսկանդարյանը, Մաքսիմ Գեւորգյանը, Մագելան Մխիթարյանն ու Լիանա Ավոյանը:

Հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլն անցկացնելով Շուշիում, կազմակերպիչները հատկապես նպատակ էին հետապնդում նպաստել տեղում սպորտի ու մանավանդ շախմատի հանդեպ դպրոցականների հետաքրքրքության աճին: Եզրափակչի մասնակիցներն առիթ ունեցան շրջելու Արցախում ու այցելելու տեսարժան վայրերը:

ՀԲԸՄ-ի հովանավորության շնորհիվ Հայաստանի 10 մարզերի, Երեւանի ու Արցախի բոլոր հանրակրթական դպրոցներից 700-ը օլիմպիադաներում ստացել են ՀԲԸՄ-ի կողմից տրված ավելի քան 2000 շախմատի տախտակներ: Եզրափակչի բոլոր մասնակիցներին, հաղթող թիմերին ու մարզիչներին ՀԲԸՄ-ն պարգեւատրեց ոսկե մեդալներով, համակարգիչներով, ինչպես նաեւ մարզական համազգեստներով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4