«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2009-05-15 | #89, 2009-05-16 | #90, 2009-05-19


ԱՅՐ ՄԻ, ՈՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ ԴԱՋՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Շառլ Ազնավուրի այցը Ղարաբաղ կարելի է համեմատել համաժողովրդական տոնի հետ: Համենայն դեպս, կիրակի օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազար ստեփանակերտցիների անափ խանդավառությունը մեծ շանսոնյեին դիմավորելիս իսկական տոնականության էր վերածվել:

Աշխարհահռչակ երգչի այցը արժանահիշատակ է ոչ միայն նրանով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է այցելել համաշխարհային մշակույթի գերաստղերից մեկը: Ղարաբաղում մեծ կարեւորություն են տալիս նաեւ այն հանգամանքին, որ մեծանուն այրերի այցելություններն Արցախ ավելի ճանաչելի են դարձնում չճանաչված երկիրը:

Նախքան Ազնավուրի ներկայանալը, հրապարակում ծովացած բազմահազար երկրպագուները նմանատիպ դատողություններ էին անում: Մեր կողքին կանգնած միջին տարիքի մի տղամարդ, օրինակ, իր շուրջը համախմբվածներին ոգեւորված համոզում էր, որ շանսոնյեի այցը ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքական նշանակություն ունի: «Թող աշխարհն իմանա, որ Շառլ Ազնավուրի համար Ղարաբաղը հայկական երկիր է, եւ այստեղ գալը նման է ուխտագնացության»: Զարմանալի զուգադիպությամբ, ժամեր անց մեծանուն երգիչը լինելով Գանձասարում, մոտավորապես նույն բանն է ասել, մասնավորապես շեշտելով, որ որտեղ վանք ու եկեղեցի կա, այնտեղ իր համար Հայաստան է:

Շառլ Ազնավուրի համար հուզումնալից պահեր իրոք շատ կային: Թե՛ Ստեփանակերտում նրա անունը կրող մշակույթի կենտրոնի բացման ժամանակ, թե՛ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ձեռամբ Արցախի բարձրագույն պարգեւը` «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանն ստանալիս Ազնավուրի հուզմունքն ակնհայտ էր: «Սա իմ առաջին այցն է Ղարաբաղ, բայց հուսով եմ` վերջինը չի լինի», հույս հայտնեց նա:

«Երբ Ձեր դեմքին նայում ենք, Ձեր աչքերի մեջ կարծես թե դաջված է ամբողջ հայոց պատմությունը»: Սրանք Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքերն են, որոնք նա արտասանել է Վերածննդի հրապարակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Սրբազանի այս բնութագրական խոսքերը ծափերի փոթորիկ առաջացրին հրապարակում:

Նույն օրը Վերածննդի հրապարակում,Շառլ Ազնավուրի աղջկա` Սեդա Ազնավուրի եւ Լիզ Սարյանի կատարմամբ տեղի է ունեցել համերգ` ազնավուրյան տոնին նոր իմաստ տալով: Ֆրանսահայ հայտնի երգչուհիների կատարումները հիացմունքի բազմաթիվ պահեր պարգեւեցին ներկաներին:

Իրականացավ արցախցիների վաղեմի երազանքը` արցախյան հողը զորեղացավ եւս մի մեծ հայի հպարտ քայլքով: Ղարաբաղում ասում են` սփյուռքից եկող ամեն մի հայ անպայման «հիվանդանում» է Արցախով, որը նրան ավելի ամուր է կապում այս ազատատենչ երկրին: Հավատանք, որ Շառլ Ազնավուրը եւս համակվել է Արցախի հանդեպ անտրոհելի սիրով` նրան կրկին Ղարաբաղ բերելու ազնիվ պարտադրանքով:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4