«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2009-05-15 | #89, 2009-05-16 | #90, 2009-05-19


ՉԵԽԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԹԽՎԱԾՔԻ «ՄԱՌԼԵՆԿԱ» ԳՈՐԾԱՐԱՆԸ

Գեւորգ Ավետիսյանի թխվածքը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Ֆրիդեկ-Միստեկ, Չեխիա

Մայիսի 15-ին չեխական Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում հանդիսավորությամբ բացվեց մեղրով տորթի արտադրությամբ Եվրոպայի ամենամեծ թխվածքի գործարանըՙ հայկական ավանդական բաղադրատոմսով «Մառլենկան»: Հայ գործարար Գեւորգ Ավետիսյանի 6 տարի առաջ սկսած թխվածքի արտադրությունն այսօր գրավել է եվրոպական 14 երկրների շուկաներ, դարձել Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի ու Լեհաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի, Ավստրիայի ու Անգլիայի եւ այլ երկրների պահանջարկ վայելող թխվածքներից մեկը:

Հանդիսավոր արարողությունը վարում էր հայտնի չեխ դերասան եւ հեռուստահաղորդավար Յան Չենսկին: «6 տարի առաջ, երբ սկսում էինք «Մառլենկայի» արտադրությունը, չէինք պատկերացնում, որ այս հանգրվանին կհասնենք: Սա այնպիսի երկար ու խրթին ճանապարհ էր, որ կարծես 60 տարի անցած լինենք: Նոր գործարանի բացումը հնարավորություն կտա ոչ միայն բարելավելու մեր արտադրանքի որակը, այլեւ քանակըՙ հասցնելով ամսական 120 հազարի», նշեց գործարանի սեփականատեր Գեւորգ Ավետիսյանը: Նրան շնորհավորելու էր եկել Ֆրիդեկ-Միստեկի քաղաքագլուխ, սենատոր Եվա Ռիխտրովան, որ ջերմորեն խոսելով հայ գործարարի կատարած հիրավի օրինակելի աշխատանքի մասին, մաղթեց, որ Ֆրիդեկ-Միստեկի անունը բարձր պահող արտադրանքը նոր շուկաներ գրավի եւ ավելի մեծ տարածում ունենա:

Բացմանը ելույթներ ունեցան եւ շնորհավորեցին Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար Աշոտ Ոսկանյանը: Դեսպան Հովակիմյանը մասնավորապես նշեց, որ հայ գործարարի կատարած գործը իսկական սխրանք է, իսկ Աշոտ Ոսկանյանը այն համարեց հայ-չեխական բարեկամությունը ամրապնդող կարեւոր ձեռնարկ:

Գործարանի բացմանն իր օրհնության խոսքն ասաց եւ հաջողություններ մաղթեց Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը:

Այնուհետեւ Գեւորգ Ավետիսյանը դստերՙ փոքրիկ Մառլենկայի հետ կտրեց գործարանի բացման կարմիր ժապավենը: Հանդիսության մշակութային բաժնում ելույթներ ունեցան չեխ հայտնի երգչուհի եւ դերասանուհի Մոնիկա Աբսոլոնովան, տաղանդավոր ջազմեն Էրբենը, տեղի պարային համույթը, որի աղջիկները հայկական տարազներով կատարեցին նաեւ հայկական ժողովրդական ու այլ ժողովուրդների պարեր: Ֆրիդեկ-Միստեկի «Պրիբոր» նորաձեւության տունը հիացրեց իր ամառային նոր տեսականու ցուցադրությամբ:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաեւ «Մառլենկայի» արտադրությանը նվիրված տեսահոլովակ, իսկ ներկաներին սուրճ մատուցեց Գեւորգ Դեոդատ դամասկոսցի հայ առեւտրականի կերպարանքով չեխ դերասան Վեչերան: Հայտնի է, որ Գեւորգ Դեոդատը 17-րդ դարում առաջինն է Չեխիայում բացել սրճարան եւ անցորդներին մատուցել սուրճ: 300 տարի անց Գեւորգ անունով մի այլ հայ Չեխիայում տարածեց ամենասիրված թխվածքներից մեկըՙ «Մառլենկան»:

Հանդիսությանը ներկա բազմաթիվ պատվավոր հյուրերին ներկայացվեց հոբելյանական «Մառլենկա» տորթը, որի բարձրությունը 85 սմ էր, իսկ չափերըՙ 2.90X2.90-ի, քաշըՙ 1106 կգ: Այս տորթի պատրաստումը տեւել էր երեք օրՙ օգտագործելով նոր հոսքագծի հնարավորությունները: Տորթի ներկայացմանը հետեւեցին Չեխիայի Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչի չափումները, որից հետո «Մառլենկա» տորթը պաշտոնապես գրանցվեց չեխական Գինեսի գրքումՙ ստանալով հավաստագիր:

Իսկ «Նովա» չեխական հեռուստաընկերությունը ոչ միայն առավոտյան հաղորդումներն սկսեց «Մառլենկայի» նոր գործարանի տարածքից երեքժամյա ուղիղ եթերով, այլեւ նկարահանեց ողջ միջոցառումըՙ առանձին հաղորդում պատրաստելու նպատակով: Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ եւ ճոխ հյուրասիրությամբ: Չեխիայում ամենահայտնի խոհարար Ռոման Հադրբոլեցը, որը Չեխիայում հոլիվուդյան շատ աստղերի, այդ թվումՙ Առնոլդ Շվարցենեգերի, Բրետ Փիթի եւ Անջելինա Ջոլիի անձնական խոհարարն էր, անձամբ էր պատրաստում եւ հյուրասիրում հայկական ուտեստները:

«Մառլենկա» գործարանի բացումն իրապես դարձավ հայ-չեխական համագործակցության փայլուն խորհրդանիշ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4