Հայաստանի ստեղծագործական ու գիտական մտավորականության խնդիրները միշտ մնում են Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ուշադրության կենտրոնում: 2007-ից համատեղ մրցույթներ են իրականացվում Հայաստանի գիտական կազմակերպությունների ու ստեղծագործական միությունների հետ:
Մայիսի 25-ին Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հայտարարած գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման արարողությունը, գլխավոր հովանավորությամբ «Տաշիր» ընկերությունների միության նախագահ Սամվել Կարապետյանի:
Շաբաթ օրը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության երեւանյան գրասենյակում տեղի ունեցավ քննարկումՙ նվիրված Հայաստանի ստեղծագործական ու մտավորականության խնդիրներին, մեր երկրի բարերարների ու գործարարների ներդրումներին` գիտության, մշակույթի, արվեստի ոլորտներում, մրցանակաբաշխություններին եւ այլն:
Քննարկմանը ներկա «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին հետաքրքրում էր, թե արդյոք Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից անցկացվող մրցանակաբաշխությունները ծառայո՞ւմ են իրենց նպատակին, թե՞ կրում են ձեւական բնույթ:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նկատեց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը միշտ էլ իր ուշադրության կենտրոնում է պահել գիտության եւ մտավորականության մշտական հոգսերը:
«Եվ թերեւս այն ծանր պահերինՙ Գիտությունների ազգային ակադեմիայի ջեռուցումից սկսած, մեր կազմակերպությունը` Արա Աբրահամյանի գլխավորությամբ, զբաղվել է դրանով», նշեց Վլադիմիր Աղայանն ու ավելացրեց, որ կոնգրեսը ձեռք է մեկնել նաեւ Հայաստանի գրողների միությանը, որտեղ հենց առաջին ներդնողներից մեկը եղել է Արա Աբրահամյանը:
«Եվ առ այսօր մեր ներդրած գումարների հաշվին ստացված շահույթը օգտագործվում է երիտասարդ գրողներին խրախուսելու, ինչպես նաեւ տարեց գրողներին օժանդակելու համար», նշում է Աղայանն ու ընդգծում, որ, իր համոզմամբ, այս մրցանակաբաշխությունը նոր երեւույթ է. «Ժամանակի ոգուն համապատասխան մոտեցում է: Մենք փորձում ենք թեմատիկ մրցանակաբաշխություն անցկացնել` նոր գրքի կամ նկարչի գործի համար, 21-րդ դարի ոգուն համապատասխան գեղարվեստական գրականության, երաժշտության, գիտության համար: Այդ մրցանակաբաշխությունները հենց սրան են ուղղված, եւ սա մեծ քայլ էր Արա Աբրահամյանի, կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից»:
Հակոբ Ավետիքյանի ներկայացմամբ` այսօր Հայաստանում ընդամենը մի քանի բարերարներ եւ գործարարներ կարելի է տեսնել, որոնք մի քանի տարի շարունակ նպաստ են բերում գիտությանն ու մշակույթին, մինչդեռ մնացյալները հեռու են մնում այդ բոլորից:
Քննարկմանը ներկա գտնվողները նպատակ են դրել իրենց առջեւ` կատարելագործելու առկա մոտեցումները, որպեսզի կարողանան հասնել նրան, որ շատերը շրջվեն դեպի գիտությունը, արվեստը:
Արա Աբրահամյանը մեծ ներդրումներ է կատարել նաեւ ԳԱԱ-ում: ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ իր հերթին նկատեց. «Կարծում եմ, որ անելիք շատ ունենք. եւ քիչ են նրանք, ովքեր մասնակցում են այս շնորհակալ գործին: Նույնիսկ պետք է ասեմ, որ մրցանակաբաշխության մասնակիցների թիվն է ավելի փոքր, քան կարելի էր սպասել: Ես գիտեմ, որ, օրինակ, գիտության ասպարեզում տարբեր ուղղություններով, տարբեր աշխատանքներ են արվել, բայց նրանք չեն մասնակցել: Ինչո՞ւ չեն մասնակցել», հարց է բարձրացնում Ռ. Մարտիրոսյանը` նկատելով, որ կազմակերպչական բացթողումներ կան:
Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Արա Աբրահամյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռալֆ Յիրիկյանին, ինչպես նաեւ Երվանդ Ազատյանին. «Եթե այսպիսի քննարկում-հավաքներն ավելի հաճախ լինեն, ապա կստեղծվի մի գաղափարական, մշակութային միավոր, որը նոր առաջարկներ կանի օրենսդրական փոփոխություններ կատարելու մասին»:
Իր տեսակետը հայտնեց նաեւ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը : Նա նկատեց, որ «վերջապես սկսվում են այն ժամանակները, երբ գիտությունը բերվում-հասցվում է մի պարիտետի, որտեղ մշակույթը առանձին չէ: Մշակույթի մեջ փող ներդնելը դառնում է ձեռնտու ներդնողի համար»:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը կարեւորեց մշակութային արժեքների հանդեպ բիզնեսի բարոյականությունը. «Կարողանանք այնպիսի հեղինակություն դարձնել այս կառույցը, որ հոգաբարձուները, անկախ մեր ցանկությունից, գործեն հեղինակության վրա»:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը կարծում է, որ եթե գործարարները ցանկանում են դեմքով շրջվել դեպի ստեղծագործական ներուժը, ապա հիմնադրամը գումարները ոչ թե մի ուղղությամբ կտանի, այլ ճիշտ կնայի քարտեզին, թե որտեղ է ավելի թեժ եւ վտանգավոր: Աստղիկ Գեւորգյանի երազանքն է ունենալ ամառային-ձմեռային դպրոց` երիտասարդ լրագրողների մասնագիտական ունակությունները բարձրացնելու, սեմինար-պարապմունքներ անցկացնելու համար:
Հրանտ Մաթեւոսյանն էլ ներկայացնում է ԳԱԱ-ի գիտության զարգացման հիմնադրամը: Նա կարծում է, որ կառավարությունը պետք է մղի մարդկանց եւ կազմակերպություններին` զբաղվելու բարեգործությամբ: Նա կարեւոր է համարում, որ հստակեցված ծրագրով հանդես գան այն գիտական կազմակերպությունները, որոնք գիտեն, որ այս կամ այն բարեգործությունն իրենց է ուղղվելու:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ