Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը: 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը «Բանանցի» եւ «Փյունիկի» մրցավեճն էր: Ընթացիկ մրցաշրջանում դա մրցակիցների 3-րդ հանդիպումն էր: Առաջնության մեկնարկային խաղում եւ գավաթի եզրափակիչում միեւնույնՙ 1-0 հաշվով հաղթել էր «Փյունիկը»: Երկու խաղերում էլ գոլերն իր օգտին էր գրանցել Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս դարձավ նաեւ այս հանդիպման գլխավոր հերոսը:
Սպասվում էր, որ ինչպես նախորդ երկու հանդիպումներում, այս անգամ էլ համառ մրցապայքար կծավալվի: Սակայն «Բանանցն» իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Վնասվածքի պատճառով խաղին չէին մասնակցում Հովհաննես Գրիգորյանը, Արսեն Բալաբեկյանն ու Սամվել Մելքոնյանը: Բացի այդ, «Բանանցը» պաշտպանությունում սխալներով էր գործում, ինչն էլ թիմի համար ճակատագրական եղավ: Առաջին 15 րոպեներին Հենրիխ Մխիթարյանը 2 անգամ օգտվելով պաշտպանների սխալից, խոցեց «Բանանցի» դարպասը: Մինչեւ ընդմիջում Էդգար Մալաքյանը 3-րդ գոլը խփեցՙ փաստորեն վճռելով հանդիպման ելքը: Թեեւ ընդմիջումից քիչ անց Արտակ Դաշյանը տուգանային հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Հենրիխ Մխիթարյանը շուտով հաշիվը դարձրեց 4-1ՙ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Դա Մխիթարյանի 2-րդ հեթ-տրիկն էր առաջնությունում: Իսկ «Փյունիկը» խոշոր հաշվով 4-րդ հաղթանակը տոնեց:
Թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:
Արմեն Գյուլբուդաղյանց («Բանանց») - Խաղը շատ անփույթ սկսեցինք, պաշտպանությունում թույլ տված երկու կոպիտ սխալի հետեւանքով խաղասկզբում մրցակիցը երկու անգամ գրավեց մեր դարպասը: Այսօր նոր դիրքերում ֆուտբոլիստներ փորձարկեցինք: Մասնավորապես, ձախ պաշտպանի գոտում հանդես եկավ Սարգիս Կարապետյանը: Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսում շատ վատ խաղացինք, ֆուտբոլիստներն անկազմակերպ էին գործում: 2-րդ խաղակեսում փորձեցինք շտկել դրությունը, նույնիսկ գոլ խփեցինք, սակայն փյունիկցիների 4-րդ գոլից հետո խաղի ելքը վճռվեց ու տղաները դադարեցրին պայքարը:
Վարդան Մինասյան («Փյունիկ») - Տղաները կատարեցին իրենց տրված առաջադրանքը: Եթե նախկինում խաղի որակը դեռեւս ինձ չէր գոհացնում, ապա այսօր ֆուտբոլիստները լավ խաղացին: Ընդմիջմանը տղաներին խնդրել էի, որ չթուլացնեն տեմպը, քանի որ «Բանանցն» այն թիմն է, որն ունակ է նման դեպքերում պատժել: Այդպես էլ եղավ: Գուցե մեր ֆուտբոլիստների մենթալիտետն այդպիսին է, որ չեն սիրում մինչեւ վերջ առաջադրանքը կատարել, ցանկանում են ազատ գործել: Ամեն դեպքում շնորհավորում եմ տղաներին լավ խաղի եւ հաղթանակի առթիվ:
«Բանանցի» անհաջողությունը հնարավորություն ընձեռեց «Միկային» ընդհուպ մոտենալ իր մրցակցին: «Միկան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Գանձասարին»: Վերջինս դեռեւս առաջին խաղակեսում երկու անգամ կարող էր Վահե Դավթյանի հարվածներից հետո գրավել մրցակցի դարպասը, սակայն չստացվեց: Ընդմիջումից հետո «Միկան» կարողացավ 2 գոլ խփել: Նախ աչքի ընկավ Արամ Ոսկանյանը, ապա գլխի հարվածով հաշիվը կրկնապատկեց Ստեփան Հակոբյանը:
Վերջապես գոլերի հաշիվը բացեց «Արարատը»: Աբովյանում «Շիրակի» հետ մրցավեճում արդեն 9-րդ րոպեին Սերգեյ Էրզրումյանը բացեց հաշիվը: Մինչեւ ընդմիջում Գեւորգ Նռանյանը գլխի հարվածով 2-րդ գոլը խփեց, սակայն շատերի համար անսպասելի մրցավար Վահան Մինասյանը գոլը չհաշվեց: Իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում մրցավարը կասկածելի 11 մ հարված նշանակեց «Արարատի» դարպասին ու Անդրանիկ Բարիկյանը իրացրեց այն: Այդ 11 մ հարվածը հարուցել էր «Արարատի» խորհրդատու մարզիչ Արկադի Անդրեասյանի դժգոհությունը, որի պատճառով մրցավարը նրան հեռացրեց տեխնիկական գոտուց, իսկ 2-րդ խաղակեսը սկսվեց 15 րոպե ուշացումով: 8 խաղում «Արարատի» դարպասին արդեն չորս 11 մ հարված է նշանակվել: 2-րդ խաղակեսում արարատցիները հոգեբանորեն «կոտրվեցին» եւ 2 գոլ բաց թողեցին: Երկու անգամ էլ աչքի ընկավ շիրակցի Անդրանիկ Բարիկյանը: Այսպիսով, «Արարատն» առաջնությունում 8-րդ անընդմեջ պարտությունը կրեց:
«Ուլիս»-«Կիլիկիա» մրցավեճի ելքը վճռեց նախկին արարատցի, ներկայումս «Ուլիսի» պաշտպան Հրայր Մկոյանի խփած միակ գնդակը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 8 | 7 | 1 | 0 | 21-3 | 22 |
2. Բանանց | 8 | 6 | 0 | 2 | 12-8 | 18 |
3. Միկա | 8 | 5 | 2 | 1 | 15-8 | 17 |
4. Ուլիս | 8 | 5 | 1 | 2 | 8-5 | 16 |
5. Շիրակ | 8 | 3 | 1 | 4 | 10-14 | 10 |
6. Կիլիկիա | 8 | 2 | 0 | 6 | 6-12 | 6 |
7. Գանձասար | 8 | 1 | 1 | 6 | 4-13 | 4 |
8. Արարատ | 8 | 0 | 0 | 8 | 1-14 | 0 |
Ռմբարկուները
Հենրիխ Մխիթարյան | «Փյունիկ» | 9 |
Բոտի Դեմել | «Միկա» | 5 |
Անդրանիկ Բարիկյան | «Շիրակ» | 5 |
Արթուր Քոչարյան | «Ուլիս» | 4 |
Արամ Ոսկանյան | «Միկա» | 4 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ