Վլադիմիր Կազիմիրովը Ստեփանակերտում
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Ղարաբաղյան կարգավորումը թերեւս հնարավոր է «խաղաղության պարտադրանքի» միջոցով, բայց ոչ թե վրացական սցենարով, այլ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Երեկ Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետն արտահայտեց 1992-1996 թթ. ԼՂ հարցով միջնորդական առաքելության ՌԴ ներկայացուցիչ, դեսպան Վ. Կազիմիրովը:
Ռուս դիվանագետը, նկատի ունենալով ղարաբաղա-ադրբեջանական ճակատում 1994-ի գարնանը ձեռք բերված համաձայնությունը զինադադարի վերաբերյալ, տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս են հարյուրամյակների վաղեմություն ունեցող դեպքերը պատմական վավերագրության բերվում, երբ ընդամենը 15 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն ուղղակիորեն աղավաղվում են: Նրա խոսքով, արեւմտյան մամուլն անտեսում է այն փաստը, որ նախորդ դարի 90-ականների կեսերին հենց Ռուսաստանի շնորհիվ է հնարավոր եղել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հասնել հրադադարի: Վերջերս, զինադադարի 15-ամյակի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ցավալիորեն չի նշվել ՌԴ կարեւոր դերակատարությունը: Ըստ Վ. Կազիմիրովի, Ռուսաստանն այս տարածաշրջանի հետ դարավոր կապեր ունի եւ ավելի լավ է ճանաչում տարածաշրջանային երկրներին, քան Արեւմուտքը, եւ հենց այս իրողությունից ելնելով, ակտիվացնելով ջանքերը, կարողացել է կողմերին համոզել ստորագրել զինադադարի փաստաթուղթը:
Բիշքեկում ստորագրվածը պայմանագիր չէր, ինչպես պնդում են շատերը, այն խորհրդարանների ղեկավարների վավերացրած արձանագրություն էր եւ ընդամենը քաղաքական փաստաթուղթ: Արձանագրությունը հաջորդել էր ապրիլի 15-ին տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովին, որին մասնակցում էին նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները: Հենց Բիշքեկում է առաջին անգամ հրադադարի կոնկրետ ժամկետ նշվել` մայիսի լույս 9-ի գիշերը: Սակայն այդ ժամկետն ուշացավ, եւ միայն ռուսական դիվանագիտական ջանքերի շնորհիվ հաջողվեց մայիսի 12-ին Մոսկվայում, ռազմական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, հասնել փաստաթղթի ստորագրմանը:
Դա «ֆաքսային դիվանագիտություն» էր, շեշտեց Վ. Կազիմիրովը, հիշեցնելով տվյալ ժամանակաշրջանում շրջանառվող ձեւակերպումը: Սովորաբար նման փաստաթղթերը ստորագրվում են մի վայրում, բացատրեց դեսպանը, բայց իրենք ստիպված էին նամակների ձեւով տարբեր տեղեր ստորագրված համաձայնությունները համատեղել մի փաստաթղթի մեջ, ինչը պատերազմների պատմությունում հազվագյուտ երեւույթ է: Իսկ մինչ այդ կրակը ժամանակավորապես դադարեցնելու պայմանավորվածություններ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ վեց անգամ եղել են, ընդգծեց նա:
Ղարաբաղյան կարգավորման հրատապությունը բնավ զինադադարի սկզբից հետո 15 տարի անցնելու մեջ չէ: Անցյալ տարվա օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի չիք են դարձրել սպասումների արդյունավետությունը, նշեց Վ. Կազիմիրովը: Այս համատեքստում նա մեջբերեց նաեւ ամերիկացի իր մի գործընկերոջ երբեւէ հնչեցրած խոսքերը, ըստ որոնցՙ պետք է սպասել այնքան, մինչեւ տաքարյուն կովկասցիները հագենան իրար արյուն խմելուց: Վ. Կազիմիրովի խոսքով, վերջին տասնամյակում մեծացել է տարածաշրջանի նկատմամբ աշխարհաքաղաքական հետաքրքրությունը, իսկ բուն խնդիրը ոչ թե հակամարտությունը վերացնելն է, այլ ադրբեջանցիների ու հայերի դարավոր թշնամանքը վերացնելը: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը կարող են սպասել: Միջազգային հանրությունը առաջնահերթում է պատերազմի սպառնալիքի վերացումը, իսկ այս խնդիրը վերջնականորեն չի լուծված: Երկիմաստությունը պարզապես հնարավոր չի լինի տեղադրել համաձայնագրում: