«Новости Азербайджан» լրատվական գործակալությունը մայիսի 15-ին համացանցում տեղակայած հաղորդագրության մեջ հերթական ապատեղեկատվությունն է սփռել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին:
Այս անգամ ստահոդ քարոզչության թիրախ է ընտրված Գերմանիայի Բունդեսթագը: Վերջինս, ըստ ադրբեջանական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության, իբր թե մայիսի 14-ին ընդունել է որոշում, ինչպես հաղորդագրության խորագիրն է հավաստում, առ այն, որ «Բունդեսթագը ճանաչում է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը եւ դատապարտում է Հայաստանի զավթողական քաղաքականությունը»: Ավելին, հղում կատարելով Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության մամլո ծառայության խողովակներով ստացված տեղեկատվությանը, հավելադրության կարգով ասվում է, որ նույն Բունդեսթագը դատապարտում է նաեւ «Հայաստանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությունը»: Միակ փաստացի իրողությունն այն է, որ Բունդեսթագը, իրոք, նշված օրը ընդունել է որոշում, որը վերնագրված է «Խթանել անվտանգությունը, կայունությունը եւ ժողովրդավարությունը Հարավային Կովկասում», որի մեջ, սակայն, ադրբեջանական կողմի նշված ձեւակերպումներից եւ ոչ մեկը առկա չէ:
Իսկ Բունդեսթագի որոշման իրական բովանդակությունը հետեւյալն է. ընդունված փաստաթղթում, թիվ 16/12726, ուր ներկայացված են հարավկովկասյան երկրների ժողովրդավարության, պետաիրավական համակարգի խթանմանն ուղղված, ինչպես նաեւ` գերազանցապես ԵՄ օժանդակությամբ, բայց ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ տարածաշրջանային խոշոր տերությունների (Ռուսաստան եւ Թուրքիա) հետ համատեղ հարավկովկասյան երկրների անվտանգության ապահովման ու նրանց միջեւ համագործակցությունը խորացնելուն ուղղված քայլերն ու առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ բառացիորեն ասված է. «Բունդեսթագը ջանքեր կգործադրի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող ՄԱԿ-ի բանաձեւերը, ինչպես նաեւ` Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի համապատասխան որոշումներն ու բանաձեւերը հակամարտության մեջ ներգրավված բոլոր մասնակիցների կողմից իրագործվեն»: Ընդունված որոշման մի երկրորդ կետ էլ վերաբերում է ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական հաղորդագրության մեջ տեղ գտած այն նյութին, որը վերաբերում է ԵԱՀԿ փարիզյան խարտիայից բխող պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խնդրին, վերջինս ընդհանրապես տեղ չունի Բունդեսթագի որոշման մեջ եւ ընդամենը ներառված է եղել իշխանական կոալիցիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացված հայցադիմումի նախնական տարբերակում, որը, խմբագրման արդյունքում հանվել է Բունդեսթագի պլենար նիստին ներկայացված որոշման նախագծից: Եվ վերջինը, ուղղակի զավեշտական է ադրբեջանական հաղորդագրության երրորդ պարբերությունը, որն իր տեսակի մեջ մտավոր զառամախտի անգերազանցելի ցուցանմուշ է. մեջբերված է Բունդեսթագի կայացրած որոշման առնչությամբ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության գնահատականը, ուր «նշվում է, որ այս որոշումը իր տեսակի մեջ առաջին անգամ է ընդունվում Գերմանիայի խորհրդարանի պատմության մեջ»: Ըստ երեւույթին ադրբեջանական կողմը այնքան է խճճվել ցանկալին իրականության տեղ ընդունելու կամ չեղած բանը որպես եղելություն ներկայացնելու իր անհագ ցանկության մեջ, որ սեփական մատից ծծած իբր թե հայկական կողմին ուղղված խստիվ դատապարտողական որոշմանը փորձում է նույնիսկ առանձնահատուկ տեղ հատկացնել Գերմանիայի խորհրդարանի պատմության մեջ: Քարոզչական խեղկատակության անզուգական նմուշ:
Սույնով ադրբեջանական պետությունը եւ նրա խոսափող դիվանագիտական ներկայացուցչությունը Բեռլինում նախ եւ առաջ ծաղրում, ապա եւ վիրավորում են ԵՄ առաջատար երկրներից մեկի` Դաշնային Գերմանիայի հավասարակշռված քաղաքական որոշումներ կայացնելու ընդունակությանը եւ վնաս է հասցնում նրա միջազգային հեղինակությանը:
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ