Երեկ ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակվել է` հափշտակված, ինչպես նաեւ շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով փոխադրամիջոցների ներմուծումը Հայաստան կանխելու նպատակով, ինչպես նաեւ արդեն ներմուծված փոխադրամիջոցների հետագա իրավական ռեժիմը հստակ կարգավորելու համար: Ըստ Դանիելյանի, նման մեքենաների թիվը Հայաստանում 480 է, իսկ այլ երկրներում այդ թիվը հասնում է 7 միլիոնի:
Գ. Դանիելյանը հավաստիացրեց, որ օրինագիծը չի սահմանափակելու բարեխիղճ ներկրողի իրավունքները: Փոփոխությունները սահմանում են նաեւ փոխադրամիջոցի բարեխիղճ ձեռքբերողի իրավունքները: Մասնավորապես, երկու տարվա ընթացքում մեքենայի սեփականատերը կարող է հետ պահանջել իր սեփականությունը, իսկ եթե սեփականատերը հրաժարվում է իր իրավունքից` բարեխիղճ ձեռքբերողը կարող է դիմել դատարան եւ գրանցել իր սեփականության իրավունքը:
Մեկ այլ դրույթով նախատեսվում է, որ բարեխիղճ ձեռքբերողը կարող է դատի տալ նախավերջին սեփականատիրոջը եւ պահանջել հատուցում:
Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ` նկատելով, որ օրինագիծն առաջադիմական է: Ըստ նրա` այս հարցում Հայաստանը մշակել է այնպիսի օրենսդրություն, որ մեր երկիրը չդառնա հափշտակված մեքենաների հավաքատեղի:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մշակվել է` հաշվի առնելով քաղաքացիական ծառայության համակարգում տեղի ունեցող փոփոխությունները եւ գործող իրավահարաբերությունների բարեփոխման անհրաժեշտությունը:
Օրինագիծը կանոնակարգում է նաեւ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատմամբ քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի աշխատավարձի չափը: Ըստ օրինագծի` վճարումը հաշվարկվում է զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարման եւ դրան հավասարեցված վճարումների չափով` հաշվի առնելով զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած ստաժը:
«Ինձ թվում է, որ այս նախագիծը պետք է ընդունվի հենց այս տեսքով` առաջին ընթերցմամբ: Իսկ քանի որ դեռ կան հայեցակարգային խնդիրներ, հանձնաժողովն ավելի լայն, լուրջ ու մանրամասն քննարկում է կազմակերպելու, որին մասնակցելու եմ հրավիրում նաեւ ձեզ», հայտարարեց Դ. Հարությունյանը:
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` նշելով, որ առաջարկվում են սկզբունքային փոփոխություններ: Նա իրազեկեց, որ նախատեսվում է քաղծառայության համակարգում ներդնել բաց եւ փակ մրցույթների գաղափարը, ինչպիսիք գործում են այլ համակարգերում: Մրցութային եւ ատեստավորման գործընթացներում համապատասխան մարմնի դերի եւ պատասխանատվության աստիճանի բարձրացման նպատակով հանձնաժողովներում համապատասխան մարմնի ներկայացուցիչները կլինեն 3-ը, իսկ քաղծառայության խորհուրդը կունենա 1 ներկայացուցիչ: Այս պարագայում մրցույթներով կճանաչվի 1 հաղթող: Նախատեսվում է նաեւ, որ կրտսեր պաշտոններում նշանակումներ կատարելու համար մրցույթների փոխարեն կանցկացվեն ընդհանուր բաց մրցույթներ եւ թեստավորմամբ 90 եւ ավելի տոկոս ստացած մասնակիցներին կտրվի 1 տարի գործողության ժամկետ ունեցող հավաստագիր: Կրտսեր թափուր պաշտոնը կզբաղեցվի առանց մրցույթի` աշխատակազմի ղեկավարը հնարավորություն կունենա հավաստագիր ունեցող ամեն անձի նշանակելու այդ պաշտոնում:
Ն. Մ.