Կենտրոնական բանկի «Վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը 2009 թվականի առաջին եռամսյակում» հրապարակման մեջ, անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում առեւտրային բանկերի միջոցով դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումներին, նշվում է, որ դրանք կազմել են 51,6 մլրդ դրամ: Ինչը 6,8 անգամ գերազանցում է Հայաստանից արտասահման կատարած փոխանցումների ծավալը: Դեպի Հայաստան դրամական միջոցների զուտ ներհոսքը բանկերի միջոցով կազմել է 44 մլրդ դրամ: Այս ցուցանիշը 2008-ի առաջին եռամսյակի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի ցուցանիշի համեմատ նվազել է 18 մլրդ դրամով կամ 30 տոկոսով:
Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են 34 մլրդ դրամ: Դա 8 մլրդ դրամով կամ 19 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում ֆիզիկական անձանց ուղղված վճարումների ծավալից: Միաժամանակ, Հայաստանից դեպի արտերկիր բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումները կազմել են 35,5 մլրդ դրամ:
Ա. Մ.