Ստեղծագործական կենսագրությունն ԱՄՆ-ում ձեւավորած եւ որոշակի հաջողություններ ունեցած ամերիկահայ նկարիչ Ֆիլիպ Հակոբյանը Հայաստանում առաջին ցուցադրությունն ունեցավ երեկ Թեքեյան մշակութային միության սրահում: Ամերիկյան պրոֆեսիոնալ կրթություն ստացած նկարիչը ԱՄՆ տարբեր քաղաքներում ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ եւ արժանացել մրցանակների: Արմատներով խարբերդցի, ցեղասպանության վերապրողների ժառանգը թեեւ ապրելով հայկական միջավայրից բացարձակապես դուրս, եւ մայրն էլ ամերիկյան հնդկացու եւ եվրոպացու խառնուրդ էր, բայց զարմանալիորեն հաստատուն է զգացել իր նախնիների արյան կանչը: Հայկական ծագումը զգացնել է տվել արեւմտահայոց կյանքի մասին հոր շարունակական պատմություններով: Մի քանի տարի առաջ նա եկավ Հայաստան, ամուսնացավ երեւանաբնակ հայ աղջկա հետ եւ մտադիր է հաստատվել այստեղ, ինչ խոսքՙ իր նկարչությամբ նույնպես ներգրավվել հայ արդի կերպարվեստի միջավայրում, որի առաջին քայլը երեկվա ցուցահանդեսն էր:
Նկարչի աշխատանքները ներկայացրեց արվեստաբանության դոկտոր Հրավարդ Հակոբյանըՙ նկատելով, որ Ֆիլիպը իր անհատականությունը փորձում է կայացնել գեղանկարչության նշանավոր վարպետների արվեստի իմացությամբ: Ցուցադրված աշխատանքները բաժանելով փուլերի, արվեստաբանը գծանկարով հստակ արտահայտված կիսակոլաժային շրջանակված ալեգորիկ պատկերները համեմատեց Սայաթ-Նովայի «Աշխարհս մե փանջարա է» խոսքի հետ. պատուհան, որից նկարիչը դիտում է աշխարհի անցուդարձը, ընթացքը:
Մյուս փուլին բնորոշ է բանաստեղծական-ռոմանտիկ շունչը, ուր աշխարհը քողածածկ է, գեղեցկացված, իդեալականացված: Հր. Հակոբյանը Ֆիլիպին մաղթեց մշտական բնակություն հայ կերպարվեստում եւ հաջողություն:
Նկարիչը շնորհակալությամբ դիմեց ներկաներին եւ մասնավորապես Թեքեյան մշակութային միությանըՙ ինքնարտահայտվելու այս հնարավորության համար: Իր ստեղծագործությունները ներկայացրեց որպես արձագանք ներքին զգացմունք-զգացողությունների եւ արտաքին աշխարհի փոխհարաբերությունների:
ԹՄՄ սրահում ներկայացված էին Ֆիլիպ Հակոբյանի շուրջ 30 գեղանկար եւ կոլաժային աշխատանքներ: Նկարների գերակշիռ մասը գտնվում է Միացյալ Նահանգների Վերմոնթի իր բնակարանում: Վերջին այցին ԱՄՆ նա չի կարողացել դրանք տեղափոխել Երեւանՙ օդանավակայանում առաջացած խնդիրների պատճառով:
Ցուցադրված նկարները թեմատիկ առումով շատ տարբեր են, գունային արտահայտությամբ նույնպես ընդգծված, կոնտրաստային, ինչպես վառ, այնպես էլ մեղմ երանգներով. այս վերջիններն ավելի բնական ու ընկալելի են, հիմնականումՙ բնանկարներ, որոնցում դրսեւորված են նկարչի բնազգացողության, բնապաշտական մոտեցումները: Կոլաժային եւ մյուս աշխատանքներում նկարիչը մտային փնտրտուքի մեջ է: Այստեղ բազմաձեւ ու բազմագույն մի աշխարհ էՙ տարբեր ժամանակների, քաղաքակրթությունների արհեստածին մեկտեղում. իր ապրած միջավայրի, ներկա աշխարհի եւ անցյալի որոշ շերտերի. խիտ-թանձր, նատուրալիստական, երբեմն խորհրդապատկերային:
Գույնի նաեւ զգացումի, եթե կարելի է ասել հարմարավետություն, ավելի ճիշտՙ բնականություն նկատվում է բնանկարներում (հիմնականումՙ ծննդավայրի) եւ հատկապես հայաստանյան երկու պատկերներումՙ «Տաթեւ», «Առավոտը Գորիսում», որոնցում հարազատ ու մտերիմ երանգ կա, մյուսներից շատ տարբեր:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ