«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2009-05-16 | #90, 2009-05-19 | #91, 2009-05-20


ՉՈՐՍ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Միլանում անցկացված սամբոյի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում հանդես եկած հայ մարզիկներից չորսը դարձան մրցանակակիր: 62 կգ քաշային կարգում Վահան Հովհաննիսյանը հաջորդաբար հաղթելով լիտվացի եւ ադրբեջանցի մրցակիցներին, մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ հայ սամբիստը պարտվեց վրացի մարզիկին: 3-րդ տեղի համար մրցավեճում Վահանն իրեն լավ դրսեւորեց եւ հաղթելով ֆրանսիացի Անտոնի Լոբրեչին, արժանացավ բրոնզե մեդալի:

Հաջող հանդես եկավ նաեւ 68 կգ քաշային Դավիթ Խաչատրյանը: Ճիշտ է, նա առաջին իսկ գոտեմարտում պարտվեց ադրբեջանցուն, սակայն քանի որ վերջինս եզրափակիչ էր դուրս եկել, ուստի իրավունք ստացավ շարունակել պայքարը: Վճռորոշ գոտեմարտում նա հաղթեց բուլղարացի Ստեփան Շոպովին ու արժանացավ բրոնզե պարգեւի:

Մեր մյուս մարզիկներին չհաջողվեց մեդալ նվաճել: 57 կգ քաշային կարգում հանդես էր գալիս Վահան Վարդանյանը: Անհաջող էր նաեւ Եվրոպայի չեմպիոն Աշոտ Դանիելյանի ելույթը: Նա առաջին գոտեմարտում պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից: Նույն բախտին արժանացավ նաեւ Լեւոն Պապոյանը (82 կգ): Անհաջող էին նաեւ Արթուր Իսպիրյանի (90 կգ), Արայիկ Սահակյանի (100 կգ) եւ Արսեն Գրիգորյանի (գերծանր քաշ) ելույթները:

Կանանց մրցապայքարում Հայաստանին 3-րդ բրոնզե մեդալը պարգեւեց 48 կգ քաշային Ժաննա Վարդանյանը: Մարտական սամբոյի Եվրոպայի առաջնությունում էլ բրոնզե մրցանակակիր դարձավ Վաչիկ Վարդանյանը (68 կգ):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4