«Ազգի» հարցերին պատասխանում է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը
- Չնայած Երեւանից արվող հավաստիացումներին, թե ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացում մտահոգվելու առիթներ չկան, այնուհանդերձ, ԼՂՀ հասարակական-քաղաքական շրջանակներում որոշակի անհանգստություններ առկա են: Թե՞ համարում եք, որ եղած մտահոգություններն արդեն փարատված են:
- Անհանգիստ է ողջ տարածաշրջանը, բոլորը, կարծես, սպասում են «ինչ-որ բանի»: Մտահոգություններ են հնչեցվում երկրներում, որ ուղղակի գործընթացի մեջ են` Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում, որոնումների մեջ են Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները: Քայլեր ձեռնարկում է նաեւ Իրանը: Ահա այս համապատկերի վրա, թվում է, արտառոցն այն կլիներ, որ Լեռնային Ղարաբաղը լռեր: Եվ այստեղ խնդիրը բոլորովին էլ «վստահության պակասը» չէ, ինչպես փորձում են ներկայացնել քաղաքական որոշ շրջանակներ: Կարծում եմ, որ արագ փոփոխվող միջավայրում իր տեղն ու դերակատարությունը ճշտորոշելու իմաստով Լեռնային Ղարաբաղն իրոք ասելիք եւ անելիք ունի:
- Ի՞նչ եք կարծում, բանակցություններին «մի որոշակի փուլում» Ղարաբաղի միանալը, որի մասին արտահայտվել են նաեւ միջնորդ համանախագահները, ուշացած չի՞ լինի: Նկատի ունեմ, որ Ղարաբաղի համար սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք նրբահարցեր գուցե մինչ այդ արդեն համաձայնեցված լինեն:
- Եթե Ադրբեջանը համառորեն չի ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ, ապա դա միայն մի բան է հուշում` այդ երկիրը շահագրգռված չէ խնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորմամբ, որովհետեւ բանակցությունների առանցքն, ի վերջո, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների հարցն է, որի շուրջը պայմանավորվածության կարող են գալ միայն Ստեփանակերտը եւ Բաքուն: Կլինի՞ այդ պայմանավորվածությունը` գործընթացը կպսակվի հաջողությամբ, չի՞ լինի` ամեն ինչ կմնա կոնֆրոնտացիոն հարթությունում:
- Երբ «մադրիդյան սկզբունքները» դեռ նոր էին շրջանառության մեջ դրվել, Ղարաբաղում դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքն ակնհայտ էր: Հետագայում կարծես թե թեման լռության մատնվեց, եւ միայն վերջերս կրկին սկսել են խոսել Ղարաբաղի համար «մադրիդյան սկզբունքների» անընդունելիության մասին...
- Պաշտոնապես «մադրիդյան սկզբունքները» ինձ համար մնում են անհասանելի, ուստի դատողություններ եւ ենթադրություններ արվում են` հիմնվելով տեղեկատվական ցանցերից քաղած նյութի վրա: Այստեղ, իրոք, հարցեր ծագում են:
- Հայ-թուրքական երկխոսության աննախադեպ ակտիվացումը, Ձեր կարծիքով, կարո՞ղ է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծմանը: Որոշ մեկնաբանություններ, այդ թվում` Ղարաբաղում, լավատեսական չեն, նկատի առնելով, որ Թուրքիան միշտ մնալու է Ադրբեջանի շահերի ծիրում:
- Թուրքիան կառուցողական հանձնառություն ստանձնելու շանս ուներ, նրան շանս էր տրվել, որպեսզի օգնի, որ Ադրբեջանը ոչ ցավալիորեն ընկալի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը: Ու թեեւ տիրապետող կարծիք կա, որ թուրքական դիվանագիտությունը շատ փորձառու է, դժբախտաբար, Անկարան ճիշտ չընկալեց պահը: Կարծում եմ, որ դրանով Թուրքիան ինքը փակեց Հարավային Կովկասում լուրջ դերակատար լինելու հնարավորության «պատուհանը»: Թուրքիան փորձում է բացառել հայկական գործոնը, բայց մոռանում է, որ 21-րդ դարում չի կարելի խոսել «սուլթան Բայազեդի» ոճով: Նրան պարզապես թույլ չեն տա դա անել: Թույլ չի տա առաջին հերթին Հայաստանը:
- «Ճանապարհային քարտեզին» ղարաբաղյան արձագանքները միանշանակ չեն. մի շարք հասարակական կառույցներ նույնիսկ հանդես են եկել քննադատող շեշտադրումներ պարունակող համատեղ հայտարարությամբ: Ինչպե՞ս եք գնահատում առհասարակ ղարաբաղյան արձագանքները:
- Պետությունների եւ կազմակերպված հանրությունների մասին դատում են նաեւ աշխարհի հետ հարաբերվելու` նրանց նախընտրած ոճով: Այս նկատառմամբ` նշված կառույցների արձագանքը համարժեք չէր մեր քաղաքական փորձառությանը:
- Տարբեր առիթներով նշվել է, եւ հիմա էլ այդ տեսակետը կարեւորվում է, որ հակամարտության լուծումը պիտի սկսել հասարակությունների հաշտեցումից: Անժխտելի է, որ Ադրբեջանի ու Ղարաբաղի հանրությունները դեռեւս պատրաստ չեն իրար ձեռք մեկնելու: Ուրեմն` վա՞ղ չէ խոսել ինչ-որ շուտափույթ լուծումների մասին: Դուք մի հարցազրույցում ասել էիք, որ ղարաբաղյան հարցի արագացված լուծումը չի բացառվում: Այդ տեսակետի՞ն եք դեռ մնում:
- Մենք մշտապես կարծում ենք, որ հանգուցալուծման ենթադրված հեռանկարը ցավալի է բացառապես մեզ համար: Մինչդեռ հակամարտության խաղաղ, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքների վրա հիմնված կարգավորումը լուրջ փորձություն է հատկապես Ադրբեջանի համար: Ես հիմա դատում եմ ոչ առարկայորեն: Ստացվում է, որ գլխավորն այստեղ այն է, թե արդյոք Ադրբեջանի նախագահը բավարար ռեսուրս ունի՞, որպեսզի կարողանա հանրությանը համոզել մի բանում` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը այլընտրանք չունի: Կարծում եմ` ցմահ նախագահության մանդատը, որով նա ինքնաօժտվեց, իշխանությունը հնարավոր ներքաղաքական ցնցումներից ապահովագրելու եւ Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի վստահորեն գործելու նպատակով է վերցվել: Որքան էլ տարօրինակ հնչի, մենք պետք է առնվազն չխանգարենք, որ Իլհամ Ալիեւն անցնի իր նախանշած ճանապարհը:
- Թուրքական կամ ադրբեջանական նախապայմանների անթույլատրելիության մասին. հայկական կողմը չունի՞ նախապայմաններ, որոնցով կարող է հակակշռել հակառակորդ կողմի կամայականություններին:
- Հայկական կողմի նախապայմանն այն է, որ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Սա դիվանագիտական շատ լուրջ ռեսուրս է:
- Ազատագրված տարածքների վերադարձման հարցը ցավոտ խնդիր է դարձել, թեպետ փոխզիջման հրամայականը ոչ ոք կարծես թե կասկածի տակ չի առնում: Զիջման Ձեր սահմանը ինչպե՞ս կգծեիք:
- Սահմանները գծում եւ ըստ անհրաժեշտության «վերագծում են» ժողովուրդները: Դա նրանց իրավունքն է եւ հնարավորությունը: Ես կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գիտի իր իրավունքի ու հնարավորության ամենաօպտիմալ համատեղումը եւ կարող է դա իրացնել:
- Երբեւէ Ձեզ չի՞ մտահոգել, որ «բանակցային իներտությունը» Ղարաբաղում կարող է աստիճանաբար քաղաքական նիհիլիզմի բերել: Թե՞ չեք ընդունում «նիհիլիզմ» ձեւակերպումը:
- Մտահոգում է հատկապես քաղաքական սերնդափոխության խնդիրը: Էյֆորիան, կարծում եմ, այստեղ ամենալավ ընտրությունը չէ: Աշխարհն առհասարակ, մեր ժամանակի աշխարհը` հատկապես, չափազանց պրագմատիկ է, եւ նոր սերունդն է, որ պիտի կարողանա գտնել ազգային զգացմունքների ու համակեցության պարտադրանքի «ոսկե միջինը»:
- Պատերազմի վերսկսման համար ի՞նչ շարժառիթներ կարող են լինել: Հնարավո՞ր եք համարում Կովկասում կրակի օջախի նոր բորբոքումը:
- Այս պահին դա նվազ հավանական է թվում, բայց ոչինչ բացառելի չէ: Իմ տպավորությամբ, շատ բան կախված կլինի Վրաստանում եւ այդ երկրի շուրջը տիրող լարվածությունը լիցքաթափելու միջոցների ու ժամանակի ընտրությունից:
- Բիշքեկյան արձանագրության 15-ամյակը «չնշանավորվեց» այն ամրապնդող որեւէ նոր նախաձեռնությամբ: Մինչդեռ թվում էր, թե ստորագրած կողմերը գոնե այդ փաստաթուղթն արժեւորող համատեղ հայտարարություն կամ կոչ կընդունեին: Ի վերջո, տարածաշրջանում այսօր առկա լավ թե վատ խաղաղությունը սկզբնավորող փաստաթուղթն էր դա:
- Բիշքեկի իմաստն այն է, որ առկա իրավիճակի համար որպես իրավահավասար կողմ պատասխանատու է նաեւ ԼՂՀ-ն, իսկ պատասխանատվությունը նաեւ իրավունք է տալիս: Ուշադրության է արժանի, որ նախկին Հարավսլավիայի եւ Վրաստանի հանդեպ կիրառված ազդեցությունը որակվում է որպես «խաղաղության պարտադրանք»: Այս իմաստով Բիշքեկում խաղաղություն է պարտադրվել Ադրբեջանին: Եվ ինչպես Հարավսլավիայի ու Վրաստանի դեպքում այդ պարտադրանքը տրամաբանորեն հանգեցրել է Կոսովոյի եւ վրաստանյան նախկին ինքնավարությունների միջազգային ճանաչմանը, այս պարագայում էլ գործընթացը կարող է արդյունավորվել միայն ԼՂՀ անկախության ճանաչմամբ: Այդ մասին, իրոք, արժե հիշեցնել:
Հարցազրույցը վարեց ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ