«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2009-05-19 | #91, 2009-05-20 | #92, 2009-05-21


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՀԱՐՄԱՐ ՉԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ն

Սարգսյան-Ալիեւ պետերբուրգյան հանդիպումից ոչ մեկն ակնկալիքներ չունի

Հունիսի 4-6-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ շրջանակներում տնտեսական համաժողովը, որի շրջանակներում նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակությունն ապահովելու նպատակով:

Թեեւ մասնագիտական ու փորձագիտական գնահատականներում ղարաբաղյան հարցի կարգավորման «բանալիները» վերագրվում են Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին, բայց, ամենայն հավանականությամբ, պետերբուրգյան հանդիպումը առանձնահատուկ ոչինչ չի բերի բանակցային գործընթացին:

Հետաքրքրական է, որ Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն, մինչ այդ Հարավային Կովկասում նույն ՄՃԽ ներկայացուցիչ Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, թե ղարաբաղյան հարցում այս տարի, լավագույն դեպքում, կարելի է սպասել հիմնարար սկզբունքների շուրջը համաձայնության հաստատումը:

Ամեն դեպքում, նման լավատեսությունը շատ ավելի հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրաքանչյուր հանդիպմանը հաջորդող լավատես հայտարարությունները, չնայած Ֆրեյզերն ավելացրել է, որ գոյություն ունեն փակուղային հարցեր, որոնք կարծես դեռեւս համաձայնեցված չեն: Մասնավորապես, «Ազերի պրես» գործակալությանը տված հարցազրույցում Սաբինա Ֆրեյզերը նշել է. «Գոյություն ունեն մի շարք վաղուցվա փակուղային հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար հանրաքվե անցկացնելու պայմանների եւ հնարավոր կարգավիճակի ու Լաչինի միջանցքի չափերի հարցերը»:

Այդ փակուղային որակվող հարցերին, այնուամենայնիվ, չեն անդրադառնում ոչ տարօրինակ լավատեսություն արտահայտող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց տարածաշրջանային այցելությունների ընթացքում, ոչ էլ բանակցություններին մասնակից կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը:

Ադրբեջանը, մասնավորապես, ի դեմս նախագահի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի, որ տվյալ դեպքում կարելի է հեշտորեն համարել Ադրբեջանի նախագահի անունից ասված խոսքեր, հայտարարում է, թե Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի սկզբունքներում կան թերություններ: Ըստ Մամեդովի, համանախագահները իրենց միջնորդական առաքելությունն իրականացնելիս «նաեւ դատավոր են, որոնք պարտավոր են առաջնորդվել միջազգային իրավունքով, պետք է հանդես գան կոնկրետ դիրքորոշմամբ ու տան ցուցումներ»:

Դժվար է հասկանալ, թե ինչն է այս պարագայում պայմանավորում Ադրբեջանի նման դիրքորոշումը այն դեպքում, երբ դեռեւս ոչ վաղ անցյալում նույն երկրի տարբեր մակարդակով ղեկավարները հայտարարում էին, թե Մինսկի խումբը սպառել է իրեն: Այսօր ի՞նչն է փոխվել, որ, քիչ է, Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը հայանպաստ է որակվում, հետն էլ առաջարկվում նույն այդ, Ադրբեջանի համար ոչ վստահելի, խմբին տալ լիազորություններ` ներկայացնելու կոնկրետ դիրքորոշում ու տալու ցուցումներ:

Մամեդովը հայտարարել է, թե Մինսկի խմբի համանախագահները «հօգուտ Հայաստանի սուտ տեղեկություններ են տարածում, թե բանակցություններում առաջընթաց կա»: Մամեդովի մատուցմամբ, «Պրահայում բանակցություններում առաջխաղացում չի եղել, հայկական կողմը մնաց իր դիրքորոշմանը, ու դրանից հետո Ադրբեջանի նախագահը չմասնակցեց այդուհետեւ կազմակերպված ճեպազրույցին»:

Մամեդովի մեկնաբանությամբ, համանախագահները հանդիպումից հետո հայտարարել են առաջխաղացման ու բանակցությունների շարունակման մասին, ինչը հայանպաստ է: Դրա նպատակը, ըստ Մամեդովի, միջազգային հանրությանը հանգստացնել ու հանրության աչքին թոզ փչելն էր, մյուս կողմից` ներկայացնել Հայաստանը որպես կառուցողական կողմ, պատրաստ շարունակելու բանակցությունները: «Դա մտածելու տեղիք է տալիս, թե ինչ կա Հայաստանի հանդեպ (համանախագահող երկրների - Ա.Հ.) այդ հոգածության, սիրո ու աջակցության հետեւում», հայտարարել է Մամեդովը:

Թերեւս այդքան էլ միանշանակ ընդունելի ու որպես իրականություն գնահատելի չեն Մամեդովի խոսքերը, սակայն հետաքրքրական է, թե ինչն է իրականում այսպիսի դիրքորոշում արտահայտելու պատճառը: Մի՞թե բանակցություններում ինչ-որ քայլեր արվել են, որ Ադրբեջանը դրանք չի գնահատում որպես առաջխաղացում ու ավելի շուտ բնութագրում է որպես հայանպաստ:

Հասկանալի է, որ հայկական կողմից էլ ապակառուցողական է որակվում ադրբեջանական դիրքորոշումը, որով այդ երկիրը թակում է բոլոր դռներն ու ներս մտնում իր աղավաղված իրականությամբ: Ամեն դեպքում, ստացվում է, որ նախագահների հանդիպումներից առանձնակի սպասումներ չունի ոչ ոք, բայց դրանք տեղի են ունենում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4