«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2009-05-19 | #91, 2009-05-20 | #92, 2009-05-21


ՓՈԽՎՈՒՄ Է ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը անդրադառնալով քաղծառայության համակարգի ներդրմանը` ընդգծեց այն դժվարությունները, որոնք հաղթահարվել են 2001-ին` նոր մոտեցումները, քաղաքական կամքը կյանքի կոչելու համար: Ա. Պետրոսյանի գնահատմամբ` քաղծառայության համակարգը հաջողությամբ է անցել կայացման քննությունը եւ եվրոպական ու ԱՊՀ մի շարք երկրների կողմից ճանաչվել օրինակելի: Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը այն չի համարում կատարյալ եւ տեսնում է շարունակական բարեփոխումների կատարելագործման անհրաժեշտություն: Օրենսդրական նախաձեռնության տեսքով խորհրդարանին առաջարկվող սկզբունքային փոփոխությունները, ըստ բանախոսի, որոշ մտահոգություններ են առաջացնում: Խորհրդարանի փոխնախագահը նշեց մասնավորապես փակ մրցույթը որոշ դեպքերում արտամրցութային նշանակումներով փոխարինելու` նախագծով ընձեռված հնարավորությունը: Փակ մրցույթի մոդելն այսօր կիրառվում է խորհրդարանում` պետական ծառայության համակարգում, եւ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բանախոսի ներկայացմամբ, նախաձեռնել է այն փոփոխելու գործընթաց` հաշվի առնելով կիրառման արդյունավետության խնդիրները: Մրցույթով միայն մեկ հաղթող ճանաչելու համար քաղծառայության համակարգը դեռ պատրաստ չէ, կարծում է Արեւիկ Պետրոսյանը եւ հավելում, որ այդ մոտեցումը կիրառելի կլինի թեստավորման գործընթացը կատարելագործելուց հետո: Պետական կառավարման ոլորտի ստաժը հիմնական չափանիշ դիտարկելը, Աժ փոխնախագահի համոզմամբ, համակարգը փակուղի կտանի, որը կխոչընդոտի ներքին առաջընթացի հնարավորությունը: Նա չի ընդունում նաեւ քաղծառայության խորհրդի ներկայացուցիչների թիվը հանձնաժողովներում նվազեցնելու մոտեցումը: Փոխարենն Արեւիկ Պետրոսյանն իր ելույթում ընդունելի համարեց մրցույթի եւ ատեստավորման ժամանակ համապատասխան մարմնի կոնկրետ պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությունն ապահովող դրույթը` նկատելով, որ այդպես կամայական կազմ չի ընտրվի: Ողջունեց նաեւ կրտսեր պաշտոնների համար հավաստագրերի կիրառումը, սակայն այն պետք է կատարելագործել շարունակության մեջ: Արեւիկ Պետրոսյանի կարծիքով` պետք է համոզվել, որ առաջարկվող փոփոխությունները կապահովեն առաջընթաց եւ նոր միայն դրական եզրակացություն տալ:

«Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանի թվարկած մտահոգություններին ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արեւիկ Պետրոսյանը հավելեց. «Ես ընդունում եմ այն մոտեցումը, որ պետք է դեռեւս բազմակողմանի քննության առնենք, համոզվենք, որ իսկապես մեկ քայլ առաջ ենք կատարում եւ ոչ թե 10 քայլ հետ գնում»:

Կառավարության առաջարկը քննարկվեց դեռ առաջին ընթերցմամբ: Մինչեւ վերջնական ընդունում դեռ երկար ճանապարհ կա: Հանրապետական Գագիկ Մինասյանը նույնիսկ նշեց, որ առանձին լսումներ են կազմակերպվել` առաջարկը համակողմանի քննարկելու համար:

Եզրափակիչ ելույթում քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նկատեց, որ համակարգը պետք է բարեփոխվի սահուն, առանց ցնցումների, եւ բոլոր առաջարկները պետք է քննարկվեն:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4