«Վիվասել-ՄՏՍ» ընկերության եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ համաձայնություն է կայացել, ըստ որի բուհի ուսանողները հնարավորություն կունենան իրենց արտադրական պրակտիկան անցկացնելու ընկերությունում, ինչպես նաեւ բարձր գիտելիքներ ունեցող ուսանողներն ընկերությունում կտեղավորվեն աշխատանքի: Այս մասին լրագրողներին երեկ հայտնեց համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը :
Երեկ «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ նա դասախոսություն կարդաց ընկերության գործունեության, կառավարման մշակույթի եւ կորպորատիվ քաղաքացիության մասին:
«Ըստ համագործակցության պայմանագրի, ընկերությունն ու բուհը համատեղ իրականացնելու են գիտահետազոտական աշխատանքներ, ինչը նպաստելու է կադրերի որակի մակարդակի բարձրացմանը եւ ընդհանրապես` պետության որակի բարձրացմանը», ասաց Յ. Սուվարյանը:
Դասախոսության սկզբում «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենն ասաց. «Չորս տարի առաջ մենք համարձակվեցինք երազել եւ պարտավորություններ ստանձնել: Այսօր կարող եմ փաստել, որ մեզ հաջողվել է հասնել մեր առջեւ դրված նպատակներին: 2005 թվականի հուլիսի 1-ին «Վիվասել-ՄՏՍ» ցանցում կատարված առաջին զանգն ազդարարեց նոր դարաշրջանի սկիզբը Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտում: Հաջորդ երեք տարիների ընթացքում մեր ընկերությունը կարողացավ ձեռք բերել լավագույն բջջային օպերատորի համբավը` գրեթե յուրաքանչյուր ընտանիքի համար մատչելի դարձնելով իր հասանելի, բարձրորակ եւ հուսալի ծառայությունները», ասաց Ռ. Յիրիկյանը:
«Վիվասել-ՄՏՍ»-ի տնօրենն իր մեկժամյա դասախոսության ընթացքում ներկայացրեց նաեւ ընկերության` շուկայի հետագա ռազմավարությունը եւ կազմակերպության զարգացման դինամիկան:
Ապագա տնտեսագետներին եւ մենեջերներին հասցեագրված դասախոսության կարեւոր թեմաներից էր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը:
«Տնտեսական ճգնաժամն ազդում է մեզ վրա. նախորդ տարվա համեմատ բաժանորդների աճն այնքան էլ ուժեղ չէ», լրագրողներին ասաց Ռալֆ Յիրիկյանը: Ըստ նրա, փորձը ցույց է տվել, որ տարեսկզբի երկու-երեք ամիսներին շուկան այնքան էլ ակտիվ չի լինում, սակայն ապրիլից արդեն աշխուժացում է նկատվում:
«Վիվասել-ՄՏՍ»-ի բջջային կապի բաժանորդների թիվը Հայաստանում ապրիլի վերջին ավելացել է 43,1 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել 2,06 մլն: Մարտի համեմատ բաժանորդների թիվն ավելացել է 0,4 տոկոսով:
Ն. Մ.