Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը 15 տարվա կենսագրություն ունի: Թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է Վլադիմիր Գաբբեն: Նա թատրոնը հիմնել է Երեւանում 90-ականներին, սակայն կարճ ժամանակահատվածում տեղափոխվել Մոսկվա. պատճառը Հայաստանում առկա խնդիրներն էին: Թատրոնի ստեղծագործական կազմը մեծ չէՙ ընդամենը 15 դերասան, սակայն դա չի խանգարում ստեղծել իսկապես պրոֆեսիոնալ ներկայացումներ: Ինչպես խոստովանում է գեղղեկը, պրեմիերաներից հետո («Պերսոնա», «Ապաշխարանք» եւ այլն) մոսկովյան մամուլը պատշաճ կերպով էր անդրադառնում ներկայացումներին. քիչ չեն հնչել գովեստի խոսքեր. «Ոչ թե շռայլում են, այլ գնահատում», նկատում է Գաբբեն:
Վերջինիս փոխանցմամբ թատրոնի զարդը յուրահատուկ ձեռագիրն է, որը ծնվում է ստեղծագործական փնտրտուքների ժամանակ:
Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի դերասանների խաղը տեսնել-գնահատելու հնարավորություն ունի նաեւ հայաստանաբնակ հանդիսատեսըՙ մայիսի 22-ին Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա «Սիրով վրեժ կլուծեմ» (ԿՑՏՎքց ս՚ոՏՉ՚) ներկայացման պրեմիերան: Ներկայացումը կառուցված է Փարաջանովի երազների եւ միֆերի հիման վրա: «Խաղալ ներկայացման պրեմիերա հյուրախաղերի ժամանակ չափազանց դժվար է, գրեթե անհնար: Վստահ ենք, որ հայ հանդիսատեսի հետ առաջին հանդիպումը պետք է լինի շատ հուզիչ եւ խորհրդանշական: Հայերն արվեստի հանդեպ ունեն ընդգծված ինքնատիպ մոտեցում եւ արժանի են լավ ներկայացման: Այս միտքը ստիպեց ռիսկային քայլ կատարել ու մեր սրտի մի գեղեցիկ մասնիկը նվիրել հայ ժողովրդինՙ պրեմիերայի տեսքով», Ժուռնալիստների միությունում կայացած հանդիպման ժամանակ նկատեց Վլադիմիր Գաբբեն:
Ներկայացումը հոբելյանական է. այս կերպ կմեկնարկի Փարաջանովի ծննդյան 85 եւ թատրոնի ստեղծման 15 ամյակներին նվիրված միջոցառումների շարքը: Մոսկվայում հոբելյանական միջոցառումների մեկնարկը կդրվի աշնանը. երաժշտության, պոեզիայի, գեղանկարչութան միջոցով կներկայացվի փարաջանովյան մոլորակի գեղեցկությունն ու փայլը. «Նրա արվեստը սահմաններ չի ճանաչում: Իր ստեղծագործություններում կա ամեն ինչ, սակայն կարեւորը մարդկային փիլիսոփայության եւ հոգեկան ներաշխարհի գեղեցկության բացահայտումն է», այսպես է արժեւորում Փարաջանովի դերը Գաբբեն:
Թե ինչու է թատրոնը կրում Փարաջանովի անունը (մեծ կինոռեժիսորը երբեւէ թատերական գործունեություն չի ծավալել) Գաբբեն նկատում է. «Իր ուրույն ու անփոխարինելի ձեռագիրն է թողել արվեստի բազմաթիվ ճյուղերում` կինո, պոեզիա, գեղանկարչություն: Եվ այսօր մենք, հարկ է, առնչվենք նրա արվեստի աշխարհին, ցույց տանք մեր ընկալումը, սակայն երբեք չփորձենք դրանում փոփոխություններ կատարել, քանի որ նրա մահով վարագուրվել է նրա ներաշխարհից բխող իր արվեստը: Նրա ստեղծագործությունները ստիպում են խորհել, երազել, ապրել... Թատրոնի նպատակն է մարդկությանը նվիրել գեղեցիկ ակնթարթներ, որ այնքան շատ էր սիրում անել մեծ արվեստագետը: Իսկ ներկայացումներում փնտրում ենք կապ թատրոնի եւ կինոյի միջեւ, հոգեհարազատ է ժանրային բազմազանությունը: Սիրում եմ հանդիսատեսի հետ զրուցել տարբեր ժանրերի լեզվով»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ