«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2009-05-19 | #91, 2009-05-20 | #92, 2009-05-21


ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ԳՆԱՑԻՆՔ ՓՈԹՈՐԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՈՒ ՓՈԹՈՐԻԿ ՍՏԵՂԾԵՑԻՆՔ»

Պրեմիերա Սունդուկյան թատրոնում

Ֆրիդրիխ Դյուրենմարի «Ծեր տիկնոջ այցը» տրագիկոմեդիան մեզանում բեմադրվել է տասնամյակներ առաջ` «Հեռուստաթատրոնում»: Այս օրերի հնչեղություն ունեցող այդ հոգեբանական ներկայացումը բեմադրել է ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյանը: Պրեմիերան կայացավ մայիսի 19-ին: Թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, որը մեծ ջերմությամբ ընդունեց Վահե Շահվերդյանի հերթական, յուրօրինակ ձեռագրով բեմադրված գործը: Բեմանկարիչը անվանի նկարիչ (ցավոք այս գործը վերջինն էր) Եվգենի Սաֆրոնովն էր, երաժշտական ձեւավորումը` Էդուարդ Հարությունյանինը, զգեստները` Մերի Սարգսյանինը, պարերը` Գագիկ Կարապետյանինը:

Տիկին Ցախանացյանի կերպարն այնքան էր գրավել հանդիսատեսին, որ նրա ամեն մուտքը ուղղորդվում էր ծափերով: Կարծում եմ կռահեցիք, որ այդ ուշադրության առիթը ԽՍՀՄ ժող. արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանն էր: Դժվար է ամբողջությամբ ներկայացնել թե պիեսի գաղափարը եւ թե Վարդուհի Վարդերեսյանի հրաշալի ներկայացրած կերպարը: Այն պարզապես պետք է դիտել ու հմայվել, թե ինչպես 60 տարի անց մեծահարուստ ծեր տիկինը այցելում է իր քաղաքը ու մեկ միլիարդ դոլար է նվիրաբերում քաղաքապետարանին ընտրությունների նախօրեին մեկ պայմանով` որ 500 միլիոնը բաժանվի բնակչությանը իր առաջին ամուսին` Ալֆրեդ Իլին սպանելու համար:

Այս ինտրիգային տրագիկոմեդիայի դերասանական անսամբլը կարողացավ բեմադրիչի պահանջները խստագույնս ներկայացնել եւ դրա համար արժանացան ջերմ ընդունելության: Թվեմ նրանցից մի քանիսին` ՀՀ վաստակավոր արտիստներ Կարեն Ջանգիրյան (Իլ), Ազատ Գասպարյան (քաղաքապետ), Ռազմիկ Խոսրոեւ (ուսուցիչ), դերասաններ` Սամվել Փիլոյան, Արմեն Մարգարյան, Անդրանիկ Խաչատրյան, Գայանե Մկրտչյան, Լեւոն Ավետիսյան, Անդրանիկ Զաքարյան նաեւ թատրոնի երիտասարդները: Ներկայացման ավարտին բեմը ողողվեց ծաղիկներով ու զամբյուղներով, որոնց թվում էին ՀՀ նախագահի տիկնոջ, ՀՀ մշակույթի նախարարի եւ այլոց ուղարկած խոշոր ծաղկեփնջերը:

Վահե Շահվերդյանի եւս մեկ փայլուն հաղթանակը («Արշակ 2-րդ»-ից հետո) եկավ ապացուցելու, որ նա դեռ շատ անելիք ունի հայ թատերարվեստում: Շահվերդյանը իր շնորհակալությունը հայտնեց ե՛ւ դերակատարներին, ե՛ւ հանդիսատեսին, իսկ վերջում գլուխ խոնարհեց մեծ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի առաջ: Վ. Վարդերեսյանը, հուզված նման ջերմ ընդունելությունից, իր խորին շնորհակալությունը հայտնեց տաղանդավոր ռեժիսորին, երիտասարդ դերասաններին ու խաղընկերներին, որոնք մշտապես հատուկ սիրով են վերաբերվում իրեն ու իր խոսքը եզրափակեց ասելով. «Մենք գնացինք փոթորիկին ընդառաջ եւ փոթորիկ ստեղծեցինք»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4