«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2009-05-20 | #92, 2009-05-21 | #93, 2009-05-22


ԱԺ-Ն ՎԵՐՋԱՊԵՍ ՄԵԾ ԻՐԱՐԱՆՑՈՒՄՈՎ ՁԵՌՆԱՄՈՒԽ ԵՂԱՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

«Հարկերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ հարկային մարմնի ղեկավարին իրավունք է վերապահվում հարկ վճարողի մոտ նշանակել հարկային մարմնի ներկայացուցիչ, եթե հարկ վճարողը խոշոր հարկատու է (նախորդ տարվա իրացումից հասույթը գերազանցել է 4 միլիարդ դրամը, նախորդ տարվա որեւէ պահին ունեցել է 500 եւ ավելի աշխատող, երկու տարի անընդմեջ հայտարարել է 50 միլիոն եւ ավելի դրամ հարկային վնաս կամ հաշվետու տարվա որեւէ պահին նախորդող երեք ամսվա ընթացքում «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 միլիոն դրամը), ներկայացրել է գրավոր դիմում, սահմանված չափագրումներով առնվազն երեք անգամ արձանագրվել է ներկայացված հաշվետվությունների տվյալների եւ չափագրումների արդյունքների միջեւ էական տարբերություն եւ եթե հարկ վճարողը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող է:

Գործարար պատգամավորները համբերատար մնացել էին խորհրդարանի շենքում, քանի որ օրվա քննարկումների առանցքում հենց նրանց վերաբերող օրինագծերն էին: Հատկապես հարկային փաթեթը շատ մեծ դժգոհություն է առաջացրել: Այս հարցում տարաձայնություններ կան նույնիսկ կոալիցիոն ուժերի ներսում:

Հարկային փաթեթում փոփոխություններ մտցնելու կառավարության առաջարկն անընդունելի է պատգամավորների մեծամասնության համար: Գործընկերները շատ հաճախ էին թե՛ տեղում, թե՛ խորհրդարանի միջանցքներում ակտիվորեն քննարկում, ներկայացնում դժգոհությունները եւ նկարագրում, թե ինչի կարող է բերել ներկայացված օրինագիծը:

Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը , ում պատգամավորները հարցեր ուղղեցին:

Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի որդին, ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը կողմ է, որ խոշոր հարկատուն պարտադիր պետք է վերահսկվի եւ ստուգվի, «բայց ոչ թե մաքսային- հարկային կոմիտեի 2000 կաշառակերներով»:

«Սա տնտեսությունը վերահսկելու կոմունիստական ոճ է: Ով գրել է այս նախագիծը, ուզում է 10-12 տարվա տնտեսական աճը մի տարում ջնջել, քանդել եւ չկարողանանք վերականգնել: Այս տնտեսական տեռորը ինչների՞ս է պետք` բերել-կապել խոշոր արտադրողի վզին` այս ամենադժվար ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում:

Քանի որ կան խոշոր օլիգարխներ, բիզնեսմեններ, հարկային մաքսային կոմիտեում, առաջարկում եմ` ստեղծել առանձին անձանց վերահսկող մի պետական մարմին, որը կենթարկվի կա՜մ անմիջապես երկրի նախագահին, կա՜մ վարչապետին: Չենթարկվի մաքսային-հարկային կոմիտեին ու այդտեղի կաշառակերներին, որ չկարողանան իրենց մրցակիցներին ճնշել` լուծարել ընկերությունները եւ սնանկացնեն իրենց մրցակիցներին:

Եթե կառավարությունը շատ լուրջ պայքար է տանում, որ ներդրումներ լինեն արտասահմանից` այս տնտեսական տեռորով, աբսուրդ նախագծով ինչպե՞ս ենք մեր սփյուռքահայ ընկերներին համոզելու, որ Հայաստանում ներդրումներ անեն», իր վրդովմունքն էր հայտնում ԱԺ պատգամավորը:

Ս. Կարայանի պատասխանը հետեւյալն էր. «Եթե կան այնպիսի դրույթներ, որոնք կհանգեցնեն, որ այս ինստիտուտի ներդրումը կստեղծի խոչընդոտ օրինապաշտ աշխատողի համար, մենք պատրաստ ենք դրանք վերանայել: Պատրաստ ենք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում վերանայել այդ առաջարկները եւ քննարկել»:

  Կարեն Վարդանյան . «Ինչպես միշտ, մի քանի տարի հետո այս հիմար օրենքը դուք չանցկացրիք, ես էլ որպես տնտեսական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ ուզում եմ ասել` հանկարծ չասեք, որ ես կողմ եմ եղել: 131 հոգուց 100-ը դեմ են այստեղ, մարդիկ կանՙ խուսափում են խոսել, տարբեր պատճառներով: Ես խոսում եմ ու ասում, որեւէ մարդ այս նախագծին չի կարող կողմ լինել, եթե ուզում է, որ մեր տնտեսությունը քանդվի: Սա հակապետական եւ հակատնտեսական սխալ մոտեցում է: Ընդունեք փոփոխությունները` ես կողմ կքվեարկեմ: Եթե չփոխվի, ուրեմն աբսուրդ նախագիծ է մնալու»:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնող Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը վերապահումներով է դրական եզրակացություն ներկայացրել օրենսդրական փաթեթին, այն պայմանով, որ իրենց առաջարկությունները կներառվեն ԱԺ քննարկմանը ներկայացվող օրինագծերում: Կառավարության ներկայացուցիչը հանձնաժողովականներին հավաստիացրել է, որ խորհրդարանի նիստում օրինագծերի փաթեթը կներկայացվի փոփոխված, ինչը, ըստ Հակոբյանի, չի արվել: Նա հարցը քննարկելու համար առաջարկեց հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել:

Հարցի առնչությամբ ելույթ ունեցող ԱԺ պատգամավորների մտահոգությունները բազմազան էին, առաջարկները` բազմաբնույթ: Արեգ Ղուկասյանը եւ Արա Նռանյանը դեմ արտահայտվեցին հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտի ներդրմանը: Արծվիկ Մինասյանի համոզմամբ էլ` օրենսդրական փաթեթի ներկայացումը չմտածված քայլ է, որն ուղղված է բիզնես ոլորտը թուլացնելուն եւ աղճատելուն, մոնոպոլիստական կապիտալիզմի դրսեւորում է: Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ կառավարությունը տնտեսվարողներին հարկային դաշտ բերելու հարցում ունի համապատասխան լծակներ եւ պարտադիր չէ հարկային մարմնի ներկայացուցչի միջոցով հարցը լուծել: Նա կարծում է, որ օրինագիծն անընդունելի է, ուստի կառավարությունը պետք է հետ վերցնի:

«Այս նախագծի նպատակն է ընդամենը հնարավորություն տալ, որպեսզի հարկային մարմիններն իրենց հսկողության տակ վերցնեն տվյալ հարկ վճարողի իրացման շրջանառության, իրացման ծավալների նկատմամբ վերահսկողությունը եւ շատ արագորեն արձագանքեն հարկ վճարողների սխալին, որը կբերի հարկային վարչարարության թերությունների նվազեցմանը», հայտարարեց Սուրեն Կարայանըՙ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցերին: Նա շեշտեց, որ հարկային տեսուչները չեն ծանոթանալու ընկերությունների տեխնոլոգիաներին կամ բիզնես գաղտնիքներին, պարզապես պետք է վերահսկեն հարկային թղթաբանությունը:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանում հարկային փաթեթի քննարկման ժամանակ հարակից զեկուցողՙ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանին «մեխանիզմ» առաջարկեցՙ կազմակերպել իրենց հանձնաժողովի արտահերթ նիստ:

«Ձեզ առաջարկում եմ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել, եւ հարցը մեկ անգամ եւս քննարկել: Իմ տպավորությամբ հանձնաժողովի անդամների բացարձակ մեծամասնությունը դեմ է արտահայտվում այս նախագծին: Միայն ՀՀ Ազգային ժողովում է հնարավոր, երբ հանձնաժողովի անդամները դեմ են արտահայտվում, իսկ հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն», հայտարարեց Վ. Դալլաքյանը:

Ավելին, ըստ պատգամավոր Դալլաքյանի, կարող են մարդիկ դեմ ելույթներ ունենալ, հարցադրումներ ներկայացնել լրագրողների եւ հեռուստատեսության համար, եւ դրանից հետո մեկ մատի շարժումով կողմ քվեարկել:

«Նախագիծը միաձայն ներկայացրել է կոալիցիոն կառավարությունը: Ի՞նչ եք կարծում, կոալիցիոն խորհրդարանն ինչպե՞ս պետք է իր վերաբերմունքն արտահայտի: Կա՞ կոալիցիոն կառավարություն, կա՞ կոալիցիոն խորհրդարան, թե՞ ոչ», հարցին պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ կփորձեն հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել:

«Եթե առանց փոփոխությունների կողմ քվեարկվի, կընդունեմ, որ Ձեր ասածը համապատասխանում է իրականությանը, բայց ես համոզված եմ, որ պատգամավորների մեծ մասը ներկայացված նախագծին կողմ չի քվեարկի: Եթե ես սխալվեմ, ներողություն կխնդրեմ», հայտարարեց Հակոբ Հակոբյանը:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Վիկտոր Դալլաքյանը նշեց, թե պատգամավորներն այսօր աղմուկ-աղաղակ կբարձրացնեն, իսկ հաջորդ քառօրյայում արդեն կգան եւ բնազդաբար «կողմ» կքվեարկեն առաջարկվող նախագծին:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4