Ռուսաստանի Կալուգա քաղաքում լույս տեսնող երկլեզու (հայերեն-ռուսերեն) «Գործարար» հանդեսը 10 տարեկան է:
Սա սոսկ հոբելյան չէ: Սա հետադարձ հայացք գցելու, արած-չարածը չափելու, հիշողություն արթնացնելու առիթ է:
Տարիներ շարունակ հանդեսը դրվել է ընթերցողի սեղանինՙ չկորցնելով իր դեմքը: Իսկ դեմքն այդ ներկայանալի է ճշմարիտ խոսքով, որով կամրջվում են մայր հայրենիքն ու սփյուռքը: Ինչպես ընդգծում է «Գործարարի» գլխավոր խմբագիր Վահրամ Բեկչյանը, կարեւոր շեշտը դրվում է ոչ թե նյութական արժեքների, շքեղության, այլ ազգային գաղափարի, դրա շուրջը ժողովրդի համախմբվածության վրա: Այս մեկնակետով, ահա, տարբեր տարիների ակնարկներ, հոդվածներ են գրվել մեծանուն Շառլ Ազնավուրի, քանդակագործ Արա Սարգսյանի, բանաստեղծուհի Մետաքսեի, սփյուռքի եւ հայրենիքի շատ այլ արվեստագետների, մշակույթի գործիչների մասին, հրապարակվել են նրանց գործերն ու ստեղծագործությունները:
... 10 տարիՙ 118 համար. ամեն մեկն ավելի քան 5 մամուլ: Ասել էՙ տասնյակ հաստափոր գրքեր, որոնցում ներկայացված են հայ համայնքներ, մեծանուն մարդիկ... «Գործարարում», բնականաբար, քիչ տեղ չի հատկացվում գլխավոր խմբագրի հարազատ ոստանինՙ Լոռուն, որը ընթերցողին է մատուցվում հանդեսի հայաստանյան ներկայացուցիչ Լեւոն Խաչատրյանի ջանադիր աշխատանքի շնորհիվ:
- Տասնամյա ճանապարհը, ինչպես եւ ամեն մի սկիզբ, սկսվում է առաջին քայլից,- հեռախոսազրույցի միջոցին ասաց Վահրամ Բեկչյանը :- Առաջին քայլերն արդեն իսկ երերուն չէին. դրանք կատարվեցին ճանաչված գործարար Սամվել Կարապետյանի գործուն աջակցությամբ: Այդ քայլերը կատարվել եւ կատարվում են այնպիսի օրերում եւ ժամանակներում, որոնք մերն են: Ու մերն է հաջողությունը: Քանի որ հաջողությունը հաղթում է այնքանով, որքանով ձգտում ենք նրան: Ձգտում ենք առանց գունազարդելու, առանց սեթեւեթանքիՙ մաքուր հոգով, մաքուր ձեռքերով...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Ազգը» շնորհավորում է «Գործարարի» աշխատակազմին, հրատարակման բոլոր աջակիցներինՙ 10-ամյա տարեդարձի առթիվ, մաղթում ստեղծագործական հաջողություններ: