«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2009-05-20 | #92, 2009-05-21 | #93, 2009-05-22


ԳԵՐՄԱՆԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գյումրու «5-րդ հարկ» մշակութային խումբը եւ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ոչ ֆորմալ կազմակերպությունը իրականացնում են «Անվերջ բազար» նախագիծը, նպատակ ունի հայ հանրությանը գերմանական ժամանակակից արվեստին ծանոթացնելու միջոցով նպաստել միջմշակութային երկխոսությանը նաեւ Հայաստանի մարզերի մասնակցությամբ: «Հայաստանում Գերմանիայի շաբաթների» շրջանակներում, այս երկրի դեսպանության եւ «ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ իրագործվող ծրագրի առաջին միջոցառումը գերմանացի արվեստագետ Հարալդ Շլյուտիխի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսն է, որը բացվեց մայիսի 19-ին, Ասլամազյան քույրերի պատկերասրահում: Մեր երկրում գերմանացի այս ֆոտոլրագրող եւ կինովավերագրողի երկշաբաթյա աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են, նաեւ, Գյումրիում ու Վանաձորում վավերագրական ֆիլմերի ցուցադրում, տեղի բուհերում մասնագիտական դասախոսությունների, աշխատանքային արվեստանոցների կազմակերպում, Գյումրու մասին վավերագրական ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքներ:

«Անվերջ բազար»-ը, նախ, Գյումրիում բացված ցուցահանդեսի, ապա ընդհանրացված` նաեւ ողջ նախագծի անվանումն է, որի բացատրությունը փորձում է տալ ինքը` Հարալդ Շլյուտիխը: Նա 2005 թ. փետրվար-մարտ ամիսներին երեք շաբաթ աշխատանքային գործուղումով եղել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, աշխատանքից ազատ ժամերին լուսանկարչական ապարատն առած շրջել, խորապես հուզվել 25 տարի շարունակվող պատերազմից ավերակների վերածված քաղաքի պատկերներից, պարզագույն ռեսուրսներով նոր կյանքի հիմք դնելու մարդկանց ջանքերից... «Ողբալի քաղաքի խառնաշփոթի» մեջ նրա ուշադրությունն են գրավել իրենց ամենօրյա աշխատանքով զբաղված փողոցային մանրավաճառները, նրանց փոքրիկ կրպակները, եւ իր մեջ այն տպավորությունն է ստեղծվել, որ շուկան մարմնավորում է քաղաքի հոգին: «Սովորաբար բազար` շուկա հասկացությունը ձեւակերպվում է որպես առեւտուր անելու միջավայր, ապրանքաշրջանառության ոլորտ, ուր ձեւավորվում են սոցիալ-տնտեսական հարաբերություններ: Բայց...ոչ սովորական տեսողությամբ փորձենք մտնել շուկա, եւ մեր առջեւ կբացվի ուրույն աշխարհ` իր յուրօրինակ կանոններով, նպատակներով, մարդկային փոխհարաբերություններով: Այստեղ ամենքը փորձում են ինքնահաստատվել, ասես ապրանքափոխանակությունը դառնում է ձեւական: Կրելով հասարակական-հոգեբանական բնույթ` այսպիսի շուկան դառնում է բազմամշակութային հաղորդակցման օջախ, բազարը վերածվում է մշակութային երեւույթի, որն անսպառ է, վերջ չունի»:

Սա բոլոր դեպքերում անսովոր դատողություն է, որն, այնուամենայնիվ, մտածել է տալիս... Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ու ողջույնի խոսք ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տկն Անդրեա Վիկտորինը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4