Եվրոմիության նոր` Արեւելյան գործընկերության քաղաքականության մեկնարկից առաջ եւ դրանից հետո էլ եվրոպական առաջնորդները ջանք չէին խնայում Ռուսաստանին համոզելու, որ այն ուղղված չէ նրա դեմ: «Այս նախագիծն ուղղված չէ որեւէ մեկի դեմ: Ով կարծում է, թե այն ինչ-որ մեկի դեմ է, սխալվում է: Մենք սա բազմաթիվ մակարդակներով բացատրել ենք Ռուսաստանի ղեկավարությանը»: Այս հայտարարությունը Եվրոմիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան արեց մայիսի 7-ին` Արեւելյան գործընկերության գագաթաժողովի եզրափակիչ ասուլիսում: Եվրոմիության նոր նախաձեռնությանը թերահավատորեն մոտեցող Մոսկվայի մտահոգությունները փարատելու գործը շարունակեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը կրկին հավաստիացրեց, որ ծրագիրը ոչ թե ուղղված է որեւէ մեկի` մասնավորապես Ռուսաստանի դեմ, այլ նպատակ ունի սերտացնելու դրանում ընդգրկված երկրների կապերը Եվրոմիության հետ:
Որքանո՞վ են անկեղծ եվրոպական առաջնորդների այս հավաստիացումները: Այս հարցը պետք է որ ծագի ոչ միայն Մոսկվայում, այլեւ Արեւելյան գործընկերության մեջ ընդգրկված հետխորհրդային 6 երկրների մայրաքաղաքներում եւս: Կան մի շարք փաստարկներ, որոնք թույլ են տալիս մտածել, որ Բրյուսելն ավելի շուտ անկեղծ է, քան հակառակը:
Նախ ռուս-վրացական պատերազմից հետո Բրյուսելի համար պարզ դարձավ, որ ի տարբերություն ԱՄՆ-ի` տարածաշրջանում իր ավելի մեծ ներգրավման դեպքում հակասությունները հնարավոր կլիներ կարգավորել ավելի քաղաքակիրթ ձեւով: Բացի այդ, Եվրոմիության շահերը միշտ չէ, որ համընկնում են Միացյալ Նահանգների շահերի հետ: ԵՄ վերջին ընդլայնումից հետո դրա ներսում մի տեսակ շեղում տեղի ունեցավ դեպի ԱՄՆ: Ի վերջո, նոր անդամները գերազանցապես նախկին սոցճամբարի արեւելաեվրոպական պետություններն էին, որոնցում հակառուսական տրամադրությունները գերակշռող են: Եվ ուրեմն, արեւելյան վեց գործընկերներին Եվրոմիության հետ ավելի սերտ համագործակցություն առաջարկելով` կառույցը հաշվի էր առնում, որ դրանց թվում կան Ռուսաստանի վստահելի գործընկերներ Հայաստանն ու Բելառուսը: Այդպիսով` հավասարակշռվում էր Վրաստանի եւ Ուկրաինայի հակառուսական կեցվածքը:
Իսկ ի՞նչ կարող է քաղել Հայաստանն այս ծրագրին մասնակցելուց` միաժամանակ չկորցնելով Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը: Ակնհայտ է, որ գոնե առաջիկա տասնամյակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու խնդրի առջեւ կանգնելը Հայաստանի համար անընդունելի է: Մենք դեռեւս չենք լուծել սեփական անվտանգության խնդիրը եւ առաջիկա տասնամյակներին չենք լուծի այն չափով, որ կարողանանք միայնակ մնալ թուրք-ադրբեջանական հարեւանության հետ: Սակայն ինչպե՞ս կարող է Հայաստանը, ՀԱՊԿ-ի մեջ մնալով, չդառնալ Ռուսաստանի ծայրամասային գավառ եւ պահպանել ինքնուրույնությունը: Այս առումով, Հայաստանի շահերից է բխում, ասենք, Ուկրաինայից եւ Մոլդովայից հետ չմնալը եվրոինտեգրման ճանապարհին: Հայաստանը պետք է ցույց տա, որ այս երկու ուղիները համադրելի են, եւ ջախջախի այն կարծրատիպը, որ ՀԱՊԿ-ի անդամը չի կարող լինել կամ հավակնել ԵՄ անդամակցության:
Բացի մանեւրելու հնարավորությունից` Արեւելյան գործընկերությունը Հայաստանի համար եւս մեկ կարեւոր նշանակություն ունի: Այն հնարավորություն է տալիս չեզոքացնելու ՎՈՒԱՄ-ից եկող թեկուզ անուղղակի սպառնալիքը: Որեւէ մեկի համար բացահայտում չէ, որ ՎՈՒԱՄ-ը, թեկուզ չհայտարարված, աշխատել է Հայաստանի դեմ: Դրա հետեւանքները չափից դուրս զգալի են հատկապես միջազգային ասպարեզում: Պետք չէ մոռանալ, որ այդ կառույցի մեջ ընդգրկված պետությունները միավորվել են նախ եւ առաջ տարածքային ամբողջականության սկզբունքի շուրջը: Եվ Ադրբեջանն այդ կառույցի միջոցով նպատակ էր հետապնդում Հայաստանի մեկուսացման թուրք-ադրբեջանական գծին ավելացնել նաեւ ՎՈՒԱՄ-ի գիծը: Եվ եթե նրանք հաջողեին, ու Հայաստանը դուրս մնար Արեւելյան գործընկերությունից, նման մի բաժանարար գիծ դրած կլիներ նաեւ Եվրոպան:
Ուրեմն, Երեւանին մնում է բավականաչափ ճկուն քաղաքական գիծ տանել` Արեւելյան գործընկերության ընձեռած բոլոր հնարավորություններից օգտվելու եւ մարտահրավերներին արժանի կերպով դիմագրավելու համար, ուղեգիծ, որն արեւելյան գործընկերության գաղափարի երեւան գալուց ի վեր, կարծեք, ուրվագծվում է Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացումներում եւ իր հավաստումը գտավ նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Պրահայում` գործընկերության մեկնարկային գագաթաժողովի ժամանակ ունեցած հավասարակշռված ելույթում:
Ս. Մ.