«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2009-05-21 | #93, 2009-05-22 | #94, 2009-05-23


ՆՇՎՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ վաստակաշատ պատմաբան, հրապարակախոս, պետական գործիչ Ջոն Կիրակոսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ:

Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը :

Ջոն Կիրակոսյանն իր սերնդակիցների մեջ առանձնանում էր ինքնատիպ խառնվածքով: Նա ներքուստ ազատ, կաշկանդվածություն չունեցող անձնավորություն էր: Նրան հատուկ էին մարդու եւ քաղաքացու խիզախ, երբեմն էլ հանդուգն պոռթկումները: Այդ հանգամանքը եւ հայրենասիրությունն ու ազգային արժանապատվությունը բարձր պահելու հավատամքը պայմանավորեցին, որ նա պատմագիտության մեջ գրավի համարձակ, արդար եւ հետեւողական դիրքորոշում:

Ազգային հիմնախնդիրներով աշխույժ զբաղվելու 60-ական թվականների ազատամտական ընդհանուր մթնոլորտում Ջոն Կիրակոսյանն անվերադարձ դիմաշրջվեց դեպի արեւմտահայության պատմությունը, դեպի Հայ դատը: Եվ այդ բնագավառում իր կարճատեւ կյանքի հետագա երկու տասնամյակներում ոգեշունչ ու անդուլ աշխատանքով մեծ արդյունքների հասավ: Նրա ուսումնասիրությունների պատմագիտական նոր ուղղվածությունը հատկանշվեց 1965-ին լույս տեսած «Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը» մենագրությամբ:

Այսպես ներկայացրեց Ջոն Կիրակոսյանին ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը : Ելույթ ունեցան ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը , Լյուդվիգ Ղարիբջանյանը , պրոֆեսոր Հայկ Ղազարյանը եւ ուրիշներ:

«Ջոն Կիրակոսյանինՙ որպես պատմաբանի, ցեղասպանագետի, պետական գործչի, դիվանագետի համարում եմ իմ ուսուցիչը: Երբ նա արտաքին գործերի նախարար էր, ես հաճախ էի երիտասարդ լիդերներին տանում իր հետ հանդիպման: Եվ մի օր նա ինձ ասաց. «Աղջիկս, դու պետք է լավ ճանաչես ու հասկանաս սփյուռքը»: Ես ասացի, որ մենք որեւէ նյութ կամ փաստաթուղթ չունենք. ես որեւէ ձեւով չեմ կարող դա կարդալ կամ իմանալ: Նա ասաց, որ ստանում է սփյուռքի թերթերը, որոնք գաղտնի են, որոնք չեն հրապարակվում կամ տրամադրվում հասարակությանը, «անպայման քեզ կուղարկեմ»: Եվ առաջին անգամ ես «Յառաջ», «Ազդակ», «Ազդարար», «Մասիս», «Նոր աշխարհ» թերթերը ձեռքս առա Ջոն Կիրակոսյանի օգնությամբ», ասում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը :

Ջոն Կիրակոսյանի որդին` Արման Կիրակոսյանը , իր շնորհակալությունը հայտնեց Ռադիկ Մարտիրոսյանին` հոբելյանական միջոցառումը կազմակերպելու, կառավարական հանձնաժողովը նախագահելու համար:

Լույս է տեսել «Անկախ պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքներում» ժողովածուն:

«Ինչո՞ւ եմ այսպես անվանել այս գիրքը: Ես կարծում եմ, որ մինչեւ օրս դեռ Ջոն Կիրակոսյանին լավ չեն հասկացել, թե ինչ է ցանկացել ասել: Ո՛չ բոլորը գիտեն եւ ո՛չ բոլորն են ուշադիր կարդում իրեն, իր փաստաթղթերը, գիտական աշխատանքները: Սա շատ կարեւոր է նաեւ դիվանագետներիս համար` լուծելու շատ դժվարին խնդիրներ, որոնք կանգնած են մեր ՀՀ-ի առջեւ: Այս գիրքն այն մասին է, որ նույնիսկ Խորհրդային Հայաստանի պայմաններում նա փորձում էր պետականորեն մոտենալ այս խնդիրներին եւ իրապես ստեղծել մի մթնոլորտ, համապատասխան կարծիք ստեղծել, որպեսզի մարդիկ հասկանան: Իր կարճատեւ կյանքի ընթացքում փորձեց դա բացատրել: Երկրորդը քաղաքական հայագիտությունն է, որտեղ փորձեց միահյուսել իր գործունեությունը քաղաքագիտության հետ: Այս գիրքը նվիրված է իրեն. այստեղ իրենից ոչինչ չկա, այստեղ հավաքված են այն մարդկանց խոսքերն ու ասելիքները, գրախոսությունները, նամակները, որոնք ուղղված են Ջոն Կիրակոսյանին», ասաց Արման Կիրակոսյանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4