Երեկ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ծանոթացավ զորակոչի ընթացքին, հանդիպեց զորակոչիկների եւ նրանց հարազատների հետ:
Մայիսի 11-ից արդեն սկսվել եւ ընթանում է գարնանային զորակոչը: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՊՆ գլխավոր շտաբի պետը, նախատեսված պլանով արդեն վերջին 14 օրվա ընթացքում զինվորական ծառայության են մեկնել զորակոչիկների 30 տոկոսը: Ըստ Յու. Խաչատուրովի` զորահավաքն առանց խոչընդոտների է ընթանում, բնականոն հունով:
«Ես ուզում եմ, որ բոլորն իմանան այս մասին. կան դեռեւս անկարգ մարդիկ` զինվորականների եւ քաղաքացիների մեջ, որոնք, այսպես ասած, խաղեր են խաղում` մոտենում են մարդկանց, ծնողներին, հարազատներին եւ առաջարկում են իրենց ծառայությունները: Ես ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, ճիշտն եմ ուզում ասել, որ դա խաբեություն է: Դեռ ոչ ոք չգիտի, թե ով ուր է ընկնելու: Որոշվելու է մի քանի րոպեից` 10-15 րոպեից, երբ ես կնստեմ աշխատանքային սեղանի մոտ, հենց այստեղ` զինվորական հավաքակայանում: 15 րոպեից կորոշվի, թե ով է սահմանում, Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ այլ տեղ ծառայելու: Ծնողներին եմ ասում` մի դարձրեք դրան ուշադրություն: Սպասեք այն պահին, երբ ձեզ կհաղորդեն, թե ձեր որդին ուր ընկավ: Եվ դա կլինի ամենաճիշտ որոշումը: Մենք այս անգամ ամեն միջոց օգտագործելու ենք` խուսափելու նման բաներից», նկատեց Խաչատուրովը անդրադառնալով այն հարցին, թե շատերը նախօրոք կաշառք են տալիս այս կամ այն համակարգում աշխատողին` իրենց տղաներին ուզած զորամասում ծառայության ուղարկելու համար:
Հարցին, թե եղե՞լ են կաշառք տալու դեպքեր եւ ի՞նչ է արվել, Յու. Խաչատուրովը նշեց, որ դեռեւս մեկ սպա է զինկոմիսարիատում ձերբակալվել` կաշառք վերցնելու պահին:
«Այստեղ բռնելը շատ դժվար է. ե՛ւ ծնողներն են խուսափում, չեն ուզում խոսել, ե՛ւ կաշառք վերցնողները չեն խոստովանում: Եթե բռնում ենք, անպայման տեղյակ ենք պահում, եթե բռնվում են, պատասխանատվություն են կրում: Շատ խիստ ենք պատժում: Հեռացնում ենք զինված ուժերից եւ քրեական պատասխանատվության ենթարկում: Մենք հեռախոսահամարներ ունենք. եթե կա նման ինֆորմացիա, զանգահարեք, ձեր բոլոր զանգերը կգրանցվեն, ոչ ոք ոչինչ չի կարող թաքցնել», ասում է Խաչատուրովը:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ են եղել, թե զինծառայողներին այս կամ այն զորամաս գցելու համար որքան գումար է հարկավոր, եւ որտեղ շոշափվել է Յու. Խաչատուրովի անունը, Խաչատուրովը պատասխանեց. «Իմ մասին շատ բաներ են պատմում. ասում են, որ ես Ադրբեջանին զենք եմ տվել, ես կազինո եմ գնում ու 20 միլիոնի խաղադրույք եմ արել: Ես ոչ մի կազինոյում էլ չեմ եղել, ե՛վ ադրբեջանցիներին զենք չեմ տվել: Միգուցե ձեր հարեւաններն էլ ինչ որ բան են ասում: Եթե կան այդպիսի փաստեր, ասեք, ես իմ ուսադիրները ձեզ կտամ եւ կգնամ բանտ իմ ոտքերով: Ես չափազանց հանգիստ եմ եւ ուզում եմ, որ դուք էլ հավատաք ինձ»:
«Ազգ»-ի հարցը վերաբերում էր պայմանագրային զինծառայողներին, թե համալրման գործընթացը շարունակական բնույթ կրելո՞ւ է: Խաչատուրովը նշեց, որ պայմանագրային զինծառայողները համալրվում են ՀՀ ԶՈՒ, դրանց հիմնական մասը ծառայության է անցնում սահմանամերձ գոտիներում:
Ն. Մ.