Մայիսի 25-ին Երեւանում կայացավ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) կազմակերպած 2008-ի մրցանակաբաշխությունը, որի գլխավոր հովանավորն է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: Մրցույթներն անցկացվել էին Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ստեղծագործական միությունների հետ համատեղ: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ անցկացրած մրցույթում 5 գիտական աշխատանք է արժանացել մրցանակի: «Ճշգրիտ գիտություններ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Համլետ Ավետիսյանը, «Տեխնիկական գիտություններ եւ ինֆորմատիկա» անվանակարգում` Յուրի Ավետիսյանը, «Բնական գիտություններ» անվանակարգում` Տիգրան Կուրտիկյանը, «Հայագիտություն» անվանակարգում` Ալբերտ Ղարաֆյանը, «Հասարակական գիտություններ» անվանակարգում` Ավագ Հարությունյանը:
Բժշկական գիտությունների ակադեմիայի հետ անցկացված մրցույթի հատուկ մրցանակ է շնորհվել Լեւոն Մկրտչյանին` չարորակ ուռուցքների պրոֆիլակտիկայի բնագավառում իրականացրած հետազոտությունների համար:
Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հետ համատեղ անցկացված մրցույթում «Կամերային նվագախմբի համար գրված ստեղծագործություններ» անվանակարգում «Նարցիս» կամերային սիմֆոնիայի համար մրցանակի է արժանացել Էդուարդ Հայրապետյանը, Վահրամ Սարգսյանը` երկրորդ կարգի մրցանակի, լարային նվագախմբի համար գրած ստեղծագործության համար:
«ՀՀ պետական մենակատարների անսամբլի համար գրված ստեղծագործություններ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հակոբ Զոհրաբյանը: «Երգչախմբային երաժշտություն» անվանակարգում «Սիրո եւ տրտմության խոսքեր» ստեղծագործության համար դափնեկրի կոչման է արժանացել Մարտուն Իսրայելյանը, իսկ Աննա Հակոբջանյանը` «Տեր ողորմյա» խմբերգերի շարքի համար: Գեորգի Գյոդակյանին մրցանակ է հանձնվել «Հայ դասական երաժշտության ձեւավորման ուղիներ» գիտական աշխատության համար: Մրցանակի է արժանացել նաեւ Յուրի Հարությունյանը` Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների խոսքերով գրված «Երեք խմբերգ» ստեղծագործության համար:
Գրողների միության հետ համատեղ անցկացված մրցույթում «Լավագույն գրական ստեղծագործություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել Դավիթ Հովհաննիսյանը` «Ճյուղեր եւ տերեւներ» վիպակի, Դիանա Համբարձումյանը` «Աստված անօգնական նայում է մարդկանց» վիպակի, Հրաչյա Սարիբեկյանը` «Հոգեբուժարան» վիպակի համար: Հատուկ մրցանակի է արժանացել Վարուժան Այվազյանը` «Պատմություն մեծն Կովկասի» վիպակի համար:
Հայաստանի Ժուռնալիստների միության հետ համատեղ անցկացրած մրցույթում հաղթող են ճանաչվել Ռաֆիկ Սահակյանը` Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթում հրապարակած «Մոտ ու հեռու ծաղկած կարոտներ» ակնարկաշարի համար, Աղավնի Հարությունյանը` «Ազգ» օրաթերթում հրապարակած Թբիլիսիի հայկական Սբ Նորաշեն եկեղեցու պահպանման խնդիրներին նվիրված հոդվածաշարի համար, Շիրակի մարզի «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունը` երիտասարդ սերնդի արժեքային համակարգի ձեւավորմանը նպաստող «Փակագիծ», «Ես եւ դու», «Ստորակետ» հաղորդաշարերի համար, «Պանարմենիա» համահայկական տեղեկատվական ցանցը` երեք լեզուներով անկողմնակալ անվճար տեղեկատվություն սփռելու համար, Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագիրը` հայրենիք-սփյուռք հիմնախնդիրների արտացոլման եւ լուսաբանման համար, Արփեն Մովսիսյանը` «Արարատ» հեռուստաալիքով սփռած «Հայից հայ» հաղորդաշարի, եւ Ռուսլան Զաքարյանը` «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Արվեստ» էլեկտրոնային հանդեսում ազգային արվեստին նվիրված հրապարակումների համար: Մրցանակի է արժանացել նաեւ Արա Թորանյանը` Փարիզում հրատարակվող «Նուվել դ’Արմենի» ամսագրում հայրենիք-սփյուռք կապերը ամրագրող հրապարակագրական գործունեության համար:
Նշվեց, որ Նկարիչների միության հետ անցկացված մրցույթի արդյունքներն ամփոփվել են անցած տարվա հոկտեմբերին եւ մրցանակները հանձնվել են այդ առթիվ բացված ցուցահանդեսում:
ՌՀՄ-ի ադամանդակուռ «Ոսկե խաչ» շքանշանով պարգեւատրվեցին խմբավար Հովհաննես Չեքիջյանը եւ դուդուկահար Ջիվան Գասպարյանը` ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Մրցանակաբաշխության բացման արարողության խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ հայաստանյան գործարարների համար այս օրինակը կարող է լինել վարակիչ, իսկ ՀՀԿ եւ ՌՀՄ սահմանած մրցանակաբաշխությունըՙ ստեղծագործող անձանց գործունեության խթան:
ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի նախագահ Արա Աբրահամյանը հայտնեց, որ Հայաստանի մշակույթի նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի մրցանակաբաշխությունը համահայկական դարձնելու վերաբերյալ: Այն կանցկացվի ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Նա նշեց, որ 2010-ին հայտարարվելու է նաեւ նոր` Ջիվան Գասպարյանի անվան մրցույթ, որին մասնակցելու են հայկական նվագարաններ նվագող երաժիշտները:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նկար 1. Արա Աբրահամյանը շնորհավորում է «Ազգ»-ի թղթակից Աղավնի Հարությունյանին: