«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2009-05-23 | #95, 2009-05-26 | #96, 2009-05-27


ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է «ԿՐՏՍԵՐ ԵՂԲՈՐԻՑ»

Հունիսի 4-6-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու ԱՊՀ տնտեսական համաժողով, որի շրջանակներում նախատեսվում է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հանդիպումը: Նախագահների պրահյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս հայտնեցին, որ պետերբուրգյան բանակցություններում կարող է առաջընթաց գրանցվել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն դժգոհ էր պրահյան հանդիպումից եւ այդ դժգոհությունը արտահայտել է ամենաբարձր մակարդակներով` նույնիսկ մեղադրելով համանախագահներին հայամետ դիրքորոշման մեջ: Ադրբեջանը դժգոհ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված գործընթացից:

Եվ ահա, պրահյան հանդիպումներից հետո Ադրբեջանը փորձեց իր համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծել մինչեւ սանկտպետերբուրգյան հանդիպումը` խնդրելով Թուրքիայի վարչապետ Էրդողանին մի շարք հայտարարություններ անել եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել ԼՂՀ հիմնախնդրի հետ: Այս առումով բավականին հետաքրքրական է Էրդողանի պահվածքը: Ինչպես հիշում ենք, Ադրբեջանը ակնարկում էր, որ եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում անտեսի Ադրբեջանի շահերը, ապա Ադրբեջանը կթանկացնի Թուրքիա մատակարարվող գազի գինը: Բաքու կատարած այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետը կարողացավ չեզոքացնել այս սպառնալիքը, Ադրբեջանի հետ կնքվեց գազի մատակարարման նոր պայմանագիր ավելի «արդար» սակագնով:

Ադրբեջանը, հասկանալով, որ կորցնում է Թուրքիայի նկատմամբ ազդեցության տնտեսական լծակը, որը թերեւս ամենագլխավորն է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, դիմեց գաղափարական եւ տեղեկատվական ճնշման: Էրդողանի Բաքու կատարած այցի շրջանակներում ամբողջ Ադրբեջանը եւ ադրբեջանական ԶԼՄ-ները ողողված էին «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով: Էրդողանին այլ բան չէր մնում, քան հանգստացնել ադրբեջանական հիստերիան: Թուրքիայի վարչապետը, լինելով բավականին հասուն դիվանագետ, լավ հասկանում է քաղաքական հայտարարությունների եւ իրական քաղաքական գործընթացների տարբերությունը: Դրանով են բացատրվում վերջին շրջանում Էրդողանի կոշտ հայտարարությունները` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմամբ պայմանավորելու առումով: Սա Էրդողանի վերջին նվերը կարող էր լինել Ադրբեջանին մինչեւ պետերբուրգյան հանդիպում: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, ադրբեջանական ջանքերն ապարդյուն անցան, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, տարբեր մակարդակներով, զգուշացրին Էրդողանին` զերծ մնալ նմանատիպ հայտարարություններից եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում դերակատարում ստանձնելու ավելորդ ջանասիրությունից: Նախ ՌԴ վարչապետ Վ. Պուտինը հայտարարեց, որ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են համաձայնության գալ, իսկ միջնորդ երկրները պետք է միայն օժանդակեն այդ համաձայնության ձեռքբերմանը: Այնուհետեւ ԵԱՀԿ Մինսկի ԱՄՆ համանախագահ Մ. Բրայզան ակնարկեց, թե Թուրքիան արդեն իսկ կնքել է Հայաստանի հետ հաշտեցման համաձայնագիր (առանց նախապայմանների), որով սահմանների բացումը նախատեսված է հաջորդ փուլում: Իսկ վերջերս էլ ֆրանսիացի համանախագահ Բ. Ֆասիեն հայտարարեց, որ եթե Թուրքիայի վարչապետը պնդում է, թե հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը զուգահեռ գործընթացներ են, ապա էվկլիդեսյան երկրաչափության համաձայն, զուգահեռները երբեք չեն հատվում: Այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցույց տվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ընդհանրապես կապ չունի ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նմանատիպ վերաբերմունքը օգտակար է նաեւ Թուրքիայի եւ մասնավորապես Էրդողանի համար: Քանի որ արդեն իսկ չեզոքացված է տնտեսական ազդեցության լծակը, Թուրքիան հանգիստ խղճով կարող է շարունակել հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ եւ Ադրբեջանի վայնասունին ի պատասխան` մատնացույց անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Թուրքիայի ջանքերին ուղղված կոշտ դիրքորոշումը, նշելով, որ նմանատիպ հետագա նախաձեռնողականությունը կարող է էլ ավելի բարդացնել հենց Ադրբեջանի վիճակը:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4