«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2009-05-23 | #95, 2009-05-26 | #96, 2009-05-27


«ԹՈՒՐՔԻԱՆ ՁԵՎԱԿԱՆՈՐԵՆ Է ՓՈՐՁՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ Թուրքիան ձեւականորեն էր փորձում հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ:

«Անցած տարի, երբ սկսվում էին բանակցությունները, շատերը լավատեսորեն էին վերաբերվում: Մարդիկ գտան, որ ֆուտբոլային բանակցությունները լավ առիթ են: Բայց դրանից հետո Թուրքիան իր մարտավարությունը փոխեց: Մենք մինչեւ այսօր չենք փորձում պարզել, թե ինչո՞ւ», ասաց նա:

Ըստ Ա. Սարգսյանի, վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունն ավելի քան խոսուն էր:

«Նրանք միանգամայն պարզ հայտարարեցին, որ Թուրքիային Եվրոմիություն ներգրավելու խնդիր չկա, որքան էլ նա ցեղասպանություն ճանաչի կամ այլ բաներ անի: Թուրքիան էլ դա հասկացավ եւ որպեսզի ագրեսիվ պետության տպավորություն չթողներ, առաջ տարավ Ադրբեջանի նախապայմանների ծրագիրը», նշեց բանախոսը:

Ա. Սարգսյանը այն կարծիքին է, որ պետական, ռազմավարական հարցերի լուրջ ուսումնասիրության կարիք կար, որը հայկական կողմը չարեց: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը նա գնահատեց Թուրքիայի համար Եվրոմիության անդամ դառնալու «լավ առիթ»:

«Չպետք է մոռանանք, որ մենք սառը պատերազմի պայմաններում ենք Թուրքիայի հետ, անհրաժեշտ էր, որ աշխարհն իմանար, թե հայերն ի՞նչ են ուզում, Թուրքիան` ինչ, բայց նման քայլեր չձեռնարկվեցին», ասաց Ա. Սարգսյանը:

Այդ համատեքստում, ըստ Դեմկուսի առաջնորդի, հայկական կողմը կարող էր Թուրքիային առաջարկել համատեղ ծրագրերի իրականացում, այսինքն` «Թուրքիային բերել այն հարաբերություններին, որից նա հրաժարվել չէին կարող»:

«Օրինակ, մենք կարող էինք բնապահպանական համատեղ ծրագրեր իրականացնել, ազատ տնտեսական գոտու ձեւավորում կարող էինք առաջարկել: Պետք է տպավորություն ստեղծվեր աշխարհում, որ լուրջ ենք տրամադրված: Նախաձեռնողի դերից հանդես գալն անհամեմատ ձեռնտու է մեզ», վստահ է բանախոսը:

«Նախկինում ընդունված բոլոր պայմանագրերը` նաեւ մադրիդյան սկզբունքները, չեն կարող բավարարել հայկական կողմին այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավական հարցն արդեն լուծված է: Եթե մենք այս դիրքորոշումից չենք հանդես գալու բանակցություններում, մենք որեւէ այլ խնդիր կարգավորելու հնարավորություն չունենք», նշում է Ա. Սարգսյանը:

Նա անիրատեսական համարեց մի քանի տարի հետո Արցախում հարցում անցկացնելը` որոշելու, թե Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի՞ ինքնորոշման. «Դա նշանակում է, որ մենք ուղղակի ջնջում ենք մեր ողջ անցած ուղին»:

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է ինքը վերաբերվում ԼՂՀ կողմի բացակայությանը բանակցություններում, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ մասնակցությունն անհրաժեշտ է:

«Դեռեւս Բուդապեշտում ամրագրվել է, որ ամեն մի բանակցություն պետք է անցնի ԼՂՀ կողմի մասնակցությամբ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող կարգավորվել առանց նրա մասնակցության», նշեց բանախոսը:

Նա նաեւ ճկուն համարեց Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը` ավելացնելով, որ բոլոր հարցերում նախագահը պետք է «հայեցակարգային մոտեցումներ ցուցաբերի»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու կարեւորությանը` Դեմկուսի առաջնորդը խումբը որակեց «անարդյունավետ աշխատող»:

«Խումբը ստեղծվել է հարցին միջազգային մոտեցում ցուցաբերելու նպատակով, այլ աշխատանք նա չի անում», նշեց Ա. Սարգսյանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4