Այս տարվա հոկտեմբերից իրականություն կդառնան նաեւ Հայաստանում
Հարկային հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային կառավարման համակարգի եւ էլեկտրոնային թվային ստորագրության ներդրման անհրաժեշտության մասին վերջին մի քանի տարիներին շատ է խոսվել, բայց դրա կիրառումն անընդհատ հետաձգվում էր: Մինչդեռ դա էլեկտրոնային հասարակության կայացման հիմնական բաղադրիչներից եւ առաջին անհրաժեշտ քայլերից մեկն է: Նման համակարգերի ստեղծման եւ կիրառման միջոցով են տեղեկատվական տեխնոլոգիաները թռիչքային զարգացում ապրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան կամ Էստոնիան:
Մինչ զարգացման այդ մակարդակն ապահովելը, էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների եւ էլեկտրոնային ստորագրության ներդրումը նպաստում է գործարար միջավայրի բարելավման երկու կարեւոր խնդիրների լուծմանըՙ նվազեցնում է հարկային հաշվետվություններ ներկայացնելու համար ծախսվող գործարարի ժամանակը եւ վերացնում հարկային ծառայողների հետ գործարարի ուղղակի շփումը: Այսինքն, դրանով նվազում են կոռուպցիոն ռիսկերը եւ թեթեւանում հարկային հաշվետվությունների ներկայացման գործընթացը:
Այս համակարգի իրականացման նպատակով կառավարության նախորդ նիստում ընդունած որոշումը նպատակ ունի Հայաստանում հարկ վճարողներին հնարավորություն ընձեռել իրենց հարկային հաշվետվությունները, հաշվարկները, տեղեկանքները եւ հայտարարագրերը հարկային մարմնին ներկայացնելու էլեկտրոնային եղանակով: Սկզբնական շրջանում այդ հնարավորությունը կունենան ոչ բոլոր տնտեսվարողները: Վերոնշյալ համակարգը կներդրվի երկու փուլով, դրան նախ կմիանան որոշակի չափանիշներ ունեցող կազմակերպությունները:
Առաջին փուլում 2009-ի հոկտեմբերի 1-ից էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվություններ ներկայացնելու իրավունք կունենան տնտեսվարողների 3 խմբեր: Առաջին խումբը բանկերն են, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները, վերաապահովագրական ընկերությունները: Ընդհանուր առմամբՙ մոտ 250 կազմակերպություն: Երկրորդ խումբը պետական կառավարչական հիմնարկներ են, պետական ոչ առեւտրային հիմնարկները, որոնց նախորդ տարվա շրջանառությունը գերազանցում է 100 միլիոն դրամը: Դրանք թվով 100 կազմակերպություներ են: Եվ երրորդ խումբը այն կազմակերպություններն են, որոնց նախորդ տարվա իրացման շրջանառությունը գերազանցել է 500 մլն դրամը: Այսինքն, եւս մոտ 870 կազմակերպություն: Փաստորեն, առաջին փուլում իրենց հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով կներկայացնեն 1220 կազմակերպություն:
2010-ի հուլիսի 1-ից էլեկտրոնային եղանակով հարկային մարմնին ներկայացվող հաշվետվություններ ներկայացնողների թիվը կընդլայնվի եւ դրան կմիանան եւս 2950 կազմակերպություններ, որոնց նախորդ տարվա շրջանառությունը կազմում է 100-500 միլիոն դրամ:
Կա եւս մեկ հանգամանք, որը կարեւորում է այս որոշումը (ի դեպ, հարկային եւ այլ պարտադիր վճարների հաշվետվությունները փոստով կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը եւ պայմանները առաջիկայում կառավարության որոշման փոխարեն սահմանվելու են օրենքով): Կենսաթոշակային բարեփոխումների միջգերատեսչական աշխատանքային խմբի մշակած եւ կառավարություն ներկայացված միասնական եկամտահարկի եւ անձնավորված հաշվառման օրենքների նախագծերով նախատեսվում է հաշվետվությունները հարկային մարմնին ներկայացնել միայն էլեկտրոնային եղանակով: Այսինքն, մինչ այդ պետական եւ մասնավոր ընկերությունների զգալի մասը նախապես պատրաստ կլինի այդ գործընթացին, որը սկսվելու է 2010-ի փետրվարից:
Էլեկտրոնային թվային ստորագրություն ձեռք բերելուՙ դրա համար անհրաժեշտ գաղտնաբառն ու ծածկագիրը ստանալու համար վերոնշյալ ընկերությունները պետք է դիմեն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ, վճարելով 10 հազար դրամ առաջին անգամ եւ 5 հազար դրամ տարեկան:
Մի խոսքով, շատ շուտով Հայաստանում նույնպես առօրեական կդառնա էլեկտրոնային համակարգերի գործածությունը, ինչը հատկապես հրատապ է այժմՙ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Այն եւս մեկ քայլ կդառա բիզնեսի հոգսերը թեթեւացնելու եւ պետական կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ: Մնում է միայն կանգ չառնել կես ճանապարհին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ