«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2009-05-23 | #95, 2009-05-26 | #96, 2009-05-27


«ՅԱՌԱՋԻ» ԱՌԻԹՈՎ

Հայ լրագրի համար

Մեծ ցավով իմացանք, որ Փարիզի «Յառաջ» թերթը բաժնեգրություն է հայտարարել մինչեւ 2009 թվականի հունիս եւ հունիսից հետո թերթն այլեւս լույս չի տեսնելուՙ թերթը փակվելու է:

«Յառաջը» հիմնադրվել է 1924 թվականին, նշանավոր գործիչ եւ հրապարակագիր Շավարշ Միսաքյանի ջանքերով: Տասնամյակներ շարունակ Շավարշ Միսաքյանը խմբագրել է իր հիմնադրած լրագիրը մեծ նվիրումով ու եռանդով եւ կարողացել է թերթը պահել անհրաժեշտ մակարդակի ու բարձրության վրա: Շավարշ Միսաքյանից հետո նույն գործը նույն նվիրումով ու սրբությամբ շարունակում է դուստրըՙ հայ լրագրության ամենանշանավոր դեմքերից մեկըՙ Արփիկ Միսաքյանը: «Յառաջի» ու իր խմբագիրների մասին կարելի է շատ խոսել ու գրել եւ չսպառել նյութը: Համոզված ենք, որ այդ մասին գրքեր եւ ուսումնասիրություններ են գրվելու:

Իսկական թերթն այն է, որի էջերում ժողովուրդը տեսնում է ինքն իրեն, խոսում է ինքն իր հետ, ճանաչում է իր էությունը, այդ թերթի էջերում է որոնում իրեն հուզող հարցերի պատասխանները: «Յառաջը» տասնյակ տարիներ եղել է այդպիսին: Եվ հիմա, ցավ ի սիրտ, թերթը դադարեցնում է իր գործունեությունը:

Հազիվ թե կարիք կա ասելու կամ բացատրելու, թե ինչ առաքելություն ու նշանակություն ունի հայ լրագիրը հայ ժողովրդի, հայ համայնքի կյանքում: Մի բան, որ առաջնային է ու անհետաձգելի. հայ գրականության եւ մշակույթի հետ հայ մամուլը, հայ լրագիրն է ձեւավորել մեր ազգային ինքնագիտակցությունը եւ մեզՙ իբրեւ ժողովրդի:

Անկարելի է այսօր պատկերացնել Ֆրանսիայի հայ համայնքն առանց «Յառաջի», առանց «Յառաջի» նման որեւէ այլ լրագրի: Հայ լրագիրն է, որ միավորում է մարդկանց, ի մի բերում նրանց ջանքերը, անհատական գիտակցությունն ու գործունեությունը եւ դնում ազգային հիմքերի վրա: Լրագիրը ամրացնող այն ուժն է, որ ի մի է բերում ազգի հոգեկան եւ ֆիզիկական եռանդն ու կարողությունները:

Իսկ իր ուժերով եւ կարողությամբ ֆրանսահայությունը միշտ էլ եղել է հայՙ թերեւս ամենազորավոր համայնքը, զորավորՙ իր բացառիկ անհատներով, գրականությամբ, արվեստի ու մշակույթի փառահեղ դեմքերով ու ներկայացուցիչներով, փայլուն գործունեություն ծավալած եւ այսօր էլ նույնը շարունակող ազգային գործիչներով ու բարերարներով եւ, վերջապես, հայությանը, իրենց արմատներին եւ հայրենիքին նվիրված բոլոր ֆրանսահայերով: Եվ, իրոք, անկրկնելի է այս նույն ֆրանսահայությանը պատկերացնել առանց իր լրագրի եւ առանց իր մտքի ասպարեզի, առանց իր ձայնի, առանց ինստիտուցիոնալ այդ կառույցի:

Մենք հուսով ենք, որ զորեղ ու զորավոր ֆրանսահայությունը ուղի եւ միջոց կգտնի պահպանելու «Յառաջը»: Իսկ եթե դա այսօր այլեւս անկարելի է, ապա` պահպանելու «Յառաջի» մշակած բարձր ավանդները եւ ունենալու ի՛ր լրագիրը, որ ազգանպաստ ու ազգանվեր գործունեությամբ արժանի լինի կոչվելու «Յառաջի» ժառանգորդը...

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ, Նկարիչ
ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ, Գրականագետ
ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Գրող
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ, Գրող
ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ, Լրագրող
ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Հայաստանի լրագրողների միության նախագահ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ, Հրապարակախոս
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ, Հայաստանի գրողների միության նախագահ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ, Կոմպոզիտոր
ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ, Հայաստանի նկարիչների միության նախագահ
ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ
ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ, Մատենադարանի տնօրեն
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ, Խմբագիր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4