«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2009-05-26 | #96, 2009-05-27 | #97, 2009-05-28


ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ռուբեն Միրզախանյանն արժանացավ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը

Հանրապետության տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պետական պարգեւներ եւ կոչումներ հանձնեց պետական գործիչների, գիտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության, առողջապահության, լրագրության բնագավառների մի խումբ ներկայացուցիչների, ովքեր պարգեւատրվել էին երկրի ղեկավարի մայիսի 26-ի հրամանագրերով:

Իր շնորհավորական խոսքում նախագահ Սարգսյանը նշեց. «Արդեն բարի ավանդույթ է դարձել Հանրապետության տոնի առթիվ հայրենիքի բարձր պարգեւներ հանձնել նրանց, ովքեր իրենց գործով ու ձեռքբերումներով նպաստում են մեր երկրի համակողմանի զարգացմանը:

Համոզված եմ, որ հենց նման արժանավորների աշխատանքի ու նվիրումի շնորհիվ է, որ հասարակությունները հասունանում են, բարձրանում զարգացման նոր` ավելի բարձր աստիճանի: Նման անհատների շնորհիվ է, որ հասարակությունները ձեւավորում են չափանիշներ: Չափանիշների նշաձողը բարձր պահելը առաջընթացի լավագույն միջոց է:

Ես սրտանց շնորհավորում եմ պարգեւատրվածներին եւ մաղթում նորանոր հաջողություններ իրենց առաքելությունը կատարելու ճանապարհին»:

Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանն արժանացան ազգագրագետ, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արդի ազգաբանության բաժնի վարիչ Լեւոն Աբրահամյանը , Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանը : Վաստակավոր ճարտարապետի կոչման են արժանացել Հայաստանի ճարտարապետների միության նախագահ, Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դասախոս Մկրտիչ Մինասյանը , «Երեւաննախագիծ» ՊՓԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դասախոս Ալբերտ Զուրաբյանը :

Նախագահը վաստակավոր լրագրողի կոչում շնորհեց Նվեր Մնացականյանին եւ Արմեն Խանբաբյանին :

Իսկ վաստակավոր կոլեկտիվի կոչումը շնորհվեց «Բերդ» պարային անսամբլին:

«Վաստակավոր գործիչի կոչումը իրապես ինչ-որ մի տեղ պարտավորեցնում է: Եվ անշուշտ խնդիրներ ենք տեսնում էլ ավելի արդյունավետ եւ որակյալ դարձնելու մեր գործունեությունը Թեքեյան մշակութային միությունում, մանկավարժական եւ գիտական ասպարեզներում», նշեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանը:

Պատվո շքանշանի արժանացած քանդակագործ Դավիթ Բաբայանը 1986-ին կանգնեց դժվարին ընտրության առաջ. 24 ժամ տվեցին խորհրդային իշխանություններն անվանի քանդակագործին հայրենիքից հեռանալու համար: Դա չի կարողանում մոռանալ, սակայն շարունակում է հավատալ Հայաստանի վերածննդին:

«Կրելով ազգիս կտակը, որ տվեց ինձ իմաստություն, Արցախը չտեսնելովՙ 86-ին կանգնեցրել եմ կնոջ արձանը», ասաց նա:

Լրագրող Նվեր Մնացականյանի խոստովանությամբՙ իրեն առավել ոգեշնչում է շարքային քաղաքացու ճիշտ գնահատականը. «Ճիշտ գնահատականներ եմ լսում, ինչպես նաեւ առողջ քննադատություն: Ես կուզեի, որ լրագրողների նկատմամբ սկսված արշավը դադարեցվեր: Այստեղ իշխանությունները, իրավապահ մարմինները լուրջ անելիքներ ունեն: Պետք է բացահայտվի, թե որտեղ է որոշվում` որ լրագրողին եւ ինչու պետք է ծեծի ենթարկեն»:

«Գոյ» թատրոն-լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը լրագրողներիս հետ զրույցում նշեց, որ իր համար այս ամենը շատ պարտավորեցնող ու միեւնույն ժամանակ հաճելի էր. «Ես կգերադասեի, որ իմ աշխատելու հնարավորությունները Հայաստանում ավելի ֆիքսվեին: Ամեն դեպքում, գնահատել են աշխատանքդ, արածդ, 25 տարի բեմում քիչ ժամանակ չէ: Ես մի քիչ մրցանակներին այլ կերպ եմ նայում, ես դեռ թոշակի չեմ ուզում անցնել: Ես կարծում եմ, որ դա վերջում է պետք: Ինձ հիմա աշխատանքների հնարավորություններն են հետաքրքրում: Բայց շնորհակալ եմ, որ նկատել են:

«Գտնում եմ, որ այս ուշադրությունը ստեղծագործողի համար շատ կարեւոր է: 35 տարի կինոյում նկարահանվել եմ, ֆիլմեր եմ նկարել, ե՛ւ հեղինակային, ե՛ւ որպես բեմադրող օպերատոր: Բայց եթե չեն գնահատում` ինչ-որ թեւաթափ վիճակ է ստեղծվում: Իսկ երբ գնահատում են, ավելի ես ոգեւորվում ու մտածում` իզուր չես ապրել այս բնագավառում, ինչ որ գործ ես թողել», ասում է կինոօպերատոր Վրեժ Պետրոսյանը :

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4