Հունիսի 22-27-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որի օրակարգում, ինչպես քանիցս հավաստել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, կընդգրկվի Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների ավելի քան մեկ տարում կատարվածի գնահատականի քննարկումը:
Ապրիլյան նստաշրջանում Հայաստանի հարցը չընդգրկելու հիմնական պատճառ էր նշվում այն հանգամանքը, որ հայկական իշխանություններին լրացուցիչ ժամանակ է տրվել «կարգավորելու» մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալվածներին առնչվող հարցերը: Եվ կարծես այդ լուծումը կլինի համաներման տեսքով, ինչպես եւ ժամանակին առաջարկում էին խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սարդարապատում Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված տոնակատարության ժամանակ, ինչպես տեղեկացրել ենք վերեւում, նշել է, որ պատրաստ է համաներում հայտարարել. «Եթե պարզվի, որ իսկապես անհրաժեշտ է համաներում հայտարարել, ես անմիջապես այդ հարցով կդիմեմ խորհրդարան»:
Մի որոշ ժամանակ առաջ էլ համաներման հնարավորության մասին հայտարարել էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Համաներումը դժվար չէ կռահել, որ կվերաբերի 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ձերբակալվածներին, որոնց առնչությամբ «7-ի գործը» բաժանվեց մասերի: Առավել եւս հաշվի առնենք, որ առջեւում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է, որտեղ Հայաստանի հարցով համազեկուցողները կարող էին կրկին ծանր կացության մեջ դնել Հայաստանին` ԵԽԽվ պահանջները ամբողջությամբ չկատարելու համար:
Եթե համաներման գործընթացը արագ անցկացվի եւ իսկապես ընդգրկի «7-ի գործով» ձերբակալվածներին, ապա ԵԽԽՎ-ն ամենայն հավանականությամբ գոհ կմնա ԵԽԽՎ բանաձեւերի կատարումից: Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարող է մնալ մոնիտորինգի հանձնաժողովի համար դիտարկման երկիր, քանի որ ԵԽԽՎ բանաձեւերում ընդգրկված պահանջ-առաջարկությունները չեն վերաբերում միայն բանտարկյալներին:
Ա. Հ.