«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2009-05-27 | #97, 2009-05-28 | #98, 2009-05-29


«ԲԻԶՆԵՍԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱԼԱՎ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԵՆ»

Այս խորագրի ներքո լրագրող Քրիստին Լաուբենշտայնը «Ուոթերթաուն Թեբ» թերթում (Ուոթերթաուն, Մասաչուսեթս) գրում է «Հարվարդ Բիզնես Ռիվյու» ամսագրի եւ նրա նորանշանակ գլխավոր խմբագրի` Էյդի Իգնեյշըսի (Ադի Իգնատիոս) մասին:

Բիզնեսի կառավարման բնագավառում բարձր հեղինակություն վայելող ամսագիրը ունի 54 աշխատակից: Տպագրվում է 246 հազար օրինակ Մ. Նահանգներում (ներքին սպառման համար): Ունի 71 հազար բաժանորդ արտասահմանում: Տարեկան բաժանորդագրության արժեքն է 112 դոլար: Առանձին համարների արժեքն է 16 դոլար: Հրատարակիչն է Հարվարդի համալսարանի հրատարակչության բիզնեսի բաժինը: Ներկա պայմաններում ամսաթերթը օգտակար եւ գործնական խորհուրդներ է տալիս հատկապես մանրածախ առեւտրի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Խորհուրդներ է տալիս նաեւ միջին ձեռնարկատերերին, որպեսզի առանց աշխատուժի կրճատումների կարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Լրագրողը նշում է, որ գլխավոր խմբագիրը ծնվել է Կալիֆոռնիայում եւ մեծացել Վաշինգտոնում: Հոր կողմից հայկական ծագում ունի: 50 տարեկան է, ամուսնացած է, ունի 3 զավակ: Կինը` Դինդա Էլիոթը «Կոնդի նաստի» խմբագրի տեղակալն է: Բիզնես ամսաթերթի գլխավոր խմբագիր նշանակվելուց առաջ Էյդին «Ուոլ սթրիթ ջոռնըլի» տնտեսության գծով թղթակիցն է եղել Մոսկվայում եւ Չինաստանում: Ներկայացրել է միջազգային կարեւոր դեմքերին, որոնց թվում Վլադիմիր Պուտինին: Հոնկոնգում եղել է Time Asia թերթի խմբագիրը:

«Նա շատ պատրաստակամ է, նվիրված գործին եւ ունի ուրիշներին լսելու հատկություն: Նաեւ հումորի սուր զգացողություն: Լրագրության ասպարեզում նրա հարուստ փորձը անկասկած մեծապես նպաստելու է ամսաթերթի վարկի ոչ միայն պահպանմանը, այլեւ բարձրացմանը», նշել է ամսաթերթի կադրերի բաժնից Քրիստին Ջեկը:

Հոդվածագիրն իր կողմից ավելացնում է, որ Էյդին դեռ չի հասցրել ծանոթանալ Ուոթերթաունին, բայց մտադիր է մոտ ապագայում այցելել հայկական ճաշարաններն ու ռեստորանները:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4