«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2009-05-27 | #97, 2009-05-28 | #98, 2009-05-29


ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Երեւանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում գերազանց են հանդես գալիս Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները: Մեր 13 բռնցքամարտիկներից 7-ը մտել են կիսաեզրափակիչՙ իրենց համար նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալները: Այս ցուցանիշով Հայաստանի հավաքականը 2-րդ տեղում է: Ավելի շատՙ 9 բռնցքամարտիկներ են պայքարը շարունակում միայն Ռուսաստանի հավաքականից: Մրցանակակիրների թվում են Կուբայի եւ Ուզբեկստանի 5-ական մարզիկներ, Հնդկաստանը, Ղազախստանն ու Լիտվան 4-ական մեդալ են նվաճել: Իսկ ընդհանուր առմամբ, կիսաեզրափակիչ փուլ մտած 52 բռնցքամարտիկները ներկայացնում են 15 երկրներ:

Քառորդ եզրափակիչ փուլ մտած 8 հայ բռնցքամարտիկներից 7-ը հաջողությամբ հաղթահարեցին հերթական արգելքը: Կորյուն Սողոմոնյանից (46 կգ) ու Գոռ Մարգարյանից (+80 կգ) հետո հաղթարշավը շարունակեցին նրանց թիմակիցները: Մինչեւ 54 կգ քաշային կարգում հանդիպեցին երկու հայ բռնցքամարտիկներՙ Հայաստանը ներկայացնող Ջոնիկ Տոնոյանը եւ ռուսաստանցի Գեորգի Մանլիկյանը: Համառ մրցապայքարում մրցավարները նախապատվությունը տվեցին Տոնոյանին: Կիսաեզրափակիչում այսօր նա ուժերը կչափի լիտվացի Տաուտվիդաս Ստատկեւիչյուսի հետ, որը 3-2 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ռոյ Խարմացին:

Քառորդ եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարեց նաեւ Արթուր Քաջոյանը (60 կգ)ՙ պարտության մատնելով ռուսաստանցի Ալեքսանդր Մալինինին (3-1): Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Օլեգ Նեկլյուդովը: Վերջինս 3-1 հաշվով հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Ռեյ Մանուել Ռոջասին:

Իր համար բրոնզե մեդալ ապահովեց նաեւ Վոլոդյա Հայրապետյանը (63 կգ), որը 6-3 հաշվով առավելության հասավ ամերիկացի Թոմաս Սեմայայի նկատմամբ: Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը կմրցի ռուսաստանցի Մագոմեդ Աբդուլամագոմեդովի հետ, որը պայքարից դուրս էր մղել հոլանդացի Ժոզեֆ Մուլալիին:

Քաշային մյուս երկու կարգերում մարզասերները ռինգում ականատես եղան հայ-թուրքական դիմակայության: Ի պատիվ մեր մարզիկների, երկուսում էլ նրանք հաղթեցին: Մինչեւ 70 կգ քաշային կարգում Հայկ Խաչատրյանը պարտության մատնեց Բուրաք Աքսիմին (3-1), իսկ Ալեքսան Նազանյանը (80 կգ) առավելության հասավ Դողան Էրի նկատմամբ (5-1): Կիսաեզրափակիչում Խաչատրյանի մրցակիցը կլինի կուբացի Միգել Հիդալգո Լեն, իսկ Նազանյանը կմրցի ուզբեկ բռնցքամարտիկ Միրզոբեկ Հասանովի հետ:

Այսօր կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները, որոնք ի հայտ կբերեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդներին: Հուսանք, որ այդ փուլում էլ հայ բռնցքամարտիկներն իրենց լավագույնս կդրսեւորեն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4