«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2009-05-28 | #98, 2009-05-29 | #99, 2009-05-30


«ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ» ՎԵՐԱԽՄԲԱԳՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Ազգային ժողովում բուռն քննարկումների պատճառ դարձած Հարկային փաթեթն այժմ վերախմբագրման է ենթարկվում, երեկ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հավելեց. «Մեր թիմում միանշանակ չեն վերաբերվում այս փաթեթին, եւ կան առաջարկություններ պատգամավորներից, որոնք կառավարության համար ընդունելի են»:

Օրենսդրական այս նախաձեռնությունը հարկային օրինագծերի մի ամբողջություն է, որը խորհրդարանում որակում են հարկային փաթեթ: Այս փաթեթով, 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող բիզնեսմենների ընկերություններում կառավարությունը հարկային տեսուչ պետք է ներդներ: Այսպիսով, կառավարությունը լրացուցիչ հսկողության մեխանիզմներ է ներդնում, որպեսզի գործարարները լավագույնս կատարեին իրենց հարկային պարտավորությունները: Նախագիծը բողոքի ալիք էր բարձրացրել բիզնես ունեցող խորհրդարանականների շրջանում, եւ նրանք հիմնականում դեմ էին այդ փաթեթին:

Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է 2008-ի բյուջեի կատարողականը եւ հայտնաբերել, որ պետական բյուջեի բավականին մեծ միջոցներ վատնվում են, ընդ որում վատնվում են գնումների կազմակերպման գործընթացում: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ` ներկայացնելով 2008-ի բյուջեի կատարողականի եզրակացությունը:

ՎՊ նախագահը նշեց, որ բյուջեից նման վատնումները կատարվել են հատկապես կապված գնումների գործընթացի հետ, ինչպես նաեւ այդ գործընթացում մրցույթներով հաղթած ընկերությունների միջոցով: Իսկ սրանք, կարելի է ասել, լուրջ վատնումներ են, քանի որ, ինչպես Զաքարյանը ներկայացրեց, բյուջեի 43 տոկոսը կամ 348 մլրդ դրամը վերաբերում է գնումների գործընթացին:

«Բավականին լուրջ միջոցներ վատնվում են հիմնականում ոչ ճիշտ», նկատեց Իշխան Զաքարյանը` մի քանի օրինակներ ներկայացնելով: Ըստ նրա, մասնավորապես, «Սմարթ Լայն» ՍՊԸ-ն 2008-ին մրցույթով շահել է 274 մլն դրամ գրենական պիտույքներ մատակարարելու համար, այն դեպքում, երբ նրա մատակարարած ապրանքը իրական շուկայում արժե 98 մլն դրամ:

«Սրանք, կարծում եմ, շատ մտահոգիչ թվեր են, եւ կարծում եմ, տարբերությունը վերացնելու դեպքում կփորձենք կանխել կոռուպցիոն ռիսկերը գնումների գործակալությունում», հայտարարեց Իշխան Զաքարյանը` կառավարությանն առաջարկելով կարգավորել շուկայի իրական գների եւ մրցութային գների տարբերությունները:

ՎՊ նախագահը նկատեց, որ շատ կազմակերպություններ փակվում են, բայց այսօր շատերն էլ կան, որ շուրջ 5 մլրդ դրամով մրցույթներ են շահում, հատկապես շինարարության ոլորտում: «Ինչու են այդ կազմակերպություններն այդքան միլիարդներ շահում, իսկ կան կազմակերպություններ էլ, որ չեն շահում», հարցադրում արեց Իշխան Զաքարյանը:

Այս եւ այլ խախտումների մասին Զաքարյանը խոստացավ խոսել Ազգային ժողովի առաջիկա նիստում, երբ կներկայացվի ՎՊ տարեկան հաշվետվությունը:

Ի դեպ, բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցում էին առավելագույնը 20 պատգամավորներ, հիմնականում Հանրապետական եւ «Ժառանգություն» խմբակցություններից:

Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4