Երեկ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ անդամ կուսակցությունների որոշմամբ կոնգրեսի ավագանու անդամները հրաժարվում են իրենց մանդատներից:
«Իշխանությունները կիրառել են չափազանց խորամանկ մեխանիզմներ` օգտագործելով վարչական ռեսուրսը: Մենք ունենք տվյալներ, փաստաթղթեր, որ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբին են տրամադրվել Հայաստանի բոլոր թոշակառուների բոլոր տվյալները` հասցեներով, անուն-ազգանունով եւ այլն: Մեկ առ մեկ աշխատել են բոլոր թոշակառուների հետ: Հանրապետականի նախընտրական շտաբին են տրվել «Փարոս» ծրագրով բոլոր նպաստառուների տվյալները, կոմունալ պարտքեր ունեցող բոլոր քաղաքացիների տվյալները», իր ելույթում նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Մատենադարանում կայացած հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Երեւանի ավագանու ընտրությանը Սերժ Սարգսյանը փորձել է լուծել նաեւ իր շրջապատի հետ առկա խնդիրները:
«Որովհետեւ ոմանք չեն հասկանում իրենց կարգավիճակը եւ երբեմն հանդգնում են իրենց կարգավիճակից ավելի բաների հավակնել: Այս ընտրություններում, մասնավորապես, Սերժ Սարգսյանը պատժեց, նվաստացրեց, իրենց տեղը ցույց տվեց «Բարգավաճ Հայաստանին», Դաշնակցությանը եւ «Օրինաց երկրին»: Մասնավորապես Գագիկ Ծառուկյանին նա ասաց հայրաբար, որ չհամարձակվես հանդգնել Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբորից ավելի բարձր կարգավիճակի: Սա արարի կեսն է: Երկրորդ կեսը Գագիկ Ծառուկյանի սեփականության, բիզնեսի վերաբաշխումն է, որին մենք շատ շուտով ականատես կլինենք», հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ընթացքում խոսեց այն մասին, թե որն է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պատկերացումը պետության մասին:
«Նրանց երազած պետությունը ընդդիմություն չունեցող, քաղաքական կուսակցություններ գոյություն չունեցող, ոչ մի հակաճառող գոյություն չունեցող, հլու-հնազանդ հպատակների մի հավաքականություն է եղել: Եվ նրանք 11 տարի շարունակ հստակորեն փորձել են իրականացնել ահա իրենց այդ նպատակը, չկանգնելով ոչ մի չարի առաջ: Եթե պետք է կեղծել ընտրություններըՙ կեղծել, եթե պետք է բռնություն գործադրել ընտրողների վրաՙ գործադրել, եթե պետք է գնդակահարել ընդդիմադիրներինՙ սառնասրտորեն գնդակահարել, ինչպես գնդակահարեցին Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին: Եթե պետք է ժողովրդի սպանդ կազմակերպել, այդ էլ արեցին մարտի 1-ին», հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Եթե չլիներ ընդդիմությունը, «Օրինաց երկիրը», Դաշնակցությունը չէին կարող երազել կոալիցիայի կազմում ընդգրկվելու մասին: Եթե չլիներ այս ընդդիմությունը, Վազգեն Մանուկյանը երբեւէ նախագահ չէր դառնա: Այսօր դարձել է, Հանրային, չգիտեմ ինչ, ինչ է կոչվում, Հանրային հանձնաժողով, հա, Հանրային խորհրդի նախագահ: Վերջապես այդ մարդը հասավ իր մուրազին ընդդիմության շնորհիվ», հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Սերժ Սարգսյանը փակեց երկխոսության եւ ազգային համերաշխության հաստատման ճանապարհը: Նա այրեց բոլոր կամուրջները: Մեր տեսակետը, երկխոսության եւ ազգային համախմբման մասին, ձեզ հայտնի է, մենք ասել ենք», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե քանի որ Սերժ Սարգսյանը փաստացի մերժեց իրենց առաջարկը, Հայ ազգային կոնգրեսը հրաժարվում է այլեւս նրա հետ որեւէ երկխոսության գնալուց:
Մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթներով հանդես եկան ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ ՀԱԿ-ի այլ անդամներ:
Ն. Մ.