«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2009-05-29 | #99, 2009-05-30 | #100, 2009-06-02


ՄՈՐԵԽՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան շրջանում «ընդհանուր թշնամի» է հայտնվել` մորեխները: Այս օրերին սահմանամերձ գոտում տարվող բուռն պայքարը գյուղատնտեսական վնասատուների դեմ վկայում է լուրջ անհանգստությունների մասին: Այլ տվյալներով, բացի Մարտակերտի շրջանից, վնասատուների օջախներ են հայտնաբերվել նաեւ Մարտունու որոշ համայնքներում, իսկ դա նշանակում է, որ մորեխների համատարածության վտանգը չի չեզոքացված, թեպետ ԼՂՀ համապատասխան կառույցներն ամեն ինչ անում են վտանգի առաջն առնելու համար:

Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Մարտակերտի շրջան են այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, այլ պաշտոնյաներ: ԼՂՀ նախագահի բավականին կոշտ դիտողությունից հետո, որ նա արել էր օրերս իր մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, իրավասու կառույցներն ավելի պատասխանատվությամբ են կցվել մորեխների դեմ պայքարին: Ստեղծվել է դաշտային շտաբ` պաշտպանական, գյուղատնտեսական, առողջապահական եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ: Շտաբի պատասխանատու է նշանակվել ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրեն Արսեն Սարգսյանը: Մորեխների ոչնչացման աշխատանքներին մասնակցում են նաեւ շրջակա գյուղերի բնակիչները:

ԼՂՀ գյուղնախարար Արմո Ծատրյանի հավաստմամբ, անհրաժեշտ թունաքիմիկատները բավարար են, առկա են համապատասխան գործիքները, մարդկային ներուժը: Մորեխների ներխուժման վտանգը չեզոքացնելուն, սակայն, խոչընդոտում է այն հանգամանքը, որ վնասատուների դեմ պայքարը տարվում է ռազմականացված գոտում: Ադրբեջանական կողմից անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում դժվարություններն ավելի ակնհայտ են դառնում, ուստի պայքարն իրականացնող խմբերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում կասեցնելու մորեխների զանգվածային առաջխաղացումը:

Ինչպես նշում են մասնագետները, մորեխների լայնածավալ ներխուժման այս փաստն աննախադեպ է վերջին տասնամյակների կտրվածքով: Եթե չհաջողվի կասեցնել դրանց հետագա տարածումը եւ վնասատուները թափանցեն նաեւ հանրապետության մյուս շրջանների տարածքներ, ապա դա կարող է վերածվել գյուղատնտեսական աղետի, որովհետեւ լուրջ կասկածի տակ է դրվելու ընթացիկ տարվա բերքի ճակատագիրը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4