«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2009-05-29 | #99, 2009-05-30 | #100, 2009-06-02


ԶԵՂՉԵՐ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՎ ՃԳՆԱԺԱՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ

Տնտեսական ճգնաժամը նախ եւ առաջ արտահայտվում է պահանջարկի անկմամբ եւ սպառման համընդհանուր նվազմամբ: Այսինքն, մարդիկ եւ կազմակերպությունները սկսում են ավելի մեծ խնայողություն ցուցաբերել եւ ավելի քիչ գնումներ կատարել: Հասկանալի է, որ դա շղթայական ռեակցիա է առաջացնում բիզնեսումՙ իջեցնելով նրա շրջանառությունն ու իրացման ծավալները: Ստեղծված իրավիճակում բիզնեսը ստիպված է ելքեր փնտրել: Կախված սպառման նվազման ծավալներիցՙ անխուսափելի է որոշ սուբյեկտների գործունեության դադարեցումը: Իսկ մնացածները դիմում են տարբեր քայլերիՙ օրինական կամ ապօրինի: Իջեցնում են ապրանքների կամ ծառայությունների գները, նվազեցնում ծախսերը, փորձում կիրառել նոր տեխնոլոգիաներ եւ, իհարկե, ձգտում ավելի մեծացնել ստվերային շրջանառությունը (ինչն առավել վառ արտահայտված է մեր երկրում):

Ճգնաժամի պայմաններում լայնորեն կիրառվում են նաեւ զեղչերը: Դրանք քաղաքակիրթ աշխարհում կիրառվում են ոչ միայն ճգնաժամի ժամանակ: Զեղչերը եւ համընդհանուր վաճառքը վաղուց ընդունված միջոց են հատկապես սեզոնային նոր ապրանքատեսակների ձեռքբերման ժամանակ, երբ առեւտրի օբյեկտին հարկ է լինում ամբողջությամբ ազատվել մնացած ապրանքներիցՙ նորի ներկայացման եւ վաճառքի համար: Հայաստանում մինչեւ վերջին տարիները գերիշխում էր չարչիական առեւտրի մոդելը, որտեղ զեղչերի մասին խոսակցությունները առեւտրականների կամ սպասարկման օբյեկտների սեփականատերերի համար անձնական վիրավորանքին համարժեք բան էին: Բարեբախտաբար, այսօր արդեն բիզնեսի բազմաթիվ ոլորտներում զեղչերը դարձել են անբաժանելի մասնիկ:

Զեղչերը Հայաստանում առաջինը սկսեցին կիրառել կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի սարքավորումների վաճառքով զբաղվող, բոլորիս հայտնի 2 խոշոր խանութները: Դրա շնորհիվ, վերջին 5-6 տարիներին, հատկապես Նոր տարվան նախորդող ամսին, այդ ընկերությունների վաճառքի ծավալներն աննախադեպ ավելանում էին: Ինչը օրինակ դարձավ նաեւ նույն բիզնեսով զբաղվող այլ ընկերությունների համար: Եվ պետք է ասել, որ այս ոլորտն իր տարատեսակ զեղչերի կիրառումով ամենակայացածն է: Դրան նպաստեց նաեւ սպառողական վարկերի եւ էլեկտրոնային ապրանքների ձեռքբերման բումը, որ Հայաստանն ապրում էր նախորդող մի քանի տարիներին:

Հետագայում զեղչերը տարածվեցին նաեւ բնակարանների կահավորման, սանտեխնիկայի, խողովակների, շինանյութերի եւ այլ անհրաժեշտ պարագաների վաճառքի մասնագիտացված խանութների, ապա նաեւ հագուստ, կոշիկ վաճառող եւ այլ խանութների, սպասարկման ծառայությունների վրա:

Այս տարին առավել քան առատ է զեղչերով, ինչի պատճառն, ինչպես արդեն նշեցինք, ճգնաժամն էր: Դրանք այժմ կիրառվում են գրեթե ամենուրեքՙ սկսած էլեկտրոնիկայից եւ շինանյութերից, մինչեւ անգամ սննդամթերքի վրա: Համակարգիչների վաճառքով զբաղվող խանութների ցանցը կիրառում է 5 տոկոս զեղչ, գինիների մասնագիտացված խանութ սրահըՙ գինիների եւ կոնյակների 5-7 տոկոս զեղչ, ատամնաբուժական պոլիկլինիկան, ապակյա սպասքի, սրբիչների, անկողնու սպիտակեղենի, ներքնազգեստների խանութը, տնային ձեւավորման խանութ սրահը, սուշի բարը, թանկարժեք օծանելիքի խանութըՙ 10-ական տոկոս զեղչ, հարսանյաց ծառայությունների խանութ-սրահըՙ 15 տոկոս զեղչ, եվրոդռներ եւ պատուհաններ վաճառող խանութըՙ 15 տոկոս զեղչՙ գումարած նվեր, խոհանոցային սպասքի խանութը, նորածիններին անհրաժեշտ պարագաների խանութըՙ 20-ական տոկոս զեղչ, վարագույրների եւ ծածկոցների խանութ-սրահըՙ 16-25 տոկոս զեղչ: Կարաոկե ակումբը զեղչի հետաքրքրական տարբերակ է առաջարկումՙ անվճար մուտք եւ 3 երգ անվճար: Ժամանցային բիզնեսով զբաղվող կազմակերպության առաջարկն է 1 ժամ խաղալու դեպքում 20 րոպե անվճար խաղալու հնարավորություն եւ 10 տոկոս զեղչ բոլոր ծառայությունների համար: Ջրային զվարճանքների հայտնի ընկերության զեղչը եւս յուրահատուկ էՙ ընտանիքով հանգստի դեպքում ջրային ավազանից երկու երեխաները օգտվում են անվճար: Այս շարքը կարելի է երկար շարունակել:

Թեեւ զեղչային վաճառքն ու սպասարկումն արդեն դառնում են ավելի կիրառվող եւ ընդունելի բիզնեսի համար, բայց այս երեւույթն ի չարս գործածողներ էլ կան: Օրինակՙ էլեկտրոնիկայի վաճառքի խանութներից մեկը վաղօրոք հայտարարել էր սպասվող զեղչերի մասին, բայց երբ դրանք սկսեցին կիրառվել, ուշադիր գնորդները նկատեցին, որ ապրանքների գները չեն փոխվել: Դրանց կողքին հայտնվել են ավելի բարձր եւ ջնջված գներ, ինչն, իբր թե վկայում է գների իջեցման մասին: Ցավով պետք է նշել, որ սա բացառիկ երեւույթ չէ: Խաբեության կամ մանր խորամանկության մեկ այլ տարբերակ է, այսպես կոչված, «մինչեւ 20 (կամ 15, 25) տոկոս զեղչ» հասկացությունը: Երբ փորձում ես ձեռք բերել քեզ անհրաժեշտ ապրանքը, պարզվում է, որ այն զեղչված է ընդամենը 5 տոկոսով: Չէ՞ որ դա եւս «մինչեւ 20 տոկոսի» մեջ է մտնում:

Եվս մեկ տարբերակ հաճախորդին զեղչով խաբելու: Խանութի վրա, հատկապես որտեղ թանկարժեք եւ ոչ բոլորին հասանելի ապրանքատեսակներ են վաճառվում, մեծ թվերով գրվում է «60 տոկոս զեղչ»: Մտածում ես, եթե այստեղ կոստյումն արժե, ենթադրենք 200 հազար դրամ, ապա կարելի է օգտվել առիթից եւ գնել 80 հազար դրամով: Սակայն պարզվում է, որ 60 տոկոս զեղչը կիրառվում է միայն խանութի տեսականուց մեկի, օրինակ, տաբատների կամ վերնաշապիկների վրա:

Այդուհանդերձ, զեղչերի լայնածավալ կիրառումը խոսում է մեզ մոտ բիզնեսի ավելի քաղաքակիրթ ձեւեր ընդունելու, բիզնեսի եւ սպառողի շահերը զուգորդելու ավանդույթների ստեղծման մասին: Ֆինանսատնտեսական ճգնաժամը եւս, բացասական լուրջ հետեւանքներով հանդերձ, իր ազդեցությունն է թողնում այս ավանդույթի ձեւավորման վրա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4