«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2009-05-29 | #99, 2009-05-30 | #100, 2009-06-02


«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ԱԶԱՏ ԳՈՏՈՒՄՙ ԱԴԱՄԱՆԴԻ ԲՈՐՍԱ

Ոսկերչության եւ ադամանդագործության զարգացման համար արվող քայլերը

Ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտներում զարգացում ապահովելու նպատակով կառավարության եւ մասնավոր հատվածի ջանքերով իրականացվող քայլերին երեկ «Նովոստի» գործակալությունում անդրադարձավ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Նա նշեց, որ այս ոլորտի զարգացումը Հայաստանի համար առավել կարեւոր է, քանի որ այն գրեթե չունի տրանսպորտային ծախսեր, ապահովում է մեծաքանակ աշխատատեղեր, Հայաստանի բարձր ճանաչելիություն աշխարհում:

Ոսկերչության ոլորտի զարգացման համար, ըստ Գագիկ Քոչարյանի, կարեւոր նշանակություն կունենան այն օրենսդրական փոփոխությունները, որոնց արդեն կառավարությունը հավանություն է տվել: Մասնավորապես, ոսկու ներքին շրջանառությունն ազատվել է ավելացված արժեքի հարկից, ոսկերչությունն ազատվել է 1 տոկոս շահութահարկի կանխավճարից: Ենթակառուցվածքների ստեղծման մասին խոսելով, վարչության պետը մատնանշեց «Զվարթնոց» օդանավակայանի ազատ գոտում եւ Գյումրիում ոսկերչության զարգացումը: Մասնավորապես, նախատեսվում է «Զվարթնոցի» ազատ գոտում ստեղծել ադամանդի բորսա: Մեզ ավելի մոտ գտնվող ադամանդի բորսաներն այժմ Իսրայելում ու ԱՄԷ-ում են: Գյումրիում ոսկերչական դիզայներներ կպատրաստվեն, որոնք ուսանելու նպատակով կմեկնեն նաեւ Իտալիա: Այդ ծախսերն իրենց վրա վերցնելու պատրաստակամություն են հայտնել սփյուռքի ոսկերիչները:

Հաջորդ քայլը հումքի սեփական շուկան ձեւավորելն է: Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի հավաստիացմամբ, Մասիսի ոսկու գործարանը կկարողանա ապահովել մեր հումքի պահանջարկի մինչեւ 70 տոկոսը: Իսկ ադամանդի հումքի մասին տեղեկացվեց, որ բանակցություններ են ընթանում, որ ռուսական «Ալռոսան» Հայաստանին ուղղակի մատակարարի անմշակ ալմաստներ: Այդ նպատակով ռուսական կողմը տրամադրել է 100 մլն դոլարի վարկ:

Ոլորտի ցուցանիշների մասին խոսելով, Գագիկ Քոչարյանն ասաց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 60 տոկոսով անկում է արձանագրվել, բայց միաժամանակ ավելացրեց, որ միայն մայիսի ցուցանիշները 16 տոկոսով աճել են նախորդ տարվա մայիսի համեմատ: Նա նաեւ հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ ձեռնարկված միջոցառումներով ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտում ավելի մեծ աճ կարձանագրվի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4