«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2009-05-29 | #99, 2009-05-30 | #100, 2009-06-02


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ

Երեկ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանն իր մոտ հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ գոհունակություն է հայտնել ՀՀ երիտասարդության հարցերի նախարարի հետ մի քանի օր առաջ ստորագրած համաձայնագրի առթիվ: Լ. Հակոբյանի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել շրջկենտրոններում երիտասարդական կենտրոնների ստեղծմանը համապարփակ աջակցելու մասին:

Կարեւորելով երիտասարդական կառույցների դերը, արդեն իսկ հունիս ամսից սկսած, ԼՂՀ կառավարությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերելու երիտասարդական ՀԿ-ներին: Ըստ ներկայացված ծրագրերի` ֆինանսավորվելու են բոլոր կազմակերպությունները, ինչն աննախադեպ է թե՛ ծավալներով, եւ թե՛ առաջարկված ուղղություններով: Դա դրամաշնորհ չէ, նշեց նախարարը, այլ առողջ ծրագրերի վրա հիմնված օգնություն: ՄԵ նախարարին առընթեր ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով, որի երաշխավորություններով էլ հաստատվել է ֆինանսավորումը: Այն կազմակերպությունները, որոնք նպատակային կօգտագործեն հատկացված միջոցները, հետագայում ավելի մեծ չափերով ֆինանսավորում կստանան, խոստացավ նախարարը, հավելելով, որ տրամադրված միջոցները փոշիացնող ՀԿ-ներն, ընդհակառակը, կզրկվեն հերթական օժանդակությունից:

Երեւանում Լեռնիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ` պայմանավորվելով սփյուռքի ծրագրերում Արցախը եւս ընդգրկելու շուրջ: Դրա անհրաժեշտությունը կա, նշեց Լ. Հակոբյանը` ընդգծելով արտերկրում Ղարաբաղը լայնորեն ներկայացնելու կարեւորությունը:

Անդրադառնալով մշակութային համագործակցության մյուս ծրագրերին, նա տեղեկացրեց, որ ոչ միայն արցախյան մշակութային խմբերն են պարբերաբար հանդես գալու Հայաստանում, այլեւ ակտիվանալու են Հայաստանի Հանրապետությունում հայտնի համույթների ու թատերախմբերի այցելությունները Ղարաբաղ:

Նախարարի խոսքով, ՀՀ մշակույթի նախարարության հետ պայմանավորվածության շրջանակում կիրականացվի ուշագրավ մի ակցիա: Ստացված միջոցները կուղղվեն Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգմանը: Թատրոնի նորոգման համար միջոցներ կտրամադրի նաեւ ԼՂՀ կառավարությունը:

«Ազգի» այն հարցին, թե ինչ հեռանկար ունի հանրապետության շրջկենտրոններում մշակութային օջախների հանձնումը վարչակազմերի ենթակայությանը, Լեռնիկ Հակոբյանն ասաց, որ դա իրավիճակի հրամայականն է: Կառավարությունը նման որոշում է ընդունել, հաշվի առնելով ուղղակի ենթակայության արդյունավետությունը: Առայժմ դա արվել է միայն շրջկենտրոններում, իսկ հետագայում նախատեսվում է համայնքների ենթակայությունից հանել նաեւ գյուղական ակումբները, որի նպատակը գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի աշխուժացումն է: Պատրաստ է նաեւ Շուշիի Խանդամիրյանի անվան թատրոնը մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության տնօրինմանը հանձնելու մասին որոշման նախագիծը, տեղեկացրեց նախարարը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4