Գործարարության ու գործնականության մեր ժամանակներում շատ մայրիկներ կամա-ակամա զրկված են լինում իրենց նորածիններին կամ փոքրիկներին խնամելու հաճելի պատասխանատվությունից: Քառասունքից դուրս եկած մայրիկը կարոտալից աչքերով նայում է փոքրիկին ու փակում տան դուռը` փոքրիկի աղեկտուր ձայնից չփղձկալու եւ աշխատանքի վազելու համար: Միայն թե փախչելուց առաջ նա պետք է լուծի հարցերի-հարցը` գտնի վստահելի ու հմուտ փոխարինողին կամ իր սիրասուն բալիկի 2-րդ մայրիկին, որն, ի տարբերություն իրեն, վարձատրություն է պահանջում փոքրիկին պահելու համար: Եթե փոխարինողը գործի գիտակ եւ նվիրյալ է, հպարտությամբ է կրում baby-sitter կոչումը, որ անգլերեն-հայերեն բառարանում թարգմանված է` դայակ: Եթե ոչ` նա թաքցնում է իր զբաղմունքը ծանոթ-բարեկամներից, համարելով դայակությունը ոչ այնքան պատվաբեր աշխատանք:
Մեր առաջին հերոսուհին համաձայն չէ այդ տերմինին: «Դայակ» բառը չի բնորոշում ողջ կերպարն այն կնոջ, ում պետք է վստահեմ իմ ամենա-ամենան, իմ ալֆան եւ օմեգան», ասում է Տաթեւիկը: Նա փոքրիկին կյանքի երրորդ ամսում իսկ վստահեց իր մոտ ընկերուհուն, որն աշխատանք չուներ: Առժամանակ անց baby-sitter-ի վերածված ընկերուհին Տաթեւիկի հույսերը չարդարացրեց: Մայրիկը երեխային պարբերաբար հայտնաբերում էր թաց տակաշորով ու ցերեկային հագուստով քնած: Մինչդեռ, ըստ Տաթեւիկի, օրական երկու հազար դրամը քիչ գումար չէր երաժշտագետի մասնագիտությամբ գործազուրկ իր ընկերուհու համար, որն առժամանակ անց, այնուամենայնիվ, տեղը զիջեց Տաթեւիկի մայրիկին: Հիմա տիկին Կարինեն «ոտքը կապած» եւ տանը նստած է, հացի անգամ չի կարող գնալ: Նա առավոտից պահում է երեխային, իսկ կեսօրին տատիկի մոտ է գալիս նաեւ առաջին դասարանցի թոռնուհին:
«Մամայից լավը չկա», համոզված է Տաթեւիկը, որն այլեւս չի զբաղվում baby-sitter գտնելու անօգուտ փնտրտուքով:
Ի տարբերություն Տաթեւիկի, Սոնան երկար է փնտրել baby-sitter-ի հարմար տարբերակ իր միակ որդու համար: Նա հիշում է. «Ես աշխատում էի այլ քաղաքում, երեխաս առաջին դասարան էր գնում: Օգնող չկար, իսկ առաջարկված պաշտոնը բաց թողնելն աններելի կլիներ: Ապրել էր պետք: Դայակին շատ չէի կարող վճարել, դրա համար շատ փնտրեցի, նախ` գովազդով իրենց ծառայությունն առաջարկողների (նրանց «Գինդ»-ից էի գտնում), հետո` ուսանողների, ապա` հարեւանների շրջանում, ավելի ուշ` երկարօրյա ռեժիմով դպրոցների միջանցքներում: Այստեղ էլ տղաս գտավ մեր սիրելի Գոհարիկին, որին շատ հավանել էր, եւ խմբակում թաքուն թաթիկին գրել նրա հեռախոսահամարը: Տղաս եւ Գոհարիկը դուրս եկան այդ կենտրոնից, ուր կասկածելի հագուկապով «բիզնես-լեդիներ» էին: Պակաս պատճառաբանություն չէր, որ տղաս ոջիլով էր վարակվել: Գոհարիկին վճարում էի պարտաճանաչորեն այնքան, ինչքան խոստացել ու չէին վճարել այդ չարաբաստիկ կենտրոնում: Նա պահեց տղայիս վեց ամիս, հետո ամուսնացավ ու էլ չեկավ մեր տուն: Փնտրտուքս բերեց նախկին ուսուցչուհի, թոշակառու մի տիկնոջ մոտ, որն այնքան անուշադիր էր եղել, որ տղաս մի քանի օր շարունակ կախվել էր 10-րդ հարկի մեր պատշգամբից, էլ չեմ ասում օր օրի ավելացող «2»-ների մասին: Հաջորդը մի շատ պարտաճանաչ տիկին էր, որ երկրորդ ամսում պահանջեց կրկնակի վճարել իրեն: Հետո եկավ մի օրիորդ, որը չէր ուզում վաճառողուհի աշխատել, նա էլ գնաց: Մեր վերջին դայակը մեր բարեկամի զարմուհին էր, որը զլացել էր իմ եփած ճաշը երեխայիս ուտեցնել, փոխարենն ինքը հաճույքով անուշ էր արել: Երկու տարվա տառապանքներից հետո 9-ամյա տղաս լացով-աղերսելով խոստացավ, որ ինքը միայնակ կարող է փողոցն անցնել եւ տանը մենակ մնալ, միայն թե էլ ոչ մի դայակ չգա, միեւնույն է, չարություն է անելու եւ դուրս է անելու «իր տունիկից»: Սկզբում վարանեցի, ապա ճարահատյալ համակերպվեցի, բայց այդ օրերի անելանելի վիճակը երբեք չեմ մոռանա», պատմում է Սոնան:
Գայանեենց տան անդամների թիվը չորս տարի է, ինչ մեկով հավելված է: Դայակն է պահում Գայանեի երեք դստրիկներին: «Շատ դժվարությամբ համակերպվեցի դայակ ունենալու մտքին: Տիկին Ռիման մանկապարտեզում որպես բուժքույր է աշխատել 25-30 տարի: Երեխաների հետ լեզու գտնում է, բայց չեմ ասի, թե նա շատ կրթված մարդ է, որն, իհարկե, խանգարում է: Լավ էՙ մի քիչ քաղաքակիրթ չլինի, բայց վստահելի լինի»: Գայանեի համար այնքան էլ էական չէ, դայակը մասնագիտական կրթություն ունի՞, թե՞ ոչ: «Դայակի ընտրության հարցում ամեն ինչ է կարեւոր` տարիքը, հոգին, վերաբերմունքը երեխաների նկատմամբ, մեզնից հեռո՞ւ թաղամասում է ապրում, թե՞ մոտիկ, ինչպիսի՞ ընտանեկան դրություն ունի, այսինքնՙ կարո՞ղ է մշտապես մեր տուն գալ, թե՞ խնդիրներ կունենա, կբացակայի»: Գայանեն շատ է մտահոգվում պատահարների ու չնախատեսված իրավիճակների մասին մտածելիս.
- Դայակի հարցում անգամ չես կարող հասկանալՙ որն է ավելի կարեւոր. որ երեխան անվտանգության մե՞ջ լինի, թե՞ որ դայակը պարզապես սիրի երեխային: Դայակի հարցում շատ կարեւոր է տարիքը, բայց ոչ երբեք դիպլոմի առկայությունը: 25 տարեկան աղջիկը դժվար իմ երեխաներից գլուխ հաներ:
- Գուցե խանդո՞ւմ ես, ամուսնուդ նկատմամբ:
- Եթե ամուսինս ուրիշ` կասկածելի մարդ լիներ, կզգուշանայի, բայց ամուսնուս վստահում եմ:
Գայանեն դայակին վճարում է շաբաթական 25 000 դրամ, այսինքնՙ ամիսը 100 000 դրամ, որի դիմաց տիկինը պարտավոր է նաեւ ճաշիկ եփել 1, 5 եւ 8 տարեկան երեխաների համար, ուտեցնել նրանց, կատարել մանր-մունր աշխատանքներ, սպասել Գայանեի վերադարձին տուն, ինչքան որ պետք է: «Իհարկե, մեր դայակը բազմաթիվ թերություններ ունի, բայց ես եկել եմ այն եզրակացության, որ հնարավոր չէ գտնել ե՛ւ կիրթ, ե՛ւ մաքրասեր, ե՛ւ երեխաներին սիրող կնոջ», ասում է բազմազբաղ մայրիկը, որը դժվար թե դատի տա դայակին, եթե երեխաներից մեկի հետ դժբախտ պատահար լինի:
Քրիստինեն հրեշտականման իր երեխային վստահում է սկեսրոջը կամ մայրիկին: «Ես եւ ամուսինս համոզված ենք, որ ամենավատ տատիկը իր թոռնիկին ավելի լավ կպահի, քան ամենալավ դայակը, որովհետեւ տատիկը պահում է իր հարազատին` թոռնիկին: Բացի այդ, չկա այն ինստիտուտը, որ դայակին կտա մասնագիտացում եւ երաշխավորագիր կամ բնութագիր, դրա համար դայակ գտնելու ընդունված ձեւ է ծանոթ-բարեկամ-խնամի կապերի օգտագործումը»: Քրիստինեի կարծիքովՙ երեխայի դաստիարակության գործում անչափ կարեւոր է մանկապարտեզի դերը, ուր երեխան սովորում է շփվել արտաքին աշխարհի եւ տարեկիցների հետ` իրեն ընկալելով ոչ թե աշխարհի կենտրոնը, ինչպես տատիկներն են կարծում, այլ բազմաթիվ երեխաներից մեկը` նույնանման իրավունքներով եւ պարտականություններով: Սակայն եթե մայրիկն ուշ ժամերի է աշխատում, մանկապարտեզը չի լուծում երեխայի ապահովության հարցը, մնալով միայն ժամանցի եւ սոցիալիզացման վայր: Քրիստինեն հիշում է մի պատմություն: Մի մայրիկ հայտնաբերել է երեխային միայնակ տանը լալիս, երբ մոռացած իրը վերցնելու համար ժամանակից շուտ էր եկել տուն եւ հայտնաբերել, որ դայակն առանց որեւէ մեկին զգուշացնելու «թռել էր»ՙ հարազատ թոռնիկին մանկապարտեզից տուն տանելու:
Տիկին Տանյան մասնագիտությամբ ինժեներ է, բայց 13 տարի է, ինչ վերամասնագիտացել է որպես դայակ, ընդ որում առաջարկել են բարեկամները, իմանալով, որ Տանյան աշխատանք չունի: 48-ամյա կինը ընդգծում է, որ դայակը ամենապատասխանատու աշխատանքն է: «Համբերատարություն եւ մեծ լարում է պահանջում: Ուրիշի երեխա է, նրան ոչ թե երկու, այլ չորս աչքով եմ պարտավոր նայել», ասում է Տանյան, որ կարեւորում է ոչ այնքան դայակի դիպլոմը կամ վկայականը, որքան հանգամանքը, որ կինը պետք է մայր լինի, երեխաներ պահելու փորձ ունենա: Տանյան վաստակում է ամսական 60 000 դրամՙ 9.30-ից մինչեւ 18.30 մեկ երեխա պահելու համար: Հիմա Տանյան պահում է 1,5-ամյա աշխույժ մի պստիկի, որ շատ չարաճճի է եւ սիրում է տարբեր բարձրություններից գլորվել, սուր, կտրող գործիքներով խաղալ: «Անչափ շատ եմ սիրում այս բալիկին: Այնքան չարաճճի է, որ եթե չսիրեի, մի ժամ էլ չէի կարող պահել»: Տանյան թախիծով է պատմում, որ իր պահած փոքրիկները մեծանում են ու դպրոց գնալով մոռանում իրեն, իսկ ինքը տարիներով կարոտում է նրանց:
Մեր պատմությունը baby-sitter-ների եւ նրանց դեռեւս ընդհատակյա գործունեության մասին (մասնավոր այս ծառայությունը չի գրանցվում, չի ստուգվում եւ, բնականաբար, չի հարկվում պետական համապատասխան մարմինների կողմից: Այն նաեւ զերծ է որեւէ ապահովագրությունից եւ պայմանագրային ձեւաչափից) ավարտում ենք Սոնայի որդու` baby-sitter-ների տարբեր բովերով անցած Վահագնի եզրահանգմամբ. «Ես իմ առաջին դայակին եմ շատ կարոտում, բայց երեխային պետք է մայրիկը պահի: Նրանից լավ ոչ ոք չի ճանաչում երեխային ու չի տա նրան, ինչ ուզում է», ասում է 13-ամյա տղան:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ