«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2009-05-30 | #100, 2009-06-02 | #101, 2009-06-03


ՎԱՎԵՐԱՑՎԵՑ 500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Երեկ ԱԺ պատգամավորները քննարկեցին ՀՀ նախագահի ներկայացրած, 2009 թվականի մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրված, Հայաստանի կառավարության եւ Ռուսաստանի կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Համաձայնագրի համաձայն` ռուսական կողմը հայկական կողմին 2009 թվականին տրամադրում է պետական ֆինանսական վարկ 500 ԱՄՆ միլիոն դոլարի չափով: Հայկական կողմը վարկի մարումը իրականացնում է ԱՄՆ դոլարով հավասար կիսամյակային մասնաբաժիններով: Վճարումներն իրականացվում են յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին, ընդ որում` առաջին վճարումը կիրականացվի 2013 թվականի հունիսի 15-ին, իսկ վերջին վճարումը` 2024 թվականի հունիսի 15-ին: Հայկական կողմը վարկի օգտագործման համար ռուսական կողմին վճարում է տոկոսներ ԱՄՆ դոլարով արտահայտված 6-ամսյա դեպոզիտների համար LIBOR դրույքաչափին գումարած 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը անընդունելի համարեցին նման վարկ վերցնելը առանց հիմնավորումների եւ գործողությունների պլանի: ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի եւ Վարդան Այվազյանի կարծիքով` վարկային միջոցների ներգրավումը կմեղմի ֆինանսական ճգնաժամի հետեւանքները եւ ձեռքբերում կլինի մեր երկրի տնտեսության զարգացման համար, իսկ համաձայնագրի հիմնավորումը ՀՀ կառավարության ծրագիրն է: ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգիչ համարեց համաձայնագրում ներառված «Վնեշէկոնոմբանկի» հետ կապված հարցը, որը, ըստ նրա, դեմ է Հայաստանի տնտեսական շահերին, իսկ վարկային միջոցների ծախսման ուղղությունները հստակ չեն:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ վավերացրին համաձայնագիրը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4