«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2009-05-30 | #100, 2009-06-02 | #101, 2009-06-03


«ՏԱՐԱՆՑԻԿ ՎԱՐԿԱԾՆԵՐ»

Հայ-ճապոնական ցուցահանդես

Անցած տարի սեպտեմբերին Տոկիոյի «Գինձա ի Ճյումե» պատկերասրահում կայացած գեղանկարիչ Արա Հայթայանի ցուցահանդեսի ընթացքում ծնվեց հայ-ճապոնական մշակութային համագործակցության ծրագրի նախագիծ, Երեւանում հայ-ճապոնական արդի կերպարվեստի ցուցահանդեսային մտահղացում: Տարին չբոլորած այն հաջողվեց իրականացնել, եւ ահա հունիսի 4-ին ՆՓԱԿ-ի ցուցասրահում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա շփվելու այս երկու արվեստներիՙ «Տարանցիկ վարկածներ» հետաքրքրահարույց խորագրով համատեղ ներկայության հետ, որի կազմակերպիչը, համակարգողը մեր կողմից Արա Հայթայանն է, ճապոնական կողմիցՙ Մակի Միկիկոն: Տոկիոյի պատկերասրահների թաղամասում գտնվող «Գինձա ի Ճյումե»-ն առավել մասնագիտացված է աբստրակտ արվեստի ուղղությամբ եւ ներկայացված ճապոնացի արվեստագետների մեծ մասի մշտական ցուցադրության վայրն է:

Երեւանյան ցուցահանդեսում ընդհանուր թեմա, որպես այդպիսին, չկա, կստեղծվի 21-րդ դարի արվեստի մտածողության մի հատվածի, թեեւ իրարից շատ տարբեր, բայց ընդհանուր մթնոլորտ, առանց ազգային տարանջատման, որպես գլխավոր նպատակ ունենալով երկու մշակույթների հարաբերման խնդիրը: Յուրաքանչյուր կողմից հանդես կգա 14-ական արվեստագետ: Այլ մանրամասներ ներկայացնում է Արա Հայթայանը:

- Հիմնական խնդիրը արվեստների լիարժեք հարաբերվելն է միմյանց հետ, հիմնականում վերացական արվեստի մասին է խոսքը. թեեւ կան նաեւ առարկայական դրսեւորումներ նորՙ պոստավանգարդ ձեւերի մեջ: Կարծում եմՙ ցուցահանդեսը հետաքրքրություն կառաջացնի նրանով, որ ոչ թե գոյություն ունեցած թանգարանային արվեստ է ներկայացվելու, այլ կենդանի ընթացք, Տոկիոյի այսօրը համադրված Երեւանի այսօրվան, այսինքնՙ մեծ խմբագրությունների չանցած արվեստ եւ թե ինչպես, ինչ մեթոդներով են աշխատում տարբեր սերունդների արվեստագետները, այս ընդհանուր արվեստային ընթացքները ինչ ձեւերով կարելի է հարաբերել հայկական տարածքում: Նկատի ունեմ այն հանգամանքը, որ սա մի արվեստ է, ինչը մեզ մոտ դեռեւս եթե չասեմ ճանաչում ստացած, համենայն դեպս օրգանապես ընդունված չէ:

- Եթե նկատի ունեք աբստրակտ արվեստը, այն մեզանում մի՞թե տարածված չէ: Եվ ճապոնացիներն էլ ավանդապաշտ ժողովուրդ են համարվում:

- Ինչ որ արվում է այստեղ, դասական շրջանակների մեջ է մնում, եւ դեռեւս հասարակությունը չի դարձրել կյանքի մաս: Մեր ինտերիերները, մեր տարածքները ըստ այդ արվեստի չեն կազմակերպվում, եւ դրանք մնում են զուտ որոշ ըմբռնողների ճաշակին հարիր: Ոչ առարկայական արվեստը առհասարակ ընդհանուր միջավայրից դուրս մնացած է եւ իր տեղը չի գտել: Ճապոնիայում այս արվեստը լուրջ հիմքեր ունի եւ բնավ որպես հակազդեցություն չի արվում, այլ բնական, օրգանապես ընկալելիՙ ոչ որպես ներքին հակադրության, անհատականության եւ հասարակության միջեւ բախման հետեւանք, եւ որտեղ այս արվեստը վաղուց ավանդույթներ է ձեւավորել: Մեզ մոտ այդպիսի ավանդույթներ չկան, չկա մի սերունդ, որն իր էսթետիկան զարգացրած, փոխանցած լինի:

- Բայց տարբեր ավանդույթներ, մշակույթներ են դրանք եւ թերեւսՙ անհավասար ուժեր նաեւ:

- Ուժերը ոչ թե անհավասար են, այլ կեցվածքներն են տարբեր: Մեկ ուրիշ խնդիր եւս կա: Ճապոնական մշակույթը Հայաստան հիմնականում կենցաղային արտադրությամբ է ներմուծվել. հայը ձեւավորել է ճաշակ, նույնիսկ ֆետիշ ճապոնական մասսայական արտադրության, տեխնիկայի հետ կապված, որը նույնպես այդ ժողովրդի մշակույթի մաս է կազմում: Մեր փողոցներում, տներում Ճապոնիան վաղուց շարժվում է, հոսել է մեր կյանքի մեջ, չնայած մենք այդպես անմիջականորեն չենք զգում այդ զարկերակը, որ ճապոնացին իր հանճարով է ստեղծել: Ի տարբերություն այս երեւույթի, Ճապոնիայում հայկական ոչինչ մտած չէ: Ուժերը այնքա՜ն տարբեր մակարդակների վրա են: Իհարկե, 3,5 միլիոնը 70-ի հետ հարաբերելը համարժեք չէ եւ կրավորականություն է առաջացնում. մենք անընդհատ ընդունող, ֆետիշացնողի դերի մեջ ենք: Այս ցուցահանդեսի պարագայում վերոհիշյալ գործոնը վերանում է, ներկայացվող արվեստը ոչ միայն պաշտամունքի չի վերածված, այլեւ մեզ գրեթե անծանոթ է: Եվ հայ հանդիսատեսը նոր իրավիճակի մեջ հայ-ճապոնական այս դրսեւորումներն առանց զատելու է դիտելու, միասնական դաշտի մեջ:

- Եվ ի՞նչ է նա դիտելու:

- Ներկայացվելու է քանդակ, նկարչություն, լուսանկարչություն, արտիստիկ կերամիկա (ոչ կիրառական)ՙ նոր ձեւերով, նոր նյութերով:

- Ի՞նչ բան է դա:

- Կան նյութերՙ մեզ անծանոթ, որոնք զուտ նկարչության մեջ են կիրառվում, նոր տեխնոլոգիաներ եւ հետաքրքրական է, որը յուրաքանչյուր արվեստագետ, ըստ իր տրադիցիայի, սկսում է ստեղծել իր նյութը:

- Իսկ մասնակիցները ճանաչված արվեստագետնե՞ր են:

- Անկախ այն հանգամանքից հայտնի անուններ են, թե ոչ եւ գներն ինչպիսին են, նրանք ստեղծագործող անհատներ են եւ ներկայացվում են նոր հարթության մեջ: Եվ եթե ավելի ճանաչվածներ գային, իրավիճակը կարծում եմ չէր փոխվելու, քանի որ մեր հանդիսատեսը հոգեբանորեն, տեսողական, ինֆորմացիոն առումով իրեն դեռ չի մարզելՙ հարաբերվելու ինչպես հավասարը հավասարի հետ, որը եւ գնահատելու օբյեկտիվության պակաս կառաջացնի: Սա ճանապարհ է, որ պիտի անցնենք, ինչը ես փորձում եմ անել ճապոնական արվեստի միջոցով: Եվ յուրաքանչյուր այսպիսի քայլ որեւէ այլ ոլորտում ամրացնելու, ուժեղացնելու է այս հասարակությունը եւ նաեւ արվեստագետին:

- Ճապոնացի արվեստագետներն առաջի՞ն անգամ են Հայաստանում:

- Պատկերասրահի տնօրենը եղել է արդեն Հայաստանում, մյուսներն առաջին անգամ են, բացի փարիզաբնակ Թակուջի Շիմուրայից, որն իմ կողմից է ներկայացվում: Կլինեն նաեւ այցելություններ Հայաստանի ավանդակասն տեսարժան վայրեր ու հնավայրեր:

- Հայ հեղինակները ի՞նչ սկզբունքով են ընտրվել:

- Նախՙ մարդիկ են, ովքեր ընդհանրապես չեն ցուցադրվում եւ կամ շատ քիչ են ցուցադրվում, նրանց գործերը մնում են արվեստանոցներում եւ սա ներկայանալու մի հնարավորություն է:

Նախկինումՙ Խորհրդային Միության շրջանում մեր արվեստագետները ժամանակ առ ժամանակ հնարավորություն ունեին ցուցադրվելու Մոսկվայում եւ այլ քաղաքներում: Իմ սերունդը, մանավանդ երիտասարդները գրեթե զրկված են ցուցադրվել-կայանալու, ուրիշ մշակույթների հետ հարաբերվելու հնարավորությունից:

Այս ցուցահանդեսը հետաքրքրական է նաեւ մեկ այլՙ երրորդ տարածքի իրողության առումով: Երկու կողմերում էլ կան արվեստագետներ, որ այլ տարածքում են ստեղծագործում: Ճապոնացիների մեջ կան ավստրալիացի եւ իսպանացի, որ ճապոնական մթնոլորտում են աշխատում, այդ մշակույթի մաս են կազմում: Մեր կողմից էլ մարդիկ կան, որ հայաստանցի են, բայց վաղուց մեկնել են ԱՄՆ եւ փաստորեն ամերիկյան մշակույթ են ներկայացնում, թեպետեւ գենետիկորեն կապված են Հայաստանի հետ: Այս առումով աշխարհագրությունըՙ մշակույթների ավելի տարածվում ու բազմազանություն է առաջանում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ. Գ. Ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում կտեւի հունիսի 4-ից 17-ը: Բացման հաջորդ օրը տեղի կունենա քննարկում, կարծիքների փոխանակումՙ մասնակից արվեստագետների ներկայությամբ:

Տպագրվել է նաեւ եռալեզու (հայերեն, անգլերեն, ճապոներեն) բուկլետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4