Սակայն օտարման գործարքներն ավելացել են
2009-ի ապրիլին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 11400 գործարք, ինչը 3,9 տոկոսով ավելի է 2009-ի մարտին կատարված գործարքների եւ 17,8 տոկոսով պակաս` 2008-ի ապրիլի գործարքների համեմատ: 3134 օտարման գործարքներից առուվաճառքներինը եղել է 75 տոկոսը, իսկ մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: 2009-ի մարտի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 8 տոկոսով, իսկ անցյալ տարվա ապրիլի համեմատՙ նվազել 35,2 տոկոսով:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 64,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի մարտի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում ապրիլին աճել է 11,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատՙ նվազել 32 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները ապրիլին մարտի համեմատ նվազել են 5,9 տոկոսով: Այստեղ (եւ հետագայում գները ներկայացնելիս) հարկ է նկատի ունենալ նաեւ մարտին դոլարի նկատմամբ դրամի մոտ 20 տոկոսով արժեզրկումից հետո համադրելի գներով Երեւանում եւ մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների եւ անհատական տների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները 10-12 տոկոսով նվազումը:
Ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները ապրիլին այսպիսին են եղել.
Համայնքներ | Միջին գները (դրամ) ապրիլ 2008 թ. | Միջին գները (դրամ) ապրիլ 2009 թ. | Միջին գները (դրամ) մարտ 2009 թ. |
Կենտրոն | 471300 | 485100 | 515600 |
Արաբկիր | 409900 | 366900 | 388400 |
Քանաքեռ-Զեյթուն | 306800 | 289000 | 299100 |
Նոր Նորք | 270300 | 238600 | 258600 |
Ավան | 268100 | 234600 | 256700 |
Էրեբունի | 267000 | 250600 | 271500 |
Շենգավիթ | 274200 | 252000 | 264700 |
Դավիթաշեն | 283200 | 265600 | 279200 |
Աջափնյակ | 280000 | 249500 | 254700 |
Մալաթիա-Սեբաստիա | 260300 | 232400 | 245100 |
Նուբարաշեն | 151500 | 134700 | 154700 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 294800 | 272600 | 289800 |
Մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են 211 բնակարաններ, որոնց քանակը մարտի համեմատ նվազել է 2,8 տոկոսով, իսկ 2009-ի ապրիլի համեմատՙ 55,8 տոկոսով: Միջին գները ապրիլին մարտի համեմատ նվազել են 3,8 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 182 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը կազմել է 171 հազար դրամ: Ապա գալիս են Աբովյանը եւ Նոր Հաճընըՙ 141 հազար հազար դրամ, Իջեւանը, 1 քմ-նՙ 135 հազար դրամ ցուցանիշով, Աշտարակըՙ 130 հազար դրամ:
Ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 273 գործարք, որից 46-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը մարտի համեմատ նվազել է 14,8 տոկոսով, իսկ մարզերում աճելՙ 8,6 տոկոսով: 2008-ի ապրիլի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է Երեւանումՙ 66,4 տոկոսով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 44 տոկոսով:
Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների միջին 1 քմ-ի միջին գները 2009-ի ապրիլին մարտի համեմատ նվազել են 4,2 տոկոսով: Ըստ համայնքների գներն այսպիսին են եղել.
Համայնքներ | Միջին գները (դրամ) ապրիլ 2008 թ. | Միջին գները (դրամ) ապրիլ 2009 թ. | Միջին գները (դրամ) մարտ 2009 թ. |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները ապրիլին մարտի համեմատ աճել են 2,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 283 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 180 հազար դրամ, երրորդըՙ Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 165 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանը եւ Նոր Հաճընըՙ 149 հազար դրամ, Մասիսըՙ 145 հազար դրամ, Աշտարակըՙ 142 հազար դրամ:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2009-ի ապրիլին 2008-ի ապրիլի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 39,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 53,8 տոկոսով, այդ թվում Երեւանումՙ 18 տոկոսով:
Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2009-ի ապրիլին մարտի համեմատ աճել է 18 տոկոսով, իսկ 2008-ի ապրիլի համեմատ` 21,7 տոկոսով:
2009-ի ապրիլին անշարժ գույքի իրականացված 948 գրավադրման գործարքներից 38-ն են եղել հիպոթեկային գրավադրման գործարքները: 2009-ի մարտի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը ապրիլին աճել է 5,6 տոկոսով, Երեւանումՙ նվազել 19,4 տոկոսով, մարզերում աճել 2,6 անգամ: 2008-ի ապրիլի համեմատ հիպոթեկային գործարքները նվազել են 87,2 տոկոսով, ընդ որում Երեւանում` 86,7 տոկոսով, մարզերում` 88,2 տոկոսով:
Վերջին ամիսների ցուցանիշները ներկայացնելիս մեր կանխատեսումները, որ գների անկման միտումը անշարժ գույքի շուկայում շարունակվելու է, իրականանում են: Նշել էինք նաեւ, որ այդ միտումը կշարունակվի առնվազն մինչեւ մայիս-հունիս ամիսները: Հավանական է, որ գների նվազումը դանդաղի կամ դրանք սկսեն կայունանալ ամռան վերջին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ