«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2009-06-02 | #101, 2009-06-03 | #102, 2009-06-04


ԹԱՎՐԻԶ-ԵՐԱՍԽ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՍԿՍԵԼ ԱՅՍ ՏԱՐԻ

Երեւանի ՋԷԿ-ում նման կարծիք հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ այցելեց Երեւանի ՋԷԿ, որտեղ մեկ տարի առաջ ճապոնական կառավարության տրամադրած 250 մլն դոլար վարկով շարունակվում է նոր էներգաբլոկի շինարարությունը: Խոսելով շինարարության ընթացքի մասին, նախարարը նշեց, որ այս պահին կատարված է աշխատանքների 68 տոկոսը: Հոկտեմբերին, ըստ Արմեն Մովսիսյանի, շինմոնտաժային աշխատանքներն ավարտված կլինեն, որից հետո կսկսվեն կարգաբերման աշխատանքները: Ինչպես եւ ասվել էր նախկինում, կայանը կգործարկվի 2010-ի ապրիլից: Նախարարը հավաստիացրեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չի ազդել նոր էներգաբլոկի շինարարության վրա:

Նշվեց նաեւ, որ նոր էներգաբլոկը կունենա 271 մեգավատ հզորություն եւ իր հզորությամբ տարածաշրջանում առաջինը կլինի: Կայանի գործարկմամբ Հայաստան կներմուծվեն էներգետիկ սարքավորումների մոնտաժման, էլեկտրաէներգիայի արտադրության նորագույն տեխնոլոգիաներ: Նոր էլեկտրակայանը կունենա բարձր արդյունավետությունՙ 1 կվտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսելով 2-2,3 անգամ քիչ բնական գազ եւ անհամեմատ ավելի քիչ արտանետումներ:

Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ընթացքին ծանոթանալուց հետո, Արմեն Մովսիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը, նա նշեց, որ վերջին ուսումնասիրությունների արդյունքներով, այդ նպատակով կպահանջվի շուրջ 4,5 մլրդ դոլար: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտնեց, որ 7-8 տարի առաջ խոսվում էր 800 մլն դոլարի անհրաժեշտության մասին: «Այժմ աշխարհում շուրջ 50 նոր միջուկային կայանների պատվեր կա, ինչը բերում է սարքավորումների թանկացման, համապատասխան մասնագետների պահանջարկի մեծացման, իրագործման ժամկետների երկարացման», ասաց Արմեն Մովսիսյանը, ավելացնելով, որ դա ազդում է ատոմակայանի արժեքի վրա: Նա հայտնեց, որ նոր ատոմակայանը կունենա մինչեւ 1200 մեգավատ հզորություն, անվտանգության պասսիվ համակարգ, միջուկային վառելիքի վերաբեռնման առնվազն 18-ամսյա ժամկետ: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման մրցույթը շահած Worley Parsons միջազգային կոնսորցիումը նոր ատոմակայանի կառավարմանը Հայաստանի կառավարությանը մասնակից դարձնելու նպատակով կստեղծի ընկերություն, որի բաժնետոմսերի 25 տոկոս գումարած մեկ բաժնետոմսը կտրվի կառավարությանը:

Խոսելով Հայաստանից Թուրքիա էլեկտրանէերգիայի արտահանման մասին, Արմեն Մովսիսյանն ասաց, որ այդ հարցում քաղաքական որեւէ նախապայման չկա: Նա ընդունեց, որ քաղաքական խնդիրները խանգարում են այդ պայմանագրի իրագործմանը, բայց հույս հայտնեց, որ թուրքական ընկերությունը կկարողանա դրանք հաղթահարել: Նախարարը հայտնեց, որ սահմանվել են էլեկտրաէներգիայի արտահանման մոտավոր ժամկետները, որոնք կախված են նախապատրաստական աշխատանքների ավարտից:

Իրանի հետ համագործակցության հարցի վերաբերյալ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը տեղեկացրեց, որ իրանական կողմը, նկատի ունենալով Հայաստանի ֆինանսական դժվարությունները, ամբողջությամբ իր վրա է վերցրել Իրան-Հայաստան (Թավրիզ-Երասխ) խողովակաշարի կառուցումը, որը կարժենա 250 մլն դոլար եւ որով Հայաստանին կմատակարարվեն բենզին ու դիզվառելիք: Հայկական կողմը պարտավորվել է հետագայում վճարել իր մասնաբաժինը: Արմեն Մովսիսյանն անդրադարձավ նաեւ Իրան-Հայաստան գազամուղին եւ հայտնեց, որ մայիսի 15-ից Հայաստանը ստանում է իրանական գազը: Մինչ այժմ հարեւան երկրից ստացվել է 8 մլն խմ գազ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4