Բեռլինում կայացել է IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամի եւ այդ տիտղոսի հավակնորդ, 29-ամյա Մախիր Օրալի մամուլի ասուլիսը: Ինչպես հայտնի է, հունիսի 27-ին նրանք կմենամարտեն չեմպիոնական գոտու համար: Երկու բռնցքամարտիկներն էլ իրենց պրոֆեսիոնալ կարիերան սկսել են միասին Գերմանիայում, ուստի ասուլիսում իրենց շատ հանգիստ էին պահումՙ զերծ մնալով բարձրագոչ հայտարարություններից:
«Ինձ համար մեծ բավականություն էր տեղեկանալ, որ մրցելու եմ Արթուր Աբրահամի հետ: Մենք միմյանց լավ ենք ճանաչում, միասին մարզվել ենք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայի սկզբում: Այսօր երկուսս էլ արդեն բավականին փորձառու ենք: Արթուրը կրում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ես էլ բավական հաղթանակներ եմ տոնել: Վերջին անգամ Աբրահամը չեմպիոնի տիտղոսը Բեռլինում պաշտպանել է 2007-ինՙ 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Խորեն Գեւորին: Իհարկե, Աբրահամի հատկանիշները չի կարելի թերագնահատել: Խորենն ինձ վրա լավ տպավորություն թողեց մենամարտի սկզբում: Նոկաուտն իրոք տպավորիչ էր», նշել է Մախիր Օրալը:
Հունիսի 27-ին Բեռլինի մարզասրահում կայանալիք մենամարտը Արթուր Աբրահամի համար աշխարհի չեմպիոնի տիտղոսի հերթական պաշտպանությունն է: «Բեռլինի մարզասրահում անցկացրած ելույթներիցս հաճելի հիշողություններ են մնացել, հատկապես Խորեն Գեւորի հետ մենամարտից: Դա շատ ծանր մենամարտ էր: 2003 եւ 2004-ին Օրալի հետ հաճախ ենք Քյոլնում մարզվել ու մենամարտել: Երկուսս էլ համառորեն մարզվում ենք: Կստեմ, եթե չասեմ, որ ցանկանում եմ հաղթել: Մենամարտից հետո էլ մեր հարաբերությունները ջերմ կմնան», հայտարարել է Արթուր Աբրահամը:
Արթուրի մարզիչ Ուլի Վեգներն էլ խոստացել է, որ մարզասերները մեծ բավականություն կստանան այդ մենամարտից. «Մախիրը հիանալի բռնցքամարտիկ է: Թող ռինգը որոշի, թե նրանցից ով է ուժեղ: Կարծում եմ, որ հետաքրքիր մենամարտ կստացվի, ինչը հաճույք կպատճառի մարզասերներին: Վերջին շրջանում բռնցքամարտի սիրահարները ստիպված են եղել հետեւել մի շարք անհետաքրքիր մենամարտերի, ուստի մենք ցանկանում ենք բռնցքամարտի իսկական շոու հրամցնել նրանց: Իհարկե, մենք ցանկանում ենք պահպանել մեր տիտղոսը, սակայն մեզ համար կարեւոր է նաեւ հանդիսականներին հաճույք պատճառել»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ