«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2009-06-03 | #102, 2009-06-04 | #103, 2009-06-05


ԿԱՎԵԼԱՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՑՈՂՆԵՐԸ

Կառավարությունը կընդլայնի գյուղերում անտոկոս վարկ վերցրած ձեռնարկությունների եւ անհատ ձեռներեցների շրջանակը: Այդ մասին լրագրողներին հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը : Նա նշեց, որ այս տարվա մարտից այդ փորձնական ծրագրի շրջանակներում ընդգրկված Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի 60 առավել խոցելի համայնքներին տրամադրվել են մի քանի տասնյակ վարկեր, որոնց 10 տոկոս տոկոսադրույքների մարումը պետությունը վերցրել է իր վրա:

Նախարարը տեղեկացրեց, որ ծրագիրը կշարունակվի մինչեւ այս տարեվերջ եւ հետագայում կընդգրկի արդեն նաեւ այլ մարզեր: Առաջին անգամ գյուղատնտեսական վարկ վերցնողներին պետությունը կսուբսիդավորի վարկի ողջ տոկոսադրույքը: Բացի այդ, պետությունը կսուբսիդավորի նաեւ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի եւ «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հիմնադրամի տրամադրած գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:

Տիգրան Դավթյանը հավանական համարեց հաջորդ տարվա բյուջեում այս ծրագրի համար առանձին տողով գումարների տրամադրումը: Նա նաեւ հավաստիացրեց, որ սուբսիդավորման ծրագրում ընդգրկվելու համար սահմանված են բավականին խիստ չափանիշներ, ինչը թույլ կտա զերծ մնալ դրանում խոշոր ձեռնարկություններ ընդգրկելուց:

Անդրադառնալով բանկերի վարկերի տրամադրման խնդիրներին, ֆինանսների նախարարը նշեց, որ կառավարությունը փորձում է վարկերի տրամադրումը խթանել նախ լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելով միջազգային կառույցներից եւ ավելացնելով վարկային առաջարկը: Այնուհետեւ, հատուկ ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով աջակցում է առավել հեռանկարային ընկերություններին` նրանց վարկեր ստանալու համար տրամադրելով պետական երաշխիքներ կամ մասնակցելով նրանց կապիտալին: Իսկ հիպոթեկային շուկան ակտիվացնելու համար քայլեր են ձեռնարկվում Հայաստանում հիպոթեկային նոր ընկերություն ստեղծելու:

Տիգրան Դավթյանը կարծիք հայտնեց նաեւ, որ համաշխարհային տնտեսության մեջ անկման երեւույթներն աստիճանաբար դադարում են եւ ի հայտ են գալիս կայունացման որոշակի միտումներ: Դրանց արտացոլումն, ըստ նախարարի, առաջիկայում կնկատվի Հայաստանի տնտեսության մեջ, որի արդյունքում վարկերի տրամադրման գործընթացը կվերադառնա իր նախկին հունին: Նա վարկերի կրճատման փաստը համարեց օբյեկտիվ իրողություն, որը բնորոշ չէ միայն Հայաստանի բանկային համակարգին: Բոլոր երկրներում էլ բանկերը դարձել են չափազանց զգուշավոր, քանի որ ռիսկերն ավելանում են, իսկ վարկառուների վճարունակությունը` նվազում:

Ֆինանսների նախարարը անդրադարձավ նաեւ կառավարությունից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պետական երաշխիքներով տրամադրված 10 մլն դոլար վարկին, ասելով, որ օրերս կոմբինատն արդեն ամբողջությամբ մարել է այդ վարկը: Միաժամանակ Տիգրան Դավթյանը նշեց, որ այդ վարկի շնորհիվ կոմբինատը կարողացավ շարունակել իր ներդրումային ծրագրերը եւ պահպանել հազարավոր աշխատատեղեր:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4